ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-գերմանական գործընկերության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը:

Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին:

Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

ՀՀ վարչապետը կարևորել է առաջադեմ միջազգային հանրության հասցեական արձագանքը հումանիտար և անվտանգային խնդիրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: