ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ պատուհասած պատերազմը դեռ ավարտված չէ. Գարեգին Բ

Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ, փոխանցում է Aysor.am-ը։ 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերել է իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:
  
Անդրադառնալով Սրբոց Ղևոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է․ «Ղևոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որը խորհուրդ և առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում։ Սրբոց Ղևոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին և Եկեղեցին նախանձախնդրության, ազգային և հոգևոր ինքնության պահպանման ջատագովության և հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության։
 
Այսօր Սուրբ Ղևոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանության հրամայականը չի վերացել։ Փոխվել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրավերները։ Մեր ժողովուրդը կանգնած է նույնական մարտահրավերների առջև, առկա է նաև ճակատը, ուր պայքար է մղվում հանուն մեր ավանդական սրբազան արժեքների հարատևության, մեր ինքնության պահպանության և մեր ապագայի։ Եկեղեցին մեծ առաքելություն, ավելին՝ պատասխանատվություն ունի այդ արժեքների պաշտպանության ու զորացման գործում»։

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղևոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսևորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում։

«Իբրև Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր և անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երևույթների նկատմամբ, որովհետև մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման աշխատանքների, այլև կրողը ծանր լուծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության և տրտմության։ Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ։ Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում և տիրույթներում։ Չի դադարում հայատյացության և թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բևեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծել է Հայոց Հովվապետը՝ կարևոր համարելով, որ նման բարդագույն իրադրության մեջ առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և վիրավորների ընտանիքների հետ։

Նորին Սրբությունը խնամատար ծառայության մեջ մեծապես կարևորել է նաև քրիստոնեական դաստիարակության և կրթության ծրագրերի խթանումը՝ հայորդիների հոգիներում զորացնելու հավատքն առ Աստված և սերն առ հայրենին ու մեր սրբազան արժեքները։ Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրել է, որ բոլոր ծխերում պետք է հնարավորինս ձևավորվեն կիրակնօրյա դպրոցներ, հովվություններից ներս մասնավոր ուշադրություն պետք է դարձվի երիտասարդությանը, նրանց առավել գործուն ներգրավմանը եկեղեցական-ծխական կյանքում, ծխերից ու թեմերից ներս տարվող սոցիալական, կրթական աշխատանքներում։

Վերջում Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված հայրենի երկրի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության ու անվտանգության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակների բարեշեն կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: