ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը փոփոխել, և «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում ներառել այն անձանց, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Նախագծով նախատեսվում է իրականացնել ուսումնասիրության ժամկետի երկարաձգում և ժամկետը համարել երկարաձգված նաև այն ուսումնասիրությունների համար, որոնք սկսվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և շարունակվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ։ Այսինքն, բովանդակային առումով նախատեսվում է օրենսդրական ակտով երկարաձգել սկսված, բայց չավարտված հայցային վաղեմության ժամկետները։ Նախագծով առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաև այն դեպքերի համար, երբ նշված անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը։

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Այստեղ պետք է երկու արձանագրում և խոստովանություն անենք. համակարգը, եթե ես ճիշտ եմ հիշում, ներդրվեց 2020 թվականի սեպտեմբերից և այդ ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից էլ, հետո պոստֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալներն այնքան մեծ են, որ մեր ակնկալիքները, համենայնդեպս, այս պահի դրությամբ այդքան էլ չեն արդարանում: Նաև պետք է արձանագրել, որ հասկանալի պատճառներով այս պրոցեսների նկատմամբ կա որոշակի դիմադրություն և դատարանում, ինչքան ինձ տեղեկացրել են, այսպիսի պրակտիկա կա. քանի որ Սահմանադրական դատարանում վիճարկվել է ընդդիմության կողմից օրենքի սահմանադրականությունը, գործերը նաև այդ պատճառով առաջ չեն գնում: Հիմնականում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը կասեցվում են դատարանում, մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ այս ոլորտում մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այնքան էլ գոհ չենք և, բնականաբար, հանրությունն էլ գոհ չէ: Մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ առաջ գնալ, դա է արդյունքի հասնելու և արդյունքն արձանագրելու միակ ճանապարհը»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությամբ հսկայական աշխատանք է իրականացվել, որոնք անցնում են սահմանված ընթացակարգերով. «Այս պահի դրությամբ արդեն դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտված ունենք: Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու, և կարծում ենք՝ սա լավ փորձ և ազդակ կլինի, որ առավել նախընտրելի են համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները: Հետևաբար, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում ի հայտ եկած այսպիսի խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվելիք այս փոփոխությունը եթե արագ կյանքի կոչվի, ապա կնպաստի աշխատանքների արդյունավետ իրականացմանը»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համաձայնության գալու հնարավորությանը և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ դա օրենքով է նախատեսված, որը վերաբերվում է հետևյալին, եթե ճիշտ եմ հիշում՝ 25 տոկոս-75 տոկոս համամասնությամբ հայտնաբերված գույքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում, որից 75 տոկոսն, արտադատական կարգով կամ վերջում բոլոր դեպքերում համաձայնությունն էլ դատարանն արձանագրում է, հանձնվում է պետությանը, 25 տոկոսը թողնվում է ի տնօրինություն այն սուբյեկտին, որի նկատմամբ վարույթն իրականացվում է: Այնուամենայնիվ, պետք է նաև հաշվի առնել, որ այդ գործերը պետք է գնան դատարան և դատարաններում հանգուցալուծում ստանան: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը ստեղծելու ընթացքի մեջ ենք: Պետք է ուղիղ ասել, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում, և մենք էլ, որպես կառավարություն, գոհ չենք մեր արձանագրած արդյունքներից: Եվ հանրությունն էլ գոհ չէ, որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դատական համակարգը, ինչպես ավանդաբար եղել է, ամենացածր վստահություն ունեցող համակարգ, այնպես էլ շարունակում է այդպիսին մնալ: Բայց մենք այդտեղ էլ չպետք է նպատակը կորցնենք և պետք է հստակ շարժվենք դեպի անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ: Ունե՞նք այսօր արդյոք այդպիսի վիճակ, եկեք ուղիղ խոստովանենք՝ ո՛չ, չունենք, պիտի՞ արդյոք հետևողականորեն շարունակենք այս ուղղությամբ աշխատել՝ այո՛, պիտի հետևողականորեն շարունակենք աշխատել՝ այս գլխից իմանալով որ դա հեշտ աշխատանք չէ, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում միջազգային լեգիտիմությունն ապահովելու, այդ թվում՝ ներքին լեգիտիմությունն ապահովելու պրոցեսների, ի վերջո նաև կարողանալու հաղթահարել այն արմատացած դիմադրությունը, որը մենք տեսել ենք, տեսնում ենք և դեռ էլի որոշ ժամանակ կշարունակենք տեսնել»:

2023 թ. հունվարի 1-ից նախատեսվում է դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելու նպատակադրմամբ: Ըստ հիմնավորման, ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիորեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։ Նախագծերով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Առաջարկվում է նաև, պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները, համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, և հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց: Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է փոխել նաև ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն): Նախատեսվում է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։ Մասնավորապես, նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ռոյալթիի տեսքով հավաքագրել այնքան լրացուցիչ գումար, որը գրեթե համարժեք կլինի ներկայումս պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումարի կեսին։ Ընդ որում, ներկայումս պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումար ասելով՝ ի նկատի է առնվում պետական տուրքի տեսքով փաստացի հավաքագրվող գումարի շուրջ 70 տոկոսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գումարի մնացյալ 30 տոկոսը, միևնույն է, շահութահարկի և ռոյալթիի տեսքով հավաքագրվելու էին, եթե պետական տուրքի համակարգը ներդրված չլիներ, և եթե վճարված պետական տուրքի գումարները նվազեցված չլինեին շահութահարկի և ռոյալթիի հաշվարկման բազաներից՝ որպես համախառն եկամտի նվազեցումներ։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ թեման բավական երկար ժամանակ է քննարկվել. «Մենք արձանագրում էինք, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներն այն մակարդակի չեն, որ պետք է լինեն: Մյուս կողմից էլ՝ ռոյալթիի համակարգի բարեփոխումը մեր օրակարգում էր, բայց նաև մեզ որոշակի ժամանակ էր պետք դրա վրա աշխատելու համար: Դրա համար որոշում կայացվեց և նախորդ տարի սեպտեմբերից, ըստ էության, սկսեց գործել արտահանման տուրքը: Գները, ինչպես գիտեք, անկանխատեսելի են, և մեր ընկալումը հետևյալն է՝ այնպիսի նշաձողեր սահմանենք, որ երբ գներն անկում ապրեն, մենք հարկային այնպիսի համակարգ ունենանք, որն ընկերություններին հնարավորություն կտա ցածր գների պայմաններում շարունակել իրենց աշխատանքը՝ նաև պահպանելով աշխատատեղերը, բնականոն զարգացումը և այլն: Իսկ բարձր գնային պայմաններում վճարվող հարկերի թիվն էականորեն լինի ավելին»:

Վարչապետի խոսքով՝ ռոյալթիի համակարգի քննարկումը շատ բազմաշերտ է և բարդ. «Երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ Ազգային ժողովին առաջարկենք, որպեսզի ընդունեն այս տարբերակը: Մենք կարծում ենք, որ գտել ենք բալանսավորված մի որոշակի բանաձև, որով կկարողանանք ապահովել նաև պետական և հանրային շահը: Նաև հաշվի առնենք, որ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը շոշափելի բաժնեմաս ունի հիմնական արտադրողի մոտ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ այս առումով, կարծում ենք, որ որոշակի հավասարակշռության պիտի հասնենք, բայց բոլորս պետք է իմանանք, որ տուրքը մինչև 2023 թվականի հունվարի 1-ի շարունակելու է գործել և հունվարի 1-ից նոր սկսելու է գործել ռոյալթիի նոր համակարգը»:

Վարապետն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե ինչպես է կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր. «Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկ չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը հունվարից մինչև ապրիլի 20-ը 1 մլրդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ «Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերն այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, 1 մլրդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում»,- ասել է վարչապետը:

Կառավարության հավանության է արժանացել նաև «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապահովի կառավարության կողմից աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման կարգի սահմանման իրավական հենքը։ Կսահմանվի «թափոնների հեռացման վայրեր», «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» և «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը։ Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրերը շահագործողների կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության` կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը նախատեսվում է վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։

Հավանություն է տրվել նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման և բաշխման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։

Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար

Կառավարությունը հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: «Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչու՞, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը չեմ կարող ասել կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:

Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց -կամաց կանցնի մասնավորին. «Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են: «Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենաժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենանները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,-ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել: «Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նունիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Տեքստիլ հոմ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2018 թ. Հիմնադրված ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Ընկերությունը արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արտադրանքի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2024 թ. ավարտը, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ մինչև 190,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ:

Գործադիրը հավանություն է տվել «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել 22 600 000 եվրո: Ըստ այդմ նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում եղած ուղղությունները: Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ 2015 թ. մեկնարկած ծրագրի շրջանակում ստեղծվել են 136 նախակրթարաններ, հիմնանորոգվել՝ 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներով և այլն: Նախարարը հայտնել է, որ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, մասնավորապես, 80 բնակավայրերում նախատեսվում է ստեղծել մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան 300 երեխաներ, կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվեարզինվեն 4 ավագ դպրոցներ, 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5 ական լաբորատորիաներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոց-մանկապարտեզաշինությունը կապիտալ ծախսերի ոլորտից է և անհրաժեշտ է առաջիկա 5 տարվա ընթացքում ճիշտ բաշխել աշխատանքը: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ. «Նախ նշեմ, որ մեր գործընկերները գտնվում են Սյունիքի մարզում, իրականացնում են տեխզննման աշխատանքներ և աշխատանքները կավարտեն մոտ օրերս, դրանից հետո անմիջապես արդեն նախագծման համար մրցույթներ կհայտարարվեն: Կապանի բոլոր 13 կենտրոններն արդեն նախագծման աշխատանքներին ընթացք են տվել: Առաջիկայում նաև, կարծում եմ, հնարավորություն կունենանք սկսել նաև կենտրոնների շինարարական աշխատանքները: Հանրապետության մասշտաբով նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են և 37-ը կավարտվեն 2022 թվականին: Մանկապարտեզների մասով նշեմ, որ նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատանքներ՝ 88, և 58-ը կավարտվեն 2022 թվականին: Սրանք ամբողջական տվյալներն են: Այսինքն՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցված աշխատանքի արդյունքն են, այդ թվում նաև ներառված են կենտրոնները: 2022 թվականին սուբվենցիայից ունենք 178 հայտ, որոնք այս պահին քննարկման փուլում են: Մենք առաջին քննարկումները և աշխատանքային խմբի հանդիպումն ունեցել ենք այս շաբաթ, և շաբաթական կտրվածքով շարունակական կունենանք այս քննարկումները: 178 հայտից նախնական կարող եմ նշել, որ առնվազն կեսը համապատասխան կլինեն մեր որդեգրած քաղաքականությանը և սահմանված նշաձողի կատարման համար: Այս պահին առնվազն 38-ն ամբողջական, նոր մանկապարտեզներ կառուցելու վերաբերյալ հայտեր են սուբվենցիաների մասով: Նաև նշեմ, որ աննախադեպ ցուցանիշները նաև պայմանավորված են սուբվենցիայի համաֆինանսավորման չափի փոփոխման հետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտերի թիվն այս տարի մեծ է, քանի որ կառավարության սուբվենցիոն մասնաբաժինը բարձրացրվել է մինչև 70 տոկոս: «Այստեղ շատ կարևոր է, որ շինարարության բնականոն գործընթացն ապահովվի և չպետք է ունենանք իրավիճակ, որ շինարարությունն անհարկի ձգձգվի: Եթե հանկարծ խնդիրներ են ծագում, պետք է այդ խնդիրները հնարավորինս արագ լուծենք: Երկրորդ՝ շինարարության փուլի ավարտը և գույքով ապահովելու և դպրոցն արդեն աշխատելու ժամանակահատվածը մենք նույնպես պետք է հստակ պլանավորենք, որպեսզի այդտեղ էլ ժամանակային կորուստներ չունենանք: Մեր այս ծրագրով կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող որևէ դպրոցում, որևէ հին գույք չպետք է լինի: Այսինքն՝ դպրոցը լիարժեք պետք է լինի նոր: Թվերը, իհարկե, այս պահին, որ մենք ունենք վատը չեն: Պետք է ճիշտ բաշխել ժամանակը և առաջադրված խնդիրը լուծել»,- ասել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Աշխատանքի էլեկտրոնային բորսայի առկայությունը հնարավորություն կտա առավել ընդլայնել աշխատանք փնտրողների, գործազուրկների և գործատուների փոխհաղորդակցման հնարավորությունները զբաղվածության ոլորտում, վերջիններիս թույլ կտա լիարժեք ներգրավված լինել ոլորտի նորարարություններին և իրականացվող ծրագրերին։ Աշխատանքի էլեկտրոնային բորսայի նախագծումը, մշակումը և ներդրումը կապահովի առցանց ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին և գործատուներին՝ անհատական կաբինետի համապարփակ գործիքակազմը, կնպաստի բիզնես-գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հասցեականության բարձրացմանը և այլն:

Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Գործադիրն ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր գյուղում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տարածքից: Մանկապարտեզի կառուցումն ու շահագործումը կնպաստի գյուղում նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող գույքը հետ վերցնել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ամրացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն ստեղծելու նպատակով:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։ Ըստ հիմնավորման՝ Նաիրիտ գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, ովքեր աշխատում են 24 ժամյա ռեժիմով, 4 հերթափոխով: Ըստ համապատասխան հաշվարկների գործարանի 2022թ.-ի բոլոր՝ թվով 216 աշխատակիւցների աշխատավարձները, դրան հավասարեցված այլ վճարները ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարների մեկ ամսվա հաշվարկային գումարը կազմում է մոտավորապես 31000.0 հազ. դրամ, իսկ 12 ամսվա համար կազմում է մոտավորապես 372000.0 հազ. դրամ:

Գործադիրը, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար պարկերով վաճառվող պարարտանյութերի տրամադրման քանակը հստակեցնելու նպատակով, փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ից մեկնարկած ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ. առաջարկվող լրացումը նպատակ ունի ծրագրում հստակեցնել մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուներին համար վաճառվող պարարտանյութերի քանակը հողատարածքի այն մասի հաշվով, որի համար հաշվարկվող պարարտանյութի քանակը կազմում է մինչև 1 պարկ (50 կգ)։ Ըստ այդմ՝ նախատեսվում է վաճառվող մինչև մեկ պարկ պարարտանյութի հաշվարկով հողատարածքի համար թույլատրել վաճառելու մեկ պարկ (50 կգ) պարարտանյութ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: