ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի՛ անհանգստացեք, ես չեմ անդրադառնա ԼՂ հակամարտությանը, պարզապես մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում:

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ նախագահող,

տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից և արհավիրքից: Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա:

Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին:

Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով մեզանից շատ հեռու էին տեղի ունենում: Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար:

Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը և մարդկային արժանապատվության պահպանումը:

Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլև՝ լսումների:

Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, և, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: