ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող հանցավոր քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից մի քանիսը՝ փաստելով․ Ադրբեջանը չի հրաժարվում Արցախը հայաթափելու և Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։

«Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։

Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրևսրումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։

Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։

• Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի, Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդ որում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։

• Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։

• Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։

Փաստորեն, ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն):

Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին՝ թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։

• Չնայած այն հանգամանքին, որ Հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։

• 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։

Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։

Կան նաև խտրականության դրևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝

• Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ այն տուֆից պատրաստելուն։

• Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։

• Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։

• Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։

Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: