ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, օրենսդրական այս փաթեթով խստացվում են Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները: «Առևտրի և ծառայության մասին օրենքով սահմանած է, թե փողոցում և բացօթյա հատվածումներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Երևանը և այլ համայնքներ բախվում են այս խնդրին, և փողոցային առևտուրն անընդհատ առկա է։ Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։ Նախագծի վրա հիմնականում քաղաքապետարանի մեր գործընկերներն են աշխատել և առաջարկել են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենան բռնագրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել»,-ասել է նախարարը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է. «Պրոբլեմները մենք ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո հետահայաց նայում, ասում ենք՝ ինչի՞ ենք այսքան տարի կոմպրոմիսների մեջ»:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի և երկրում ստանդարտներ սահմանի: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացնելը. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն չպիտի լինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը և՛ պահեստավորումը և՛ անվտանգության ապահովումն ու օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։ Նույնն էլ փողոցային այս առևտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացնենք և առաջ գնանք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: