ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.46 դրամ +0,46 EUR - 400.8 դրամ +0,8 RUB - 6.7 դրամ +0,7 GBP - 456.43 դրամ +0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակին:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքներին, պայթյունից վնասվածք ստացած քաղաքացիների բուժօգնությանը և այլ հարցերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ ներկայացրեք այս պահի դրությամբ «Սուրմալու» արևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը և ի՞նչ աշխատանք է կատարվել նաև ներգրավված փրկրարների աշխատանքի վերաբերյալ: Համեցեք:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ամփոփ ներկայացնեմ օգոստոսի 14-ից մինչ օրս իրականացված և իրականացվող աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի հատվածում: Նշեմ, որ ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը զոհված, 10-ը փրկված: 10 փրկվածներին տարհանել են առաջիկա 2 ժամերի ընթացքում՝ հրդեհի բնկումից հետո: Այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբակ, 6 ավտոսանդուխտ, 9 փրկրարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ: Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ անձ համարվում է չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է: Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի նաև անուն ազգանունը մենք ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում՝ որ հատվածում:

Ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը և մոտեցել ենք բուն էպիկենտրոնին, ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այդտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ: Պարոն վարչապետ, ուզում եմ նշել, որ ներկա պահին ունենք որոշ բարդություններ՝ կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների, կախված սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար: Ըստ վիճակագրության՝ վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումի պահից 5 ժամ հետ այն համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ հետո տվել ենք ամբողջական մարում: Ներկա պահին կատարվում են միմիայն հովացման աշխատանքներ, մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս և մենք կատարում ենք հովացման աշխատանքներ: Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց:

Մեզ օգնության ձեռք են մեկնել Կարմիր խաչի 201 փրկարարներ և հոգեբաններ, «ՈՄԱ» կազմակերպության 132կամավորները և 250 այլ կամավորներ: Ընդհանուր թվով 382 կամավորներ են մասնակցել, չհաշված Կարմիր խաչի օգնությունը: Մեզ նաև աջակցություն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը: Ընդհանուր առմամբ, տրամադրվել է 23 ջրատար, 49 բեռնատար ինքնաթափ, 18 տրակտոր, 8 վերամբարձ կռունկ, 4 ավտոչանչ, 1 բեռնատար՝ կցորդիչով, 2 աղբատար, 7 այլ տեխնիկա և շտապօգնության 7 բրիգադ: Այս պահին, ինչպես նշեցի, աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են երկու հատվածով և ենթադրվում է, նաև մեր ունեցած տեղեկություններով, որ տվյալ անձը հենց գտնվել է այդ վայրում: Մենք փորձում ենք դեռ կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք նաև իրականացնում, որպեսզի կարողանանք մոտենալ հենց բուն այդ նկուղային հարկին, որտեղ գտնվել է քաղաքացին: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Պարոն Փամբուխչյան, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ այս պահին մեր կանխավարկածն այն է, որ մենք փլատակների տակ կարող ենք ունենալ մեկ մարմին:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Այո, պարոն վարչապետ, բայց նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այդտեղ է եղել հարվածային ալիքը, նաև այդ հրդեհը և այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հաջորդ խնդիրը, որն ուզում եմ արձանագրել, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարար ծառայությունը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, այսինքն՝ տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ տեխնիկան առկա է եղել, այսինքն՝ այդպիսի իրավիճակ չի եղել, որ մենք ինչ-որ խնդիր պետք է լուծենք, բայց չենք կարող լուծել որևէ տեխնիկական միջոցի բացակայության պատճառով: Այսինքն՝ լիարժեք հագեցվածություն ունենք մենք այդ առումով:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Այո, պարոն վարչապետ, մենք այս դեպքի հետ կապված մարդկային, տեխնիկական և այլ նյութական որևէ պակաս չենք ունեցել: Ամբողջությամբ բավարարել է մեր ունեցած մարդկային ներուժը և տեխնիկան տվյալ դեպքը սպասարկելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Տիկին Ավանեսյան, կա՞րող եք վիճակագրություն ներկայացնել, թե դեպքից հետո քանի քաղաքացի է դիմել բուժօգնության և այս պահի դրությամբ արդյոք ունենք դեպքից տուժած քաղաքացիների, որոնք շաորնակում են առողջապահական հիմնարկներում մնալ և ինչպիսի՞ն է նրանց վիճակը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Մեծարգո պարոն վարչապետ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափխվել կամ դիմել 62 քաղաքացի: 58-ը առողջացումով դուրս են գրվել, այս պահին 4 քաղաքացի է գտնվում բժշկական կենտրոններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար և առաջիկա օրերին ապաքինումով դուրս կգրվեն: Հիմնականում վնասվածները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ: Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն և ամպուլատոր կերպով հիմնական մասը ստանալով տեղում բուժօգնությունը՝ ուղարկվել են տուն: Ով ահնրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների՝ ամբողջն ընթացել է բարեհաջող և բոլորը իհարկե ապաքինումով դուրս կգրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վիրահատությունները, բուժսպասարկումն ամբողջը պետպատվերո՞վ է արվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Միանշանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ քաղաքացիները որևէ բան վճարելու անհրաժեշտություն ունեցե՞լ են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Ոչ: Ամբողջ բուժօգնությունը և հաջորդիվ եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության՝ նրանք կստանան ամբողջությամբ անվճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Պարոն Քյարամյան, գիտեմ, որ քրեական գործ է քննվում Քննչական կոմիտեում: Արդյոք քննությունով որևէ արդյունք այս պահի դրությամբ ունենք և արդյոք դիտարկել ենք վարկածն ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության և արդյոք ունենք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող հանգամանքներ այս պահի դրությամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում Ձեր կողմից նշված վարկածները, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես այսպես եմ հասկանում, նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն, ըստ էության, բացառվում է: Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Համենայնդեպս նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք՝ գրեթե բացառում է այդ հանգամանքը: Այս կապակցությամբ բան ո՞ւնեք ասելու, պարոն Քյարամյան:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան – Պարոն վարչապետ, հավելեմ նաև, որ այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, իհարկե, նման դեպքից հետո առաջին հարցը, որ գոնե ինձ մոտ ծագում է՝ հետևյալն է, թե ի՞նչ չենք արել, կամ կառավարությունը ի՞նչն այնպես չի արել, որպեսզի կարողանանք բացառել, կամ կանխել նման զարգացումը: Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տվյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփովում է, բայց նաև պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողձական զեկուցի, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել:

Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչսական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը: Ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակներում արձանագրել է խախտումներ: Այս տեղեկատվությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանփակված չի եղել: Խնդիրը եղել է այն, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա: Պարոն Պետրոսյան, ինձ հնարավորինս կարճ ժամկետում, բայց պետք չէ նաև շտապել մակերեսային եզրակացությունների գալու համար, կներկայացնեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարականը. օբյեկտիվ եզրակացության պիտի հանգենք: Համեցեք:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյան – Մեծարգո վարչապետ, ամենասեղմ ժամկետներում կզեկուցվի: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք անձամբ իմ, կառավարության անդամների, պետական իշխանության մարմինների, մեր ժողովրդի անունից ցավակցություն հայտնել պայթյունի հետևանքով զոհված մեր բոլոր քաղաքացիների ընտանքիների անդամներին: Այսօր այսքանը «Սուրմալուի» դեպքի առիթով: Իհարկե, մենք անդրադարձեր աշխատանքային կարգով ունենում ենք և դեռ կունենանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
21 C°
 
27°  15° 
08.10.2022
21°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: