ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է. Արարատ Միրզոյան

Ներկայացնում ենք  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ընթացքում մամուլի համար հայտարարության ժամանակ:

«Հարգելի՛  պարոն նախարար, 

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ 

Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։

Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել  Երևանում: 

Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը, որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:

Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: 

Հարգելի՛ ներկաներ,

Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող  ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական  հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։ 

Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է  մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:

Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը  մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: