ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել:  

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: 
Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և  Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
***
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:
 
Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ  Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:
Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին:  Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ  առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից: 
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: