ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հայ-իտալական օրակարգի ծրագրերը

15:39     1 նոյեմբերի, 2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին:

Հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձևավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հատկանշական է համարել հայ-իտալական խորհրդարանական օրակարգերի կյանքի կոչումը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևի կարևորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը:


© armedia.am