ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախից պնդում են՝ Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունեն (Ազատության)

Արցախից պնդում են՝ Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունեն։ Թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հայտարարում են՝ Արցախում հայաստանյան զորքեր չկան։

Բաքուն պարբերաբար պահանջում է Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը, վերջին անգամ՝ երեկ արտգործնախարար Բայրամովը ձևակերպեց ակնկալիքը՝ թերևս նկատի ունենալով Արցախի ՊԲ-ը։

ՊՆ-ն Արցախի 11 նախարարություններից մեկն է։ ՊԲ-ի հրամանատարը հենց ռազմական գերատեսչության ղեկավարն է։

«Պաշտպանության բանակից հրաժարվելը հավասարազոր է դավաճանության, Պաշտպանության բանակից հրաժարվելը կարող է նոր 1915 թվական բերել Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև հետագա զարգացումներով ողջ Հայաստանի, Ադրբեջանը չի սահմանափակվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Նաև իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանն էր պնդում՝ բանակից հրաժարվել չեն պատրաստվում ինքնապաշտպանության համար։

Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերում պահանջող Բաքուն հղում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

Իշխանական խմբակցության ղեկավարը հակադարձում է՝ նույն այդ հայտարարության կետերը Ադրբեջանը չի կատարում՝ հրադադարն է խախտում, չի վերադարձնում հայ գերիներին։

«Զինված ուժերի դուրսբերման հետ կապված այնտեղ գրված է՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը: Պատերազմից հետո նոր զորակոչ Հայաստանից չկա, և որը եղել է նախկինում, հիմա էլ արդեն չկա: Եթե խոսքը վերաբերում է ինքնապաշտպանության ուժերին կամ Պաշտպանության բանակին, իհարկե, չի կարող Արցախի Հանրապետությունը առանց ինքնապաշտպանության ուժերի մնալ: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանություն կազմակերպելու», - ասաց Հարությունյանը:

Կառավարության վերջին նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել էր, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա, նաև՝ իր կարծիքը հայտնել Արցախի ՊԲ-ի դուրսբերման՝ Բաքվից հնչող պահանջների մասին։

«Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը ու շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - նշեց Փաշինյանը:

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ Արցախի ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հայրապետյանն ասում է՝ եթե Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, շատ լավ կլինի, բայց համոզված է՝ չեն անելու. - «Այս զորակազմի քանակով, ինչքան որ կա, էդ համապատասխան սահմանի երկայնքով հնարավոր չի մարտական հերթապահություն իրականացրած, իսկ Ադրբեջանը, եթե ինչ-որ մեկը խաբկանքներ ունի, որ փոխվել է ու խաղաղության է գնում, ես կասեմ, որ այդպես չէ, ու էս երկու տարում մենք դա բազմիցս տեսել ենք»:

Սեյրան Հայրապետյանը նաև ասում էր՝ Ադրբեջանից իրականացվող ռազմական ագրեսիայի պայմաններում իրավիճակին համապատասխան ՊԲ-ում պետք է բարեփոխումներ իրականացնեն։ Փակագծեր չբացեց։ Չբացառեց, որ հնարավոր է որոշակի անվանափոխություն լինի. - «Անունն էդքան էական չի: 90-ական թվականի սկզբներին եղել են ինքնապաշտպանական ուժեր, դա մեզ չի խանգարել, որ մեր հերոսները մեր պատմական հայրենիքը ազատագրեն»:

Արցախում հայտարարված մասնակի զորահավաքը 7 օր տևեց. օգոստոսի 3-ին՝ 2 զինծառայողի կյանք խլած, մոտ 2 տասնյակի վիրավորման պատճառ դարձած վերջին լարվածության օրերին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիրը ստորագրեց։ Այսօր արդեն զորացրում հայտարարեց։

ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չցանկացավ գնահատել այդ որոշումը՝ սահմանափակվելով՝ «եթե ստորագրել է, պետք է եղել» արտահայտությամբ։ Բայց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանության շատ քայլերից դժգոհ էր:

«Մտահոգիչ է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությունը, անտարբերություն ասեմ, թե թույլ դիրքորոշում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում իրականացվող միջոցառումները, քանի որ թշնամին ցանկացած պահանջ իրականացնելուց կամ կատարելուց հետո հերթական պահանջն է ներկայացնում: Զիջելով մենք կարող է ամեն ինչ զիջել», - ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է օգոստոսի 1-ից սրված սահմանային իրավիճակին, Արցախի պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրել է՝ գիշերը շփման գծում հրադադարի էական խախտում չի արձանագրվել։ Իրավիճակը, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: