ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում հուլիսի 1-ին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ անցկացված թվով արդեն չորրորդ հանդիպմանը, փոխանցում է News.am-ը։ 

Անդրադառնալով նրան, որ կողմերը այդ օրը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Ռուբեն Ռուբինյանը հստակեցրեց, որ երրորդ երկիր ասելով հասկանում են բոլոր երկրները, բացի Հայաստանից և Թուրքիայից: 
«Այսպիսի գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրագործումը, իսկ երբ խոսքը առաջին պայմանավորվածությունների մասին է, էլ ավելի կարևոր է դրանց ժամանակին իրագործումը, քանի որ դրանց իրագործումը կստեղծի վստահություն, չիրագործման դեպքում դա կխաթարի գործընթացը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վիեննայում կողմերը նաև պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ռուբինյանը նշել է, որ Վիեննայում ձեռք է բերվել քաղաքական որոշում, իսկ տեխնիկական դետալները՝ սահմանի հատման վայրը, ռեժիմ և այլն, դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով։ 

Դիտարկմանը, թե ինչ ենք հասկանում՝ ասելով, որ այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամենասեղմ ժամկետներում, Ռուբինյանն ասել է, որ կոնկրետ ժամկետ չի կարող ասել։ «Ես տրամաբանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»,– ասել է նա։

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արդեն մոտ կես տարի առաջ է մեկնարկել կարգավորման այս գործընթացը, սակայն փաստ է, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց չէ, և դրա պատճառը Հայաստանում չէ, որ պետք է փնտրել։ «Բայց նաև փաստ է, որ առաջին անգամ է, որ մենք ունենք պայմանավորվածություն։ Եթե այդ պայմանավորվածությունը իրագործվի, կարելի կլինի ասել, որ մի կարևոր քայլ առաջ ենք արել այս գործընթացում»։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը նաև ասել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում կամ Հայաստանում, կամ հայ պաշտոնյաներին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու (այն արդեն տեղի է ունեցել), ապա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան համաձայներ նաև այս քայլին։

Հարցին, թե եղել է դեպք, որ հանդիպումների ընթացքում թուրք բանագնացը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապի Ադրբեջանի հետ, Ռուբինյանն ասել է, որ նման բան չի եղել։ «Ոչ, այս երկու գործընթացները անջատ են»,– ասել է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ, թուրք տարբեր պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները կարող են նման տպավորություն ստեղծել, ինչը դրական չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։ 

Ռուբեն Ռուբինյանը նաև անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե այս իշխանությունները Հայաստանը տանում են թրքացման։ Նա նշել է, որ ընդդիմության պնդումները հիմնավորված չեն, չկա որևէ փաստ այդ մասին։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք թուրքերը չեն պարտադրում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել։ 

Ի պատասխան հաղորդավարի հարցի, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ընդդիմության հայտարարությունները օգնո՞ւմ են, թե խանգարում, Ռուբինյանն ասել է, որ դրանք ո՛չ օգնում են, ո՛չ էլ խանգարում են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: