ԵՐԵՎԱՆ 36 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,91 EUR - 417 դրամ -0,56 RUB - 6 դրամ -0,66 GBP - 492 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին. Մակրոնը ուղերձ է հղել նախագահ Խաչատուրյանին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ ուղերձում մասնավորապես նշվում է.

«Այսօր ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915թ.֊ի Հայոց ցեղասպանության 107-րղ տարելիցը: Հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունը պարտավորեցնում է շարունակել պայքարն ատելության և բռնության դեմ, ինչպես, ցավալիորեն, այդ մասին մեզ հիշեցնում են եվրոպական մայրցամաքում ներկայումս ծավալվող իրադարձությունները:

Ահա թե ինչու, 2019թ.-ին հանրապետական օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս արժանահիշատակ ամսաթիվը նաև հիշեցնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը և ոմանց երբեմն զոհողության հասնող հանձնառությունն ի սպաս բոլորի:

Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը: Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է:

Ահա թե ինչու, ցեղասպանության ժխտումը պետք է անխոնջ կանխել մասնավորապես դպրոցական միջավայրում: Եվրոպական մակարդակով մշակում ենք իրավական գործիքներ՝ համացանցում զսպելու ատելության խոսքը: Եվրոպական միության խորհրդում մեր նախագահությունը հնարավորություն է մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտին հասցնելու թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը:

Ոգեկոչման այս տխուր օրը մենք նայում ենք նաև դեպի ապագան: Այս օրը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, որի վառ ապացույցն է Ծիծեռնակաբերդում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրը:

Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ սատարելու վերջինիս ժողովրդավարական գործընթացին և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Դուք լավ գիտեք, թե որքան եմ կարևորում բոլոր մակարդակներում մեր կապերի ամրապնդումը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 1,03 կմ/ժ
36 C°
 
39°  23° 
15.08.2022
40°  24° 
16.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: