ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը կախված է ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներից

Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև չորս ժամ տևած բանակցություններն, ինչպես և սպասելի էին, էական արդյունք չեն տվել։ Դրանց մասին առաջինը խոսեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ապա մեկնաբանություններ հնչեցին Ռուսաստանի ԱԳՆ-ից ու ՌԴ ՊՆ-ից։ Երկու կողմերն էլ ընդգծեցին, որ Եվրոպայում ռազմական հակամարտության վտանգը դեռևս շարունակում է իրական մնալ։

Նախ նշենք, որ քննարկումները տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից վերջերս ներկայացված առաջարկների շուրջ։ Մոսկվան Արևմուտքից իրավական փաստաթղթով ամրագրված անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ դաշինքի ընդլայնումն արևելյան ուղղությամբ բացառելու, Ուկրաինային կամ նախկին ԽՍՀՄ այլ երկրի ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու և Արևելյան Եվրոպայի երկրներից ռազմական ենթակառուցվածքներն ու դաշինքի ուժերը դուրս բերելու համար։ Այլ կերպ ասած, բանակցությունների սեղանին են դրված ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար բավականին զգայուն հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռևս զգալի տարաձայնություններ ունեն, և դրանց վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ գտնելու համար ժամանակ է անհրաժեշտ։

Իրականում կողմերը ներկայումս լարվածությունն ինչ-որ չափով թուլացնելուց բացի, դեմք պահելու նպատակ են հետապնդում և փորձում են անել ամեն հնարավորը նախևառաջ խուսափելու իմիջային հարված ստանալուց՝ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ՆԱՏՕ-ն՝ որպես անդամ-պետությունների անվտանգության երաշխավոր և կառույցին անդամակցել ցանկացող պետություններին աջակցող։ Իսկ դեմք պահելու հանգամանքն իրականում էլ ավելի պայթունավտանգ է դարձնում առանց այդ էլ լարված իրավիճակը։ Եթե անգամ կուլիսների հետևում ՆԱՏՕ-ում բանավոր համաձայնվեն չընդլայնվել դեպի արևելք և որոշում կայացնեն Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը չընդունելու վերաբերյալ, միևնույն է ՆԱՏՕ-ն պատրաստ չէ, ինչպես Ռուսաստանն է պահանջում, այդ համաձայնությանը գրավոր իրավական ամրագրում ապահովել, քանի որ դա կընկալվի որպես դավաճանություն ՆԱՏՕ-ի կազմից դուրս գտնվող դաշնակիցների նկատմամբ: Մի կողմից ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Ուկրաինային մոտ ժամանակներս ընդունել իր կազմ (այդ մասին են վկայում Սթոլտենբերգի վերջին շրջանում արված հայտարարությունները), մյուս կողմից չի կարողանում հրաժարվել իր խոստումներից, ավելին՝ հնարավոր եղանակներ է քննարկում հնարավորինս անվնաս մանևրելու համար։  Իսկ Ռուսաստանն ամեն գնով փորձում է հասնել, ոչ թե բանավոր պայմանավորավածության, ինչպես դա եղել է ԽՍՀՄ տարիներին, այլ գրավոր իրավական երաշխիքների։  

Սակայն հարկավոր է նշել, որ այդ երաշխիքների ապահովումը կապված է ոչ այդքան ՆԱՏՕ-ից, որքան առանձին վերցրած ԱՄՆ-ից։  ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին չպետք է այդքան կարևորություն տալ, քանի որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև, իսկ դաշինքը «հարմարվում է» դրանց արդյունքներին։ Հետևաբար, թե ինչ ընթացք կստանան Արևմուտք-ՌԴ հարաբերությունները կախված են երկու գերտերությունների՝ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներից, որոնք արդեն իսկ մեկնարկել են Ժնևում։  

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: