ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը

 

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը:
 
Դավիթ Բեկին նվիրված հուշադրամ Դավիթ Բեկը (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է 1728 թ. վերջին) հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ է, զորավար: 
Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը: 
1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով: 
1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26-ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին: 
Դավիթ Բեկը հայրենասիրության խորհրդանիշ է, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռահվիրա: 
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում: 
Դիմերես՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: 
Դարձերես՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ: 
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: 
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: