ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունին:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվում է 15 բնակավայրերի 15 ծրագրերի համաֆինանսավորման համար: Նախարարը նշել է նաև, որ տարեցտարի ավելանում են հայտերի քանակը. 2022 թ. հաստատվել է 363 հայտ՝ 74 մլրդ դրամ արժեքով, իսկ 2023 թ. –ի համար արդեն 446 հայտ՝ 111 մլրդ դրամի չափով:

Վարչապետը ներկայացրել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Մասնավորապես, Արագածոտնի մարզում իրականացվել են Կարմրաշեն համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի աշխատանքներ, Արարատի մարզում՝ Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել են Մասիս քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերը և ապահովել են ջեռուցման համակարգով, գազիֆիկացվել է Ռանչպար համայնքը և այլն: Արմավիրի մարզում ասֆալտապատվել է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցը, Զարթոնք համայնքում կառուցվել է նոր երկհարկանի մանկապարտեզ՝ 140-150 երեխաների համար: Գեղարքունիքի մարզում իրականացվել են՝ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում, Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգում, Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և այլն: Լոռու մարզում իրականացվել է Շնող համայնքի Շնող բնակավայրի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ փողոցների ջրաֆիկացում, կառուցվել է ջրամբար և պոմպակայան: Շիրակի մարզում Աշոցք բազմաբնակավայր համայնքի կարիքները հոգալու համար ձեռք է բերել ավտոաշտարակ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկն է համալրվել, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հողը վարող/հերկող անվավոր տրակտոր, ազոտային գութան, ձյունամաքրող սարքեր, սերմնացան մեքենա: Տավուշի մարզի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերում հիմնովին վերանորոգվում և սալիկապատվում են ներհամայնքային ճանապարհները:

Անդրադառնալով իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ համատեքստում ոչ միայն շինարարության գնի, այլև շահագործման ժամկետի հաշվարկ ունենալու անհրաժեշտությունը: «Ե՛վ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք մի շարք բարեկարգման աշխատանքներ, որտեղ օգտագործվում են մասնավորապես բետոնե սալիկներ: Մեր դիտարկումները ցույց են տալիս որ բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է, դրանք շատ արագ են շարքից դուրս գալիս: Ես հանձնարարել եմ, որպեսզի մենք լրջորեն դիտարկենք հնարավորինս ավելի ու ավելի մեծ ծավալներով քարի օգտագործումն այդ ծրագերի համար: Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ գնային որոշակի ավելացումներ կունենանք, սակայն Քաղաքաշինության կոմիտեի եզրակացության համաձայն՝ քարով արված աշխատանքն առնվազն երեք անգամ ավելի երկար կծառայի: Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել եմ, որպեսզի մենք հաշվարկ ունենանք ոչ միայն շինարարության գնի, այլև` շահագործման ժամկետի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ հարկային եկամուտների նախատեսած պլանն էականորեն գերակատարվում է՝ մոտավորապես 70 մլրդ դրամի չափով. «Բայց մյուս կողմից էլ այդ գումարները արդյունավետ ծախսելու, կապիտալ ծրագրեր իրականացնելու խնդիր ունենք»:

1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների համար

Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 1,045,727,345 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 1,035,227,345 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10,500,000 ՀՀ դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար։ «Տարբեր հարցեր ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա խնդիրները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ՝ երրորդ շերտ, ասֆալտապատվի»,- նշել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի: «Մենք նաև Տաթևի ոլորանները շրջանցող՝ Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի շինարարությունն ենք իրականացնում: Այդտեղ պետք է շատ հետևողական և սկզբունքային լինենք, որպեսզի աշխատանքները նախատեսված ժամանակին և որակով իրականացվեն, և նոյեմբերին, ինչպես նախատեսված է, ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչապետը:

ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից: Մասնավորապես, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար հատկացնել 2,294,364,634 ՀՀ դրամ, որից՝ 2,259,074,648 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, տեխնիկական հսկողության համար՝ 21,129,427 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 14,160,559 ՀՀ դրամ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհահատածն անցնում էր Շիրակի մարզի Բենիամին համայնքում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություներից խուսափելու նպատակով վերակառուցվող ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Դրա համաձայն՝ տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտին։ Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող թվով 76 միավոր հողամասեր որոշ հատվածներ՝ առանց որոնց օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է հանրության գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի Բենիամին, Լանջիկ, Հայրենյաց, Ձորակապ, Ազատան բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուրը 88 միավոր հողամասեր: Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30- ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: