ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաստատվել է բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ ծրագրի նպատակը բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավումն է և քաղաքաշինական ներուժի իրացումը՝ բնակարանի/բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքներն ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորելու միջոցով: Վիճակագրական տվյալների համաձայն, ՀՀ-ում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որի շուրջ 80 տոկոսը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և այդ ֆոնդի զգալի մասում սեփականաշնորհման գործընթացից ի վեր վերանորոգման աշխատանքներ, նաև էներգաարդյունավետության միջոցառումներ չեն իրականացվել: Դրանով պայմանավորված՝ տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները և դրանց կեսից ավելին կարելի է համարել էներգետիկ աղքատ: Խնդրին զուգահեռ, 2020-2022թթ. Քովիդ-19 համավարակով, 44-օրյա պատերազմով, ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով պայմանավորված՝ արձանագրվում է քաղաքաշինության ոլորտի աշխատուժի սահմանափակ արտահոսք, և անհրաժեշտ է մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար հիմք ընդունել հետևյալ ցուցանիշները. վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանների համար՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով: Որոշման ընդունումից հետո մինչև 2022թ. մայիսի 20-ը կմշակվի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, ընթացակարգերը, շահառուներին ներկայացվող պահանջները, մշտադիտարկմանը և հաշվետվողականությանը վերաբերող պահանջները: Ծրագիրը կմեկնարկի Կառավարության կողմից դրա իրականացման կարգը հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023թ. հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է այս ծրագրի հիմքում դրված տրամաբանությանը՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախագծի անունը մի քիչ երկար է, բայց կարճ անուն ունենք նաև՝ այն կոչում ենք «Բնակարանների ռենովացիայի ծրագիր» և հույս ունենք, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Ինչո՞ւ: Բոլորդ գիտեք, որ նաև Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մեր մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց հսկայական մասն ուղղակի չի օգտագործվում վերջին 30-40 տարում, կախված հանգամանքներից՝ չի օգտագործվել: Եվ չնայած մարդիկ, ընտանիքներ ապրել են այդ տարածքներում, բայց բնակարանների զգալի մասը, ըստ էության, լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք, հետևյալն է. այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը, և աճել են գները: Երրորդը՝ հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ:

Մենք մտածել ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակում քաղաքացիներին առաջակում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի՝ վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: Սա էլ կարևոր կոմպոնենտն է: Որովհետև այդ ներդրման դիմաց մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի: Ի՞նչ ենք ակնկալում, որ քաղաքացիներն այդ մեծ բնակարանների հետ անեն՝ ակնկալում ենք, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն այնտեղ, որտեղ պետք է, առանձին մուտք վարձեն, առանձին սանհանգույց ստեղծեն և այլն, որ իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան նաև վարձով տալ, տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել: Եվ, ի վերջո, ակնկալում ենք, որ եթե այս աշխատանքը մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի, կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի, և նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում:

Հաջորդ կարևոր կոմպոնենտը, որի մասին արժե խոսել: Պարոն Ղուլարյանն արդեն ասաց, որ ծրագրի ընթացքավորման կարգը դեռ պետք է մինչև մայիս մշակվի: Այստեղ նրբությունը հետևյալում է՝ շատ կարևոր է, որ ծրագիրն առավելագույնս բովանդակային լինի: Այս խնդրի պատասխանատվությունը, ըստ էության, ընկնում է բանկերի վրա, որպեսզի նրանք առավել ճշգրիտ շահառուին գտնեն, և ծրագիրը ճշգրիտ կազմված լինի, որպեսզի այս գումարները ծախսվեն նպատակային:

Կառավարությունն ասում է՝ մենք այս ծրագիրն անում ենք, բանկեր և քաղաքացիներ՝ իրար հետ աշխատեք: Ո՞րն է կառավարության դերը՝ մինչև 14 տոկոս այս վարկերի տոկոսադրույքները կառավարությունը սուբսիդավորում է, փակում է տոկոսները քաղաքացիների փոխարեն՝ կախված մարզերից, աշխարհագրությունից: Այսինքն՝ սուբսիդավորում է մինչև 0 տոկոս: Սահմանամերձ գյուղերում մենք սուբսիդավորում ենք, վարկը 0 տոկոս է լինում: Վարկի գումարը սահմանամերձ գյուղի բնակիչները փակում են, տոկոսները փակում է կառավարությունը. ոչ սահմանամերձ գյուղական համայնքների, բնակավայրերի համար իրենք 2 տոկոս կվճարեն, մնացած 12 տոկոսը կվճարի կառավարությունը, ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս կվճարեն, մնացած 11 տոկոսը կվճարի կառավարությունը, Երևան քաղաքում՝ 5 տոկոսը կվճարեն, մնացած 9 տոկոսը կվճարի կառավարությունը:

Շատ կարևոր է ծրագիրը ճշգրիտ, առավելագույնս բովանդակային իրականացնել: Էներգախնայողության ծրագիր ասելով ինչ նկատի ունենք՝ նկատի ունենք համապատասխան պատուհաններ, դռներ, օրինակ՝ մետաղապլաստե: Դրանով նաև համապատասխան արտադրություններին խթան ենք տալիս: Եթե որևէ տուն արդեն ունի մետաղապլաստե պատուհաններ, պատերի մեկուսացման մասին կարելի է խոսել, եթե դա էլ ունի, կարելի է խոսել արևային պանելների տեղադրման մասին և այլն: Այսինքն՝ ծրագիրը բազմաշերտ է, մենք խթանման քաղաքականություն ենք վարում և հույս ունենք, որ մեր քաղաքացիներն ակտիվություն կցուցաբերեն: Ընդ որում, մենք սահամանափակումներ չենք դնում. սա ծրագիր է բոլորի համար: Մյուս կողմից, ռիսկ կա, որ այս ծրագիրը կարող է այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերել, որ բյուջեի համար շատ մեծ ծանրաբեռնվածություն լինի: Դրա համար մենք որոշակի քվոտաներ ենք սահմանում՝ 1 տարի ժամկետով, և առաջին փուլում 10000 այդպիսի վարկ կտրամադրենք և կգնահատենք հետագա ընթացքը բանկային համակարգի հետ. եթե տեսնենք, որ 1 տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, ծրագիրը կարելի է դարձնել շարունակական: Ինչու՝ որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք, մեր բնակֆոնդի հսկայական մասը մաշված է: Հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում»:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացման գործընթացում բանկային համակարգի ակտիվ ներգրավվածությունը և Կենտրոնական բանկի նախագահի ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը զեկուցել է, որ նախատեսված ժամկետում շահագրգիռ գերատեսչությունները կշարունակեն ծրագրի լրամշակման աշխատանքները, և հաշվի առնելով միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի հետաքրքրվածությունը էներգետիկ աղքատության ցուցանիշի կրճատման հարցում, նրանք ևս կմասնակցեն գործընթացին:


0 տոկոս մաքսատուրք՝ 2022 թ. Հայաստան ներմուծվող 6400 էլեկտրամոբիլի համար. ընդունվել է համապատասխան որոշում

Գործադիրը որոշում է ընդունել 2022թ. ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022թ. մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022թ. համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 հատ չափաքանակով, որի շրջանակում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։ Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն՝ 2022թ. հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար՝ մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար: Նախարարը նշել է, որ որևէ լրացուցիչ գործողություն անելու կարիք չկա՝ մարդիկ ինչպես սովորաբար ներմուծում են մեքենան, այդպես էլ պետք է շարունակեն անել՝ լրացնելով սակագնային արտոնությամբ մաքսազերծման հայտարարագիրը, որն էլ ավտոմատ կերպով տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն: Նրա խոսքով՝ որոշում կա նաև հաջորդ տարվա համար, 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չի բաշխվում՝ կախված իրադարձությունների զարգացումից: Ներմուծումը պետք է իրականացվի Գյումրիի ավտոմաքսատանը, ամսական կտրվածքով կհրապարակվեն քանակական տվյալներ ներմուծման ծավալի և քվոտայի օգտագործման վերաբերյալ:

Կարևորելով որոշման ընդունումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում կար էլեկտրոմոբիլների վրա սահմանված մաքսատուրք, և որոշում կայացվեց մաքսատուրքից ազատել որոշակի թվով մեքենաներ: Բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստացել է 7000 մեքենայի քվոտա 2022թ. ընթացքում: Սա նշանակում է, որ 12.5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, և այս մաքսատուրքը հանվում է, եթե շատ կոպիտ ասենք՝ առաջին 6400 ներմուծողների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր արդեն ներմուծել են այս ընթացքում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք դեռևս 2019 կամ 2020թ. էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել ենք ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել, այսպես ասած, համեմատաբար 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով մեքենաները: Հետևաբար կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, մանավանդ մյուս տարի ևս 8000 մեքենայի քվոտա ենք ունենալու: Բայց պետք է ասենք, որ հաշվարկը լինելու է ֆիզիկական, այսինքն՝ հենց 6400 մեքենայի քվոտան լրացավ, 6401-ն արդեն պետք է մաքսատուրք վճարի: Իհարկե, ավելացված արժեքի հարկ չի վճարի, որովհետև դա սահմանված է մեր ներքին օրենսդրությամբ: Մենք 600 քվոտա պահում ենք, այսպես ասած, չնախատեսված դեպքերի համար, եթե անհրաժեշտ կլինի որոշում կայացնել՝ կոնկրետ իրավիճակներից ելնելով»: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որոշումը լավ առիթ է էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու, նաև դրանց լիցքավորման և սպասարկման ոլորտում ներդրումներ անելու համար:


Վերանայվել են գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների հետևանքներին և արժույթի շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխան գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ:

Էկոնոմիկայի նախարարը, մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների և ՌԴ ռուբլու արժեքազրկման պատճառով Հայաստանից ապրանքների արտահանման և արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրները դժվարություններ են առաջացրել նախկինում ներգրավված վարկերի սպասարկման հարցում, և անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում նախկինում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները։ Որոշմամբ շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021թթ. ներգրավված վարկերը։ Գրավի ապահովման միջոցի անբավարարության դեպքում տրամադրվող բյուջետային երաշխիքների շնորհիվ շահառուները կարողանան շարունակել օգտվել Ծրագրից և հնարավորություն կունենան կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։ Վ. Քերոբյանը հավելել է, որ այս տարի որոշումը կայացվում է նախօրոք՝ ի տարբերություն նախորդ տարվա, ինչը կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը և կխթանի գյուղմթերքի մթերման և արտահանման ծավալի ավելացումը: Նրա խոսքով՝ 2021թ. 5.4 մլրդ դրամի պետական երաշխիք է տրվել 9 ընկերության, ակնկալվում է, որ այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի:

Վարչապետ Փաշինյանը որոշման առնչությամբ ասել է հետևյալը. «Մենք, ըստ էության, մթերող ընկերություններին ասում ենք գյուղացիների հետ կնքեք պայմանագիր՝ խաղողի համար՝ մինչև հուլիսի 1-ը, բանջարաբոստանային մյուս կուլտուրաների և մրգերի համար՝ մինչև հունիսի 1-ը: Սա նշանակում է, որ մթերողները որոշակի մրցակցություն պիտի ցուցաբերեն, և գյուղացին հնարավորություն ունի՝ եթե մի մթերող իրեն առաջարկում է իքս գնով, և իրեն ձեռնտու չէ այդ գինը, ինքը կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գին պայմանավորվել: Եվ, հետևաբար, երբ պայմանագիրը կնքված է, գյուղացու համար կանխատեսելի է՝ ինքը երբ, ում, ինչքան գյուղմթերք պետք է մատակարարի և դրա դիմաց ինչ պետք է ստանա:

Այստեղ շատ կարևոր է, որ մենք, այո, պետական երաշխիքի որոշակի հատված ենք մտցնում՝ որոշակի չափանիշներով: Ի՞նչ է սա տալիս ընկերություններին. շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ՝ գրավադրելու գույքն արդեն ամբողջությամբ գրավադրել են, և բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որպեսզի նոր միջոցներ ներգրավեն և ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար այս 50 տոկոս պետական երաշխիքը նոր՝ առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է և եթե տարին վիզուալ խոստանում է նաև գյուղատնտեսական առումով բարենպաստ լինել, եթե մեր հարգարժան և սիրելի գյուղացիները առավելագույնն անեն ջրախնայողության ռեժիմը պահելու համար, այսինքն՝ ջուրն օգտագործեն առավելագույնս արդյունավետ, մենք կունենանք լավ գյուղատնտեսական տարի: Մենք հիմա այս միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի վերջին պահին կամ վերջին օրերին, վերջին շաբաթներին ստիպված չլինենք արագ ինչ- որ օպերատիվ որոշումներ կայացնել, այլ որոշակի ինստիտուցիոնալ հենքի վրա դնենք այդ հարաբերությունները»:

Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել վերահսկողական գործիքակազմի ուժեղացման անհրաժեշտության վրա՝ նկատի ունենալով պետական երաշխիքի տրամադրման հանգամանքը: «Ակնկալում ենք, որ այդ ընկերությունները պատշաճ ձևով կսպասարկեն վարկերը, և աջակցությունը պատշաճ նպատակին ծառայի: Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այսպիսի կոմպոնենտ ունենք՝ երբ վարկն սկսում է մարվել, առաջինը նախ պետական երաշխիքի կոմպոնենտը պետք է մարվի, հետո արդեն բանկի և ընկերության հարաբերությունները ընթացքավորվեն: Սա այս որոշման ևս շատ կարևոր առանձնահատկություն է, որը պետք է իմանալ», - շեշտել է վարչապետը:


Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով

Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ որոշմամբ առաջարկվում է 2022թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750.192.000 դրամ գումար: Նա նշել է, որ առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է ՀՀ-ում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում, և հատկացվող գումարը կուղղվի մրցաշարի շրջանակում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերին, գովազդային, տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացմանը, բացման հանդիսավոր արարողության և այլ միջոցառումների կազմակերպմանը: Որոշվել է գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Առաջնությունը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում, մասնակցելու է 40 երկրից շուրջ 400 ներկայացուցիչ՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ պատվիրակներ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման ևս մեկ նախագիծ՝ կազմակերպչական այլ ծախսերի մասով:

Վարչապետ Փաշինյանը որոշման առնչությամբ ասել է. «Այս տարի Հայաստանում 2 խոշոր միջազգային միջոցառում ունենք՝ մեկը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, մյուսը՝ Մանկական եվրատեսիլի մրցույթը, և տրամադրված ենք այս միջոցառումներն իրականացնել հնարավորինս ամենաբարձր մակարդակով: Պարոն Դումանյանը նշեց, որ ընտրվել է ընկերություն: Պետք է արձանագրել, որ ճիշտ է, գնման ընթացակարգերը տեղի են ունեցել մեկ անձից գնման եղանակով, բայց տեղյակ եմ, որ 6 ընկերությունների իրականացվել է գնային հարցում, որոնցից 3-ը դիմել են իրենց առաջարկներով, և հանձնաժողովի քննարկման արդյունքում ընտրվել է իրականացնողը: Պետք է արձանագրենք, որ իսկապես շատ կարևոր ստուգատես է Հայաստանի համար»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զեկուցել է կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով. «Պարոն վարչապետ, Ձեր որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր է գումարում, և այս պահի դրությամբ բոլոր ուղղություններով որոշումները կայացված են, աշխատանքները տարվում են: Միջոցառման կազմակերպման հետ կապված խնդիրներ չենք ունենալու, այս պահի դրությամբ սպասում ենք մինչև 40 երկրի և ավելի քան 200 մարզիկի մասնակցություն: Պետք է ասեմ, որ նախորդ հատկացումներով Մարզահամերգային համալիրում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են տարվում: Մարտի վերջին մենք նաև պատվիրակություն ենք ունեցել բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիայից, և պետք է ասեմ, որ նրանք գոհունակությամբ են հեռացել Հայաստանից, այսինքն՝ աշխատանքները պատշաճ կերպով ընդունել են: Մենք սպասում ենք մարզիկներին ժամանմանը, և լավագույնս կանցկացնենք առաջնությունը:

Բացի Ձեր նշած 2 միջոցառումից, համալիրում Հայաստանի համար նորություն է լինելու կենսաբանության միջազգային օլիմպիադան՝ մենք չենք անցկացրել նման կարգի դպրոցական առաջնություն, և սեպտեմբերին «STARMUS» գիտության և երաժշտության փառատոնը: Երեկ քննարկում ենք ունեցել, և կազմակերպիչները գոհ էին՝ տեսնելով համալիրում ընթացող վերանորոգման աշխատանքները: Սա բավական լավ սկիզբ է՝ հաջորդ տարիներին արդեն միջազգային մրցաշարեր ընդունելու համար: Տեղեկացնեմ Ձեզ, որ քննարկումներ կան, մենք ընդունել ենք ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարությանը և հայտ ենք ներկայացրել՝ հաջորդ տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ՀՀ-ում՝ Երևան քաղաքում անցկացնելու համար: Ընդհանուր լավ ընկալում կա, և ամենայն հավանականությամբ մեր այդ հայտը կբավարարվի»:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու հայտը կբավարարվի և ընդգծել. «Մեր քաղաքականությունն այն է, որ այո, մենք պետք է փորձենք ավելի հաճախ, պարբերաբար միջազգային մակարդակի մրցումներ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Դա կարևոր է մի քանի առումներով: Առաջինը՝ ոչ միայն զանգվածային սպորտի խթանման, այլև Հայաստանի միջազգային իմիջի, տուրիստական հոսքերի խթանման առումով: Իհարկե, այդ համատեքստում մենք լրջագույն ենթակառուցվածքային ներդրումներ ենք անում պետական գույք հանդիսացող կառույցներում, տվյալ դեպքում՝ Մարզահամերգային համալիրում: Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ շարժվելը ճիշտ է, որովհետև սա լրացուցիչ իր հետ բերելու է նաև տնտեսական էֆեկտներ:

Եվս մեկ հանգամանք՝ պարզ է, որ հիմնական ենթակառուցվածքները Երևանում են, բայց հաշվի առնելով, որ մի շարք այլ ծրագրեր ենք իրականացնում, հետագայում պետք է մտածել միջազգային մրցաշարերը հնարավորինս մարզեր տանելու ուղղությամբ: Հիմա Գյումրիում մեծ ներդրում է արվում, և որքան հիշում եմ, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը կառուցվում է այնպես, որ այնտեղ հնարավոր է նաև միջազգային մակարդակի մրցաշարեր իրականացնել: Եվ այսպես շարունակ: Սա շատ կարևոր է, և ներդրումային ծրագրերն իրականացնելիս այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել, որովհետև երբ ասում ենք տարածքային համաչափ զարգացում՝ դա միայն ճանապարհը չէ: Դա նաև նշանակում է մարզական, կրթական, զբոսաշրջային, բիզնես ենթակառուցվածքներ, և այս ուղղությամբ պետք է հետևողականորեն առաջ շարժվենք»:

Ամփոփելով նիստը՝ երկրի վարչապետը նշել է, որ Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստին առաջին անգամ է մասնակցում որպես Արտակարգ իրավիճակների նախարար, շնորհավորել նրան և հաջողություն մաղթել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: