ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 413.06 դրամ +0,06 EUR - 398.31 դրամ +0,31 RUB - 7.14 դրամ +0,14 GBP - 443.13 դրամ +0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի ճանապարհների նորոգմանը. վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է հատկացվելիք գումարով 3 ճանապարհատվածում իրականացնել կամ ավարտել շինարարարական աշխատանքները: Մեկը Լոռու մարզում է՝ Ստեփանավան-Յաղդան կոչվող հատվածում. 8.1 կմ ճանապարհից այս տարի կնորոգվի 6 կմ-ը, 2 կմ ասֆալտապատումը կարվի հաջորդ տարի: Մյուսը Սիսիան-Դաստակերտ (Դաստակերտ, Տորունիք, Տոլորս) հատվածն է և երրորդը՝ Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհահատվածի մեկ կտորը՝ 17.5 կմ: Նախարարը նշել է, որ վերջին ճանապարհահատվածում առաջ եկած թերությունները վերացվել են, այժմ վերին շերտն է տեղադրվում: Նախատեսված է 2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ գումար, որից 2 մլրդ 689 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար է, 25 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական հսկողության, 19 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:

Որոշման առնչությամբ վարչապետը նշել է. «Նախ անդրադառնանք Տաթև-Աղվանի հատվածին, որովհետև Կառավարության նախորդ նիստերում առիթ ունեցել ենք խոսելու: Հիշում եք, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց: Ի սկզբանե այն նախատեսված էր որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում՝ այս տարի, մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի՝ փոսեր էին գոյացել և այլն: Մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, խնդիրների մեծ մասը լուծվել է. մնացել է վերջին 500 մ հատված, որտեղ փոսերի հարցը պետք է լուծել»:

Այս կապակցությամբ ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ այժմ 500 մետրից էլ պակաս ճանապարհահատված է մնացել, և հավանաբար վաղն այդ հատվածում այլևս փոսեր չեն լինի, այն ամբողջովին ասֆալտածածկ կլինի: Սկսվել է երրորդ շերտի տեղադրման գործընթացը՝ 5.8 կմ արդեն տեղադրվել է, աշխատանքը շարունակվում է: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք շտկումներից հետո այդ ճանապարհը կկարողանա նաև բեռնատար մեքենաներ սպասարկել, Գ. Սանոսյանը նշել է, որ գործնականում այո, որոշ տեղերում խնդիրների քիչ հավանականություն կա, բայց կշեռքների համակարգի պատշաճ կիրառման դեպքում ճանապարհը կարդարացնի իրեն, քանի որ այն շարքից դուրս էր եկել Կապան-Երևան ուղղությամբ ծանրաբեռնված մեքենաների երթևեկությամբ պայմանավորված:

Կառավարության ղեկավարին նաև զեկուցվել է ճանապարհային կշեռքների համակարգի տեղադրման մասին. նշվել է, որ Սիսիանից դեպի Երևան եկող ուղղությամբ ճանապարհային կշեռքն արդեն մի քանի օր է՝ գործարկվել է, մեքենաները կշռվում են, ընթանում են վերջնական կահավորման աշխատանքներ: Նախատեսվում է նաև երկրորդ կշեռքի տեղադրում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ բոլոր ոլորտներում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, այդ թվում՝ բեռնափոխադրումների, և կշեռքների տեղադրման գործընթացը դրա ամենակարոևոր բաղադրիչն է:

Վերադառնալով Տաթև-Աղվանի թեմային՝ վարչապետը հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Տաթևի ոլորանները և Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Լծեն-Նորավան ուղղությամբ, որն արդեն կմիանա մայրուղուն: Զեկուցվել է նաև այս հատվածի շինարարական աշխատանքների ընթացքի մասին. այստեղ նոր շերտ է տեղադրվելու՝ բեռնատարներին ծառայելու համար: Նշվել է, որ նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբերին, բայց տեմպի հետ կապված որոշ մտավախություններ կան: Կառավարության ղեկավարը խնդրահարույց է համարել դա՝ նշելով. «Դա շատ կարևոր նշանակություն ճանապարհ է, և պետք է կարողանանք այդտեղ խնդիրները կարգավորել: Պարոն Խաչատրյան, երբ քննարկում էինք պետական գնումների հետ կապված համակարգի բարեփոխումների թեման, գաղափար հնչեց, որ, որպես գործոն, հաշվի առնվի նաև տվյալ փուլում ընկերությունների ծանրաբեռնվածությունը: Որովհետև հիմա մենք, ցավոք, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթների մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվեր իրականացնելու խնդիր են ունենում: Իհարկե, եթե ժամկետում չհասցնի, մեխանիզմներ ունենք՝ սև ցուցակ, բանկային երաշխիք, բայց դա մխիթարություն չԷ, որովհետև մեզ պետք չէ՝ բանկային երաշխիքը հետ քաշել կամ տուգանել, կամ սև ցուցակ գցել: Մեզ ճանապարհն է պետք:

Նման դեպքերը պետք է հստակ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Ընդ որում, մրցույթը հայտարարվում է հստակ ժամկետով, ընկերությունները մրցույթները հաղթում են առանց խոչընդոտի, ինչի համար ուրախ ենք, բայց մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը պատշաճ որակով հանձնեն մեզ: Սա պրոբլեմ է: Կրկին գնումների համակարգի հետ կապված. մենք անընդհատ երկընտրանքի առաջ ենք՝ մի դեպքում մեկ անձով գնում իրականացնելիս վստահ չենք, թե որքանով ենք օպտիմալ գին ունեցել, մյուս դեպքում, երբ մրցույթով ենք անում, այսպիսի իրավիճակներ ենք ունենում: Սա ամենևին էլ եզակի իրավիճակ չէ, պետք է ասել: Ուղղակի սա հատուկ նշանակություն ունեցող ճանապարհ է, դրա համար առանձնակի ուշադրության կենտրոնում է: Բայց այդպիսի դեպքեր շատ ենք ունենում: Այսօր էլ այնպիսի շինարարական բում է Հայաստանի Հանրապետությունում. անընդհատ Կառավարության նիստերում ես ասում եմ, որ, ըստ էության, բոլոր շինարարական, ճանապարհաշինական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են, ունեն պատվերներ: Մենք պատվերներ ունենք և այսօր մտավախություն ունենք, որ կրկին մրցույթ է լինելու, ինչ-որ մեկը հաղթելու է, և չի իրականացվելու, որովհետև տեսնում ենք, թե որքան են ծանրաբեռնված: Պետք է անպայման ինչ-որ բան անել:

Պետական բյուջեի ծախսային հատվածը վերլուծելիս կապիտալ ծախսերում տեսնում ենք թերակատարումներ, և պետք է հասկանալ, որ այստեղ միայն Կառավարությունը չէ, որովհետև, ըստ էության, կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնողը մասնավոր հատվածն է: Մենք պետական շինարարական կազմակերպություն չունենք: Ընդ որում, այդ ցայտնոտային իրավիճակներն ազդում են նաև որակի վրա, որովհետ մի կողմից, պարտադրում ենք, որ ժամանակի մեջ մնա, և եթե ինքը ճիշտ ժամանակացույցով չի աշխատում, նաև որակի հետագա խնդիրներ ենք ունենում: Քանի նման դեպք ենք ունեցել, երբ պարզվել է, որ շատ լուրջ ծրագրերի հետ կապված որակի խնդիր կա: Եվ ընդհանրապես ճանապարհաշինական ստանդարտի հետ կապված խնդիր ունենք: Բայց, մյուս կողմից էլ, չենք կարող ասել՝ ամբողջ երկրում շինարարությունը դադարեցնում ենք, մինչև ստանդարտ ունենանք, որովհետև ստանդարտը մեկ հարց է, դրան համապատասխանող ընկերություն ունենալը՝ մեկ այլ հարց: Այս հրապարակային քննարկումը նրա համար է, որ այդ ոլորտի նաև օտարերկյա ընկերությունները, պոտենցիալ ներդրողներն իմանան, որ հսկայական դաշտ ունենք, որտեղ հնարավոր է աշխատել: Սա կարևոր առանձնահատկություն է և կարևոր ուղերձ»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ճանապարհներին գտնվող հուշարձանների պահպանության ու բարեկարգման խնդրին: «Այս թեմայի հետ կապված ուղղակի առնչություն չունեցող մեկ դիտարկում, որովհետև Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մասին է խոսքը: Դա Ստեփանավանից դեպի Ալավերդի, Օձուն տանող ճանապարհն է: Կրկին ծրագրերի ապահովման առումով և նույնիսկ վստահ չեմ, որ ասածս վերաբերում է հենց այն հատվածին, որտեղ նորոգում է տեղի ունենում: Վերջերս այդ ճանապարհով անցնում էի և նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ և երթևեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երևում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև դա ճարտարապետական հուշարձան է: Ի վերջո, ճանապարհի բովանդակությունը և էսթետիկան ամբողջությամբ փոխում է:

Ընդ որում, լուսավորության թեման նույնպես ցավոտ թեմա է: Ընդհանրապես այս ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնենք, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել: Հուշարձանի լուսավորությունն առանձին ոլորտ է. գոյություն ունի լույսի դիզայն, լույսի դիզայներ, և պետք է անպայման ամեն ինչ, ինչ անում ենք, անենք պրոֆեսիոնալ մակարդակի: Որովհետև շատ դեպքերում լինում է, որ գումար ենք ծախսում, փաստաթղթերում ֆիքսում ենք, որ ծախսեցինք, արեցինք, հետո ուզում ենք գնալ, իմանալ՝ արդյունքում ինչ ենք ստացել, տեսնում ենք, որ միջակ ինչ-որ բան ենք ստացել: Կարծում եմ՝ կրկին ստանդարտի խնդիր է: Ինչպես որ երկար քննարկեցինք, եկանք եզրակացության, որ դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն կառուցելիս հին գույքը նոր շենք պետք է չմտնի, այդպես էլ պետք է ինչ անում ենք, անենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով: Եվ դա միայն ամբիցիայի հարց չէ: Դա նախ ներդրման էֆեկտիվության հարց է և հետո, այսպես ասած, հարակից էֆեկտների ապահովման հարց է, որովհետև տուրիզմ կա, տնտեսություն կա, ի վերջո, տրամադրություն կա: Այդ ամեն ինչը պետք է պարտադիր հաշվի առնել: Նկատի ունեմ՝ երբ ճանապարհ ենք նորոգում, օրինակ, լավ կլինի, որ մեխանիզմ ունենանք, տեսնենք՝ այդ ճանապարհին զուգահեռ ինչ պատմական կամ ոչ պատմական հուշարձաններ կան, որոնք 30 տարի առաջ դրվել են, բայց այս ընթացքում չեն նորոգվել, զուգահեռ այդ գործողություններն էլ անենք: Մեր ծրագրային, տեխնիկական առաջադրանքների համատեքստում գուցե կարելի է նաև այսպիսի առաջադրանք դնել և այն լուծել՝ Տուրիզմի կոմիտեի կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ», - ասել է վարչապետը՝ տալով մի շարք հանձնարարականներ:

Նիստում ընդունվել են համանման մի քանի որոշումներ ևս՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության բարելավման և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ
24 C°
 
30°  17° 
28.09.2022
31°  18° 
29.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: