Հայաստանի խորհրդարանում ցուցադրվել են շուշեցի հայազգի ճարտարապետների գործերը

16:52     9 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի  ներկայացուցիչներ:

Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք և վերածվել  Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսևորումներ, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ: «Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- ասել է  պատգամավորը:

Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել:


© armedia.am