ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը նախատեսում է վերանայել փակ տարածքներում դիմակների կրման պահանջը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը: Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում: Եվ, կարծես, «դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո:

Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն: Բայց, միևնույն է, այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստված չեն, ունեն քրոնիկ հիվանդություններ, լինում են նաև ծանր դեպքեր և, ինչպես տեսնում եք, ունենք մահվան դեպքեր: Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել և մանավանդ՝ տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք: 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով մենք ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք այդ ցուցանիշն ավելացնելու: Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 080715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9 տոկոսը և երկրորդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ: Ունենք արդեն 20 169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափ»,-ասել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթվանից կնախատեսվեն հիվանդանոցների հետծավալման և մահճակալների կրճատման աշխատանքներ:

Վարչապետի խոսքով՝ հիմնական նորությունն այն է, որ առկա է ամենօրյա թվերի հաստատուն նվազում, վերջին շաբաթվա ընթացքում՝ մի փոքր ավելի. «Ես ուզում եմ հիշեցնել, որ «օմիկրոնի» մուտք գործելու դեպքում, ինչպես և սպասում էինք, օրական աննախադեպ թվեր ունեցանք, մինչև 4500-ի կարգի: Բայց դրանից հետո, մեր թվերը կայուն նվազում են: Մասնագետները ասում են, որ այդ թվերի նվազման տեմպը շարունակվելու է: Հիմա փաստորեն մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը: Այսինքն՝ նույնիսկ փակ տարածքներում մենք պարզապես դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակ»:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ հիմնվելով տվյալների վրա և վերարատադրողության ցուցանիշի վրա կանխատեսվում է, որ առաջիկայում ևս հիվանդացության դեպքերի նվազման տեմպը պահպանվելու է: «Մեր սահմանափակումները նաև դիտարկում ենք այլ երկրներում հակահամաճարակային կանոնների վերանայումներին, մասնագիտական, ԱՀԿ-ի և այլ խորհրդատվություններին համահունչ: Այս շաբաթվա ընթացքում տենդենցի պահպանման շրջանակում մենք, վերանայելու ենք որոշ սահմանափակումներ: Դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին, օրինակ՝ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր, որովհետև այնտեղ ունենք բարձր ռիսկայնություն: Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ գտնվում են այլոց հետ փակ տարացքում՝ շատ մարդկանց շրջանում: Բայց կրելու պարտադիր բնույթը վերանայվելու է»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: