ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն` հավելելով, որ փոխայցերը շարունակական կլինեն: Նա իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում հյուրընկալած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ արդյունավետ քննարկումներ են եղել, և դրանց շարունակական բնույթը երկու խորհրդարանների համար համատեղ ծրագրերի իրականացման կարևոր հիմք է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հիշատակել է օրերս Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է  նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նա նշել է, որ նիստից հետո Իրանի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովում, և հնարավորություն է ընձեռվել քննարկելու երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ պարոն Ղալիբաֆ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:

Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախագահ Ղալիբաֆի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և միջխորհրդարանական սերտ կապերի առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա, երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել բոլոր ուղղություններով մեր գործընկերությունը խորացնելու առնչությամբ:

Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էին նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մեծարգո պարոն նախագահի հետ խոսել ենք նաև տնտեսական մեր համատեղ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու վերաբերյալ:

Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախագահը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք:

Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախագահ, և սիրով սպասում եմ Ձեզ Երևանում: Շնորհակալություն»,-խոսքը եզրափակել է Ալեն Սիմոնյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: