ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 

Ուղերձում ասված է.

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետև 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը: Միևնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետև նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլև մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու և հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված և բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան:

2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխային պետական աջակցության ծրագիրը, երբ յուրաքանչյուր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնվող 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչև վեց տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն:

Այս ամենն ասում եմ՝ ի ցույց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականություն է, և 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին:

Նման որոշումներն, իհարկե, կապվում են ոչ միայն ֆինանսական, որքան ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Նման որոշումները կայացվում են առաջին հերթին ապագային հավատալով և ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագույն առաքելությունն է:

Մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը և մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ և մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է և փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:

Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաև կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ,

Հենց վերածննդին և խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց և նաև բազմաթիվ հնարավորություններ, և մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է:

Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ և թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար և նաև պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ:

Սիրելի ժողովուրդ.

2021 թվականը դժվար տարի էր, որը սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի և քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաև Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետև ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետև մինչև օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այսօր այո, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ և սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Եվ այո, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և արդյունք ստեղծելու հնարավորոթյունները պետք է աջակցություն ունենան և խթանվեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բարեփոխումները, որ իրականացնում ենք կրթության և գիտության ոլորտում, որովհետև հնարավորությունն այդպես էլ կմնա հնարավորություն, եթե մենք մեր քաղաքացուն դրանից օգտվելու հմտություն չհաղորդենք: Իսկ սա հնարավոր է անել միայն կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թվականին հաջողությամբ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքներով բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձեր արդեն իսկ բարձրացել են 30-ից 50 տոկոսով: Կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2022 թվականին և այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրավչությունն ենք բարձրացնում, այլև երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենյակ մտնեն միայն պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունեության արդյունքում մեր երեխաներն ու սերունդները կլինեն առավել մրցունակ:

Արդեն իսկ մեկնարկել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թվականին գործընթացի մեջ գտնվող ավելի քան 100 դպրոց կունենանք, առնվազն 100 մանկապարտեզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի բանաձևերը՝ համայնքների համար մանկապարտեզներ կառուցելու հնարավորությունն ավելի ընդլայնելու համար:

2022 թվականի պետական բյուջեով ավելի քան 80 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Արդեն հունվարի 1-ից գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան, ուշադրություն դարձրեք, 40-ից 165 տոկոսով՝ բայց սա ամենը չէ, և գործընթացը շարունակվելու է մինչև 2026 թվականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրավիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաև քաջալերում ենք գիտական հանրությանն ավելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տվյալներով, ոչ էլ քավ լիցի, վարդագույն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տևական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետևանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետևանք է, յուրաքանչյուրի տուն է մտել և քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին:

Բայց պատերազմի ու COVID-ի հետևանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետևանքով հայտնվել ենք զրոյական կետում և թերևս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող և վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: