ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԻԵԴ որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։ Այս մասին ասվում է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:

Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով:

Այս համալիր ոճրագործությունը խախտում է մարդու բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհետացման հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Միջազգային իրավունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարում:

Միջազգային մարդասիրական իրավունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց կամայական ձերբակալությունների, կալանքի ու գերության ընթացքում այլ խախտումների հետևանքով անհետացումներից: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։

Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։

Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։

Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։

Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»,– ասվում է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: