Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը Կիևին փոխանցելու խնդրանքով

12:24     7 դեկտեմբերի, 2021

Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրում են Կիևին փոխանցել ամերիկյան զենքի մի մասը, որը նախատեսված էր Աֆղանստանի համար մինչև այնտեղ թալիբների իշխանության գալը։ Այս մասին երկուշաբթի գրում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ին խնդրել էր մեծացնել զենքի մատակարարումը, այդ թվում՝  այնպիսի համակարգեր տրամադրել, որոնք Վաշինգտոնը նախկինում չէր ուղարկել Կիև։ Ռեզնիկովը, մասնավորապես, օգնություն է խնդրել օդային և ռազմածովային պաշտպանության, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պատերազմի ոլորտում։

Բացի այդ, ըստ Foreign Policy-ի, Կիևը ցանկանում է ստանալ այն զինամթերքը, որը Վաշինգտոնը նախատեսում էր փոխանցել Աֆղանստանին՝ մինչ այդ երկրում թալիբների իշխանության գալը։ Բացի այդ, խոսքն ԱՄՆ-ին պատկանող Մի-17 ուղղաթիռների մասին է, որոնք տեխնիկական սպասարկում են անցնում Ուկրաինայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմը, ըստ ամսագրի, դիտարկում է մի շարք քայլեր՝ ուղղված ուկրաինական զինված ուժերի հզորացմանը, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում Ռեզնիկովի խնդրանքին։ Այդպես, Պետդեպարտամենտը և Պենտագոնը բանակցում են Կոնգրեսի հետ՝ Կիևին ավելի շատ հակատանկային զինատեսակներ տրամադրելու համար։ Վաշինգտոնը նաև ուսումնասիրում է Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հնարավորությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն իբր հնարավոր «ներխուժման» դեպքում ազդելու այլ տարբերակներ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնց հնարավորությունն ԱՄՆ-ը քննարկում է իր դաշնակիցների հետ։

Ընդ որում, Foreign Policy-ն ուշադրություն է հրավիրում, որ ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը և նրա թիմն ամբողջությամբ վերջին շրջանում փորձում են կենտրոնանալ «Չինաստանի կողմից աճող սպառնալիքի» վրա և փորձում են խուսափել քայլերից, որոնք կարող են «գրգռել Մոսկվային», «որպեսզի Ռուսաստանն այս իրավիճակում «շեղող գործոն» չլինի։


© armedia.am