ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.31 դրամ +0,31 EUR - 429.75 դրամ +0,75 RUB - 7.83 դրամ +0,83 GBP - 496.42 դրամ +0,42
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Որոշման նպատակը պետությունից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված՝ պարբերական բնույթ կրողնպաստ կամ դրամական այլ վճար ստացող շահառուների գնողունակության որոշակի բարձրացումն է՝ պայմանավորված վերջին շրջանում գրանցվող բարձր գնաճով, ինչն էլ իր հերթին կծառայի որպես գնաճի բացասական հետևանքները որոշակիորեն մեղմող գործիք։ Ըստ այդմ, սահմանվում են միջոցառման մասնակիցների շրջանակը, մասնակցության ձևաչափը, շահառուներին վճարման ենթակա հետվճարի ընդհանուր և յուրաքանչյուր մասնակցի կողմից տրամադրվող առանձին չափերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2022 թ. պետբյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից: Այն կձևավորվի միջոցառման մասնակիցների հատկացումներից հետևյալ համամասնությամբ. պետություն՝ 5 տոկոս, գործընկեր բանկ՝ 5 տոկոս: Ընդ որում, գործընկեր բանկի կողմից յուրաքանչյուր շահառուի հետվճարից հաշվարկված եկամտային հարկի գումարին համապատասխան չափով ավելացվում է պետության կողմից տրամադրվող հետվճարի չափն այնպես, որ շահառուին փոխանցվող զուտ հետվճարը կազմի 10 տոկոս։ Հետվճարի՝ մեկ ամսվա համար գումարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ կատարված անկանխիկ գործարքների մեծությունից։ Մինչև հունիսի 1-ը կհրապարակվեն գործընկեր բանկերի ցանկը, և կենսաթոշակառուն կարող է փոխել իր բանկը, եթե տեսնի, որ իր բանկը, որտեղից ստանում է կենսաթոշակը, գործընկեր բանկերի շարքում չէ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը փորձնական կիրականացվի 6 ամիս. «Այսինքն՝ կսկսի այն աշխատել, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան, և դրանք հընթացս ավելի կլավարկենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է համակարգի ֆորմալ բնույթ չունենալու կարևորությունը. «Պետք է ամեն ինչ անել, որ ցանկացած գյուղում կենսաթոշակառուներն իմանան այդ մասին, հակվեն անկանխիկ առևտուր անելու: Պետք է ուղղակի օգնենք, որ մեր քաղաքացիները հասկանան, որ քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է: Սա նաև խթան է, որովհետև կենսաթոշակների շրջանառությունը տարեկան 500 միլիարդ դրամ է կազմում, այստեղ առևտրի կետերն էլ պետք է իրենց կողմից այդ շահագրգռությունը ցուցաբերեն»:

Վարչապետը նշել է, որ ծրագիրն ունի սոցիալական նշանակություն, քանի որ դրանով փորձ է արվելու նաև որոշակիորեն մեղմել գնաճը: «Շատ կարևոր է նաև, որ Կենտրոնական բանկի օգնությամբ միջոցառման շրջանակում կուտակվող տվյալների վերլուծությունը: Ես այս հատվածն համարժեք կարևորում եմ, քանի որ եթե կարողանանք այդ տվյալները՝ կենսաթոշակառուների կողմից արվող առևտուրը վերլուծել, ապա կհասկանանք, թե իրենք ինչի համար են հատկապես գումար ծախսում: Այս պարագայում, գուցե, վերլուծենք մեր սոցիալական քաղաքականությունը, որոշակի շտկումներ անենք, ինչը կնպաստի սոցիալական աջակցությունը մաքսիմալ հասցեական դարձնելուն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ համակարգի լավարկման գործընթացը պետք է լինի շարունակական. «Այն կարող է շատ ավելի լուրջ համակարգ դառնալ: Ավելի կարևոր է համակարգի մոդուլի ներդրումը, որի հետագա զարգացման համար մենք պետք է աշխատենք»:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է վերանայել Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորներին տրվող վարձատրության համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում որպես Սահմանադրության 164 հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն։ Բացի այդ, եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:

Ինչպես նշել է հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, փոփոխությունները բխում են ՀՀ դատական և իրավական ռազմավարությունից, որով նախատեսվել են դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների օրենդրական փոփոխություններ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում: «Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ: Արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն: Մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերին: Սա շատ կարևոր արձանագրում է: Սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց սոցիալական, բարոյական վիճակի, ընդհանուր ինքնազգացողության վրա», -ասել է վարչապետը:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընգծել է այդ ճանապարհով հետևողականորեն առաջ գնալու կարևորությունը. «Մենք այս որոշումները կայացնում ենք նաև այն պատճառով, որ երբ ասում ենք, հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ՝ դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ: Դա համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք: Եվ մենք, իհարկե, գիտենք, որ կան բազմաթիվ դատավորներ, ովքեր առաջնորդվում են իրենց խղճով և օրենքներով, ուստի մենք նաև այս մարդկանց պետք է աջակցենք և քաջալերենք որպես հանրություն, որպես կառավարություն, որպես երկիր: Այստեղ միայն ֆինանսական հարց չէ, սա նաև որոշակի հանրային քաղաքական աջակցության ձև է բոլոր այն դատավորներին, ովքեր ծառայում են իրենց խղճին, իրենց համոզմունքին, Սահմանադրությանը, օրենքին և այսպիսով՝ ժողովրդին: Շատ կարևոր է, որ ունենանք վճռականություն այս միջոցներն իրականացնելու, ինչքան էլ հասկանում ենք, որ դրանք ոչ, ինչպես ասում են, պոպուլյար որոշումներ են, բայց դրանք շատ կարևոր որոշումներ են»:

Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակը առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռումն է: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքով գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակական կորուստ է համարվում նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից:

Մարզպետարաններին կհատկացվի 790 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար

Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այն վերաբերում է 2020-2021 թթ. ծրագրերին. «Ընդհանուր առմամբ 29 ծրագիր է, որոնցից 3-ը՝ 2020 թվականի: Այն վերաբերում է 25 համայնքների: Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ, Տավուշին՝ 26 մլն դրամ: Բոլոր ծրագրերն ավատված են: Այսօրվա դրությամբ, 2022 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունն արդեն 5,6 մլրդ դրամ իր մասնաբաժինը հատկացրել է»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվող գումարով իրականացված ծրագրերը: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, հասարակական նշանակության շինությունների կառուցում, հիմնանորոգում և հասարակական նշանակության տարածքների բարեկարգում, փողոցների արտաքին լուսավորություն, Ագարակ համայնքի փողոցների արտաքին լուսավորության աշխատանքների իրականացում : Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում իրականացվել են ջրամատակարարման ցանցի վերակառուցում և ընդլայնում, Արտամետ համայնքում՝ խորքայի հորի հորատում, Դալարիկ համայնքում՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում: Գեղարքունիքի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Մադինա համայնքի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ, Վաղաշեն համայնքի վարչական շենքերի և մանկապարտեզի շենքի տանիքներին արևային կայանների կառուցման աշխատանքներ, Գեղամավան համայնքի ճանապարհների վերանորոգում: Լոռու մարզպի Արջուտ համայնքի կարիքների համար ձեռք է բերվել տեխնիկա՝ տրակտորներ, հողաֆռեզ, խոտի հավաքիչ-հակավորիչ, բարեկարգվել են Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի փողոցները, ընդլայնվել և արդիականացվել է Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցը և այլն:
Վարչապետն ընդգծել է նաև սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային հաշվետվողականության ապահովման ու դրանց որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման անհրաժեշտությունը:

Կառավարությունը ևս 11 ամիս կշարունակի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը

Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։ Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ:

Կհստակեցվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով միջոցառման շահառուների շրջանակը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման ընթացակարգերը սահմանելու նպատակով: Ըստ այդմ, մասնավորապես, հստակեցվում է միջոցառման շահառուների շրջանակը, ըստ որի զոհված զինծառայողի ծնողը միջոցառման շահառու է համարվում նաև այն դեպքում, երբ չի բավարարում համապատասխան որոշմամբ սահմանված պայմանին (կնոջ տարիքը 42-ից ավելի), սակայն փոխնակ մոր ծառայություններից օգտվել է 2021 թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է: Հստակեցվում է նաև տրամադրվող փոխհատուցման չափը, մասնավորապես, այն դեպքերում, երբ շահառու ծնողը օգտվել է փոխնակ մոր ծառայությունից 2021թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է։ Այս դեպքում, փոխհատուցման չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը։ Որոշմամբ սահմանվում են խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցման նշանակման և վճարման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես՝ դիմումը ծնողը կարող է ներկայացնել անձամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ այլ անձի միջոցով:

Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը

Կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Ըստ այդմ, սահմանվում է նաև պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը: Պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը:

Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայությունները պատշաճ իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ ծառայությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, որի ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Արդյունքում՝ փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված` պետբյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ավելացնել նոր տնտեսագիտական հոդված` «Այլ նպաստներ բյուջեից»:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ հաստատվել են Գավառի պետական համալսարանի ռեկտորի՝ Ռուզաննա Հակոբյանի, ընտրության արդյունքները:

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար: Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել Մ 4, Երևան- Սևան- Իջևան- Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,09 կմ/ժ
25 C°
 
34°  21° 
01.07.2022
31°  20° 
02.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: