ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.22 դրամ +0,22 EUR - 397.24 դրամ +0,24 RUB - 7.09 դրամ +0,09 GBP - 455.25 դրամ +0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի ձեռք բերված պայմանավորվածություններին: «Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմամբ: Ըստ հիմնավորման, քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում: Նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը: Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիակական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար: Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը ՀՀ-ում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տարկետման ինստիտուտը վերադարձվում է բուհական համակարգ: «Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն նաև մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կրթական համակարգում ներկայում իրականացվող բարեփոխումները և նշել. «Մենք հիմա քննարկում ենք նաև, թե բուհական համակարգում ինչպիսի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք, և սա կարող ենք համարել այդ ճանապարհի, շղթայի օղակներից մեկը: Այն կարևոր է նաև բուհական համակարգի գրավչությունը բարձրացնելու առումով: Իհարկե, սա վերաբերելու է մյուս ուսումնական տարվա ընդունելության քննություններին, այս տարվա վրա հասկանալիորեն չի տարածվում, որովհետև այն բավականին բարդ մեխանիզմ է, և մենք պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ, լրամշակենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընդունելությանն քննություններին և նշել. «Դուք նկատել եք, որ Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Դրա պատճառներից է նաև այն, այս տարկետման ինստիտուտը չկա, դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթություն ստնանալու նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու համար: Եվ այստեղ այս մի տարվա ընթացքում մեր աշխատանքի կարևոր հատվածներից է երկու ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ խնդիր լուծել: Դրանցից մեկը ընդունելությունների քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է, որովհետև այդ սուբյեկտիվիզմի դրսևորումները շատ մեծ խնդիր են առաջացնելու: Եվ երկրորդ՝ գիտական թեզերի պաշտպանության թեման, որտեղ նույնպես գիտենք, որ ունենք պրոբլեմներ: Այսինքն՝ այստեղ միայն ընթացակարգեր և կառուցակարգեր ունենալու հարցը չէ: Շատ կարևոր է նաև նախորդող և հաջորդող շրջանի հետ կապված ունենալ կարգավորումներ, որպեսզի մեր նպատակին կարողանանք հասնել և ոչ թե ընդամենը միջանցք բացենք այլևայլ դրսևորումների համար: Ես կարծում եմ՝ ժամանակը բավարար է, որպեսզի մենք այդ հարցերին անդրադառնանք»:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի ՀՀ հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Կառավարությունը հավանություն է տվել ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով, մասնավորապես՝ առաջարկվում է «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:»: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ և գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը:

Կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, կմեկնարկի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա: Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ: «Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:

Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքներին, որի համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված: «Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը:

Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: «Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - ասել է կառավարության ղեկավարը:

4.2 մլրդ դրամով կավելանա «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման գծով ծախսը

2022 թ. պետբյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թ. 3-րդ եռամսյակից սկսած պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ դեռևս 2020 թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ՝ 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է և, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել: Ի վերջո, Վարչական դատարանն օգուտ ընկերությանը վճիռ է կայացրել:

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն: Արդյունքում՝ խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թ. երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը գնում է հաշվանցման մասին: «Այսինքն՝ փաստացի պարտավորութունները զրոյացվում են: Այս ամենը ծագել է ՔՈՎԻԴ-ի հետ կապված կայացված որոշումների և այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր: Ընկերությունն էլ չի համաձայնվել ձևակերպման հետ, հետո դատական մարմինները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրցեսի մեջ ենք մտնելու: Այսինքն՝ փակուղին շարունակվելու է: Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսվել է այս ամեն ինչը: Սրա համար երկու տարբերակ կա. կամ պետք է այնպես անենք, որ այս պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ պետք է այս պատմությունը զրոյացնենք: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Հարցի էությունը հետևյալն ՝ մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա: Սա է մեր որոշումը»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ «Օնիրա Քլաբ» -ը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «Մուլտի գրուպ» ընկերության նախագահի նախաձեռնությանը՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը և նշել. «Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գանահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովեհտև կարծում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն էական կմեծացնի: Նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացնենք և գործընթացն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»:

Քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն իսնտիտուտ է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել. վարչապետ

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև Հայաստանում տարբեր տեսակի խաչերի տեղադրմանը: «Ես հանձնարարական տվել եմ և հույս ունեմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը պատշաճ ժամկետներում մեր մարզպետների աջակցությամբ տեղեկատվություն կտան: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է և քաղաքաշինությանը ուղղակի այնպես նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց. դա շատ լուրջ մեծագույն պրոբելմ է: Ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է: Ինձ նախնական տեղեկություն է դեռ պետք, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անթուլյատրելի է համար նաև մայրուղիների, ճանապարհների վրա վթարների վայրերում խաչքարեր տեղադրելը. «Մեզ մոտ մշակույթ է ձևավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարար են տեղադրվում: Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»:

Այդ ամենի համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: «Իհարկե, մենք 2019 թվականից սկսել ենք քաղաքացիական նշանակության և պետական նշանակության, պատմամշակութային հուշարձանները վերականգնելու գործընթացը: Մենք այս ճանապարհով պետք է գնանք: Տասնյակ բերդեր, ամրոցներ, քաղաքացիական նշանակության այլ պատմամշակութային օբյեկտներ, որոնք ոչնչացման եզրին են »,-ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է այդ ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցողներին գումարները նվիրաբերել այդ հուշարձանների վերականգնմանը. «Տեսել եմ նոր կառուցված եկեղեցիներ, որտեղ ոչ ոք չի գնում, իսկ դրանից մի քանի կիլոմետր այն կողմ դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձաններ են ավիրվում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղադրույքների թաքնված գովազդն արգելելու վերաբերյալ իր հանձնարարականին և նշել, որ դրա ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվում, քանի որ հանրապետությունում դեռևս առկա են նմանատիպ գովազդներ:

Կապահովվի Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցումը

Սյունիքի մարզում Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև ճանապարհային ցանցի զարգացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված Սյունիքի մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի – Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի – Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով: 1-ին փուլի համար շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ընդհանուր առմամբ, վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ նշված ճանապարհների կառուցման համար, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։

Ողջաբերդ բնակավայրում գտնվող 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ: Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ուսումնասիրել է Ողջաբերդ բնակավայրի բոլոր 106 սեփականատերերին պատկանող բնակելի տների փաստացի վիճակը, որոնցից 25 առավել վտանգավոր տների վերաբերյալ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կատարել է տեխնիկական վիճակի նոր հետազննություն: Համայնքում առկա և նախկինում որևէ հատուցում չստացած վնասված 106 բնակելի տներից 59-ը գտնվում է վտանգավոր վիճակում, որից 10-ը փլուզման եզրին է, 47 տներ սեփականատերերի միջոցներով տարիների ընթացքում ուժեղացվել են և գտնվում են բարվոք վիճակում, սակայն բնակության համար նույնպես վտանգավոր են: 106 սեփականատերերից որևէ մեկը երբևէ չի ստացել ֆինանսական աջակցություն: Դրանց մի մասը շարունակում է ապրել բարձր վթարայնության աստիճան ունեցող բնակելի տներում: Ներկա փուլում խիստ առաջնային է թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման հատկացումներից 241,897.5 հազար դրամը վերաբաշխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ մարզերում նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են միջոցառման շրջանակում շահառու 20 ընտանիքի նվազեցման, և ուղղել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչների բնակարային խնդիրները լուծելու համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանների ձեռքբերման ծախսերին։ Վթարային բնակելի այդ տները ենթակա են քանդման:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի և Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2022 թ. պետբյուջեով հաստատված «Բնակարանային շինարարություն» միջոցառման գծով Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների համար նախատեսված 311875.6 հազար դրամ գումարից 163568,6 հազար դրամ գումարը հատկացնել «Բնակարանային շինարարություն» միջոցառուման գծով Արագածոտնի մարզի Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների իրականացմանը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող վերաբաշխման արդյունքում Սպիտակի բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար 2023 թ. անհրաժեշտ է լինելու հատկացնել ևս 320,086.6 հազ. ՀՀ դրամ գումար, և պայմանագրի ամբողջական կատարման վերջնաժամկետը դեռևս անորոշ է՝ որոշմամբ առաջարկվում է առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկ:

Վեց ամսով կարգելվի Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որով 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանման համար: Այն պայմանավորված է ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը: Ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ սույն թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քան 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։ Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում է մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։ Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել են տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի շարունակականության ապահովման համար լրացուցիչ գումար կհատկացվի

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ծագած պարտավորությունների կատարման, ինչպես նաև շարունակականության ապահովման համար՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է մի շարք միջոցառումներիի իրականացման համար լրացուցիչ հատկացնել 5,951,599.3 հազ. դրամ, որից՝ 230,900.0 հազ. դրամը պաշտոնական դրամաշնորհներից ստացվող եկամուտներից, 5,714,069.3 հազ. դրամը՝ պահուստային ֆոնդի միջոցներից: Մասնավորապես, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 9.8 մլրդ դրամ, որից սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ վճարվել է 5 մլրդ դրամը, մնացորդը կազմում է 4.8 մլրդ դրամ։ Ծագած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ըստ հաշվարկների, կկազմի 12.3 մլրդ դրամ, այսինքն՝ լրացուցիչ անհրաժեշտ է 2.5 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ծրագրի 2022 թվականի բյուջետային հայտը ներակայացվել է շուրջ 12.0 մլրդ դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 9.8 մլրդ դրամը` պայմանով, որ ավել ֆինանսավորում կտրամադրվի միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության դեպքում։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 307.9 մլն դրամ, որից փաստացի հատկացվել է 183.5 մլն դրամը, մնացորդը կազմում է 124.4 մլն դրամ։ Սույն թվականի մարտի 31-ի դրությամբ սուբսիդավորման գումարի հայտը կազմել է 438.8 մլն դրամ, այսինքն՝ պարտավորությունը կկազմի 255.3 մլն դրամ։ Բացի այդ ապահովագրական ընկերությունների կողմից կանխատեսվում է ևս 100.0 մլն դրամի սուբսիդավորման հայտ, այսինքն ծրագրի շրջանակում պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի՝ 230.9 մլն դրամ։ Ծրագրի 2022 թվականի ֆինանսավորման հայտը ներկայացվել է 721.9 մլն դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 307.9 մլն դրամը։

Ծովագյուղ համայնքում կստեղծվի ուսումնացուցադրական կենտրոն

Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով վարձակալությամբ կտրամադրվի Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին: Ըստ հիմնավորման, մարզի գյուղական համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանն աջակցելու համար Ծովագյուղ համայնքում ուսումնացուցադրական կենտրոն ստեղծելու նպատակով 2020 թ. մարտից Ճապոնիայի կառավարությունը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին տրամադրել է 54 222 ԱՄՆ դոլար՝ շենքի կապիտալ վերանորոգման և այն ցուցադրական էներգոարդյունավետ կառույց դարձնելու համար, իսկ 2021 թվականի մայիսից GIZ-ը տրամադրել է 17 մլն ՀՀ դրամ՝ տարածքում ցուցադրական այգիներ հիմնելու նպատակով, որից հետո տարածքը ծառայելու է որպես բարեգործական ուսումնացուցադրական կենտրոն։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող Վիճակագրական կոմիտեին ամրացված` Սևան քաղաքում գտնվող շենքից մի տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Երկրապահ կամավորականների միությանը: Համաձայն ներկայացված ծրագրի՝ կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Միության Սևանի տարածքային կառույցը, չունենալով շենքային պայմաններ, չի կարողանում լիարժեք լուծել կառույցի առջև դրված խնդիրները:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նատասվում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի տարածքում գտնվող նախկին պոմպակայանի շենքը և դրա զբաղեցրած տարածքը նվիրաբերել ՀՀ-ին և ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով ամրացնել ՀՀ պաշտպանության նախաարարությանը:

Միջազգային համագործակցություն. կբարձրացվի հանրապետության հանրային նշանակության օբյեկտների էներգախնայողությունը

Եվրասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության միջև 2022թ․ի մարտի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագիրն իրականացնելու նպատակով ընդունվել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությանը կտրամադրվի 1 719 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի իրականացման նպատակով: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացված էներգախնայողության ծրագրի արդյունքում հանրապետության հանրային նշանակության 64 օբյեկտների էներգախնայողությունը միջին հաշվով ավելացել է մոտ 50%-ով։ Ծրագրի արդյունքները հանգեցրել են այս պրոդուկտի մեծ պահանջարկի և ծրագրի ավարտից հետո Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մշտապես ստանում է բազմաթիվ հայտեր կազմակերպությունների ենթակայության շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման համար։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստացել է հայտեր հանրապետության մարզերի շուրջ 20 կրթական և առողջապահական հիմնարկություններից:

Գործադիրն հավանություն է տվել 2022 թ. մայիսի 19-ին և հունիսի 14-ին ստորագրված՝ ՀՀ-ի ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ՏՀՏ առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների, նյութերով և գույքով տրամադրման գործընթացն ամբողջական ապահովելու համար։ Նշված դպրոցները հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեն ավելացնել 113,072.7 հազար դրամ գումարով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին։ Որոշման նպատակն է պայմաններ ստեղծել «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը մեկնարկելու և ծրագրի բոլոր բաղադրիչներով/ենթաբաղադրրիչներով նախատեսված գործողությունների ընթացքն ապահովելու համար։ Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մինչև վարկային համաձայնագրի վավերացումը, մասնավորոպես՝ առաջին շրջափուլով նախատեսված 40 նախակրթարանների հիմնման նպատակով միկրոծրագրերի ընտրություն, ամփոփում և հաստատում, վարկային ծրագրով նախատեսված 4 ավագ դպրոցների հիմնանորոգման/վերակառուցման համար տեղանքի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների մշակում, վերակառուցվող Երևանի թիվ 139 ավագ դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի վերանայում, վարկային ծրագրով նախատեսված 4 ավագ դպրոցների հիմնանորոգման/վերակառուցման մրցութային գործընթացի իրականացում, 4 ավագ դպրոցների հիմնանորոգման/կառուցման աշխատանքների հեղինակային և տեխնիկական վերահսկողության նպատակով կազմակերպությունների ընտրության մրցութային գործընթացի իրականացում, լաբորատորիաների հիմնման նպատակով վարկային ծրագրի առաջին շրջափուլով նախատեսված շուրջ 100 դպրոցների ընտրություն՝ կարիքների գնահատման հիման վրա և այլն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0,51 կմ/ժ
13 C°
 
31°  18° 
05.10.2022
31°  18° 
06.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: