ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ գումարել է արտահերթ նիստ. ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Կարեն Անդրեասյանը

Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ դրական քվեարկության դեպքում մեծ ուրախությամբ է ստանձնելու այդ պաշտոնը:

Հոկտեմբերի 6-ին  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ. օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի ընտրության հարցն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած տեղի համար թեկնածու է առաջադրել Կարեն Անդրեասյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Կարեն Անդեասյանի խոսքով՝ մարդիկ ձանձրացել և հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ շարունակ: «Հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաև ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն: Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն՝ որպես դասախոս, որպես փաստաբան, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես գործարար, որպես ՀԿ ներկայացուցիչ, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և վերջում՝ որպես նախարար»,-ընդգծել է թեկնածուն:

Նա տեղեկացրել է, որ բոլոր այդ փորձերն ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասամբ նաև ձախողումներ: Թեկնածուն խոստացել է, որ վստահության քվեի դեպքում կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար, իսկ դա, ըստ նրա, բավական է ավելի շատ բան անելու համակարգի համար, քան բոլոր թվարկված պաշտոններում ու հանգամանքներում: «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին իսկապես մոտենալու»,- իր ելույթը եզրափակել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Թեկնածուն պատասխանել է նաև պատգամավորների հարցադրումներին:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը թեկնածուից մեկնաբանություն է խնդրել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց, Կարեն Անդրեասյանը չի կարող լինել ԲԴԽ անդամ՝ մասնավոր ընկերության սեփականատեր լինելու պատճառով:

Թեկնածուն, դիմելով լրագրողներին, խնդրել է, որ ինչ-որ հրապարակում կատարելուց առաջ գոնե ճշտեն այն ինֆորմացիան, որը բաց է, ապա ավելացրել է, որ երբեք չի եղել այն իրավաբանական ընկերության բաժնետերը, որի մասին մամուլում գրված է: Նա ավելացրել է, որ այդ ընկերությունում իր կինն ունի բաժնեմաս, ինչը խոչընդոտ չէ իր՝ ԲԴԽ անդամի թեկնածու լինելու համար:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը թեկնածուից հետաքրքրվել է այն առաջնային ծրագրերով, որոնք կյանքի են կոչվելու անմիջապես: Կարեն Անդեասյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ ԲԴԽ անդամը միայն մի անելիք ունի՝ քվեարկել արդար: Անդրադառնալով համակարգին՝ նա նշել է, որ կան հսկայածավալ ասելիքներ ու անելիքներ՝ դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչև դատավորների խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային և ոչ յուրային տրամաբանությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը թեկնածուից հետաքրքրվել է, թե ԲԴԽ անդամ դառնալու դեպքում արդյո՞ք չեն տուժի այն նպատակներն ու անելիքները, որոնք ուներ Արդարադատության նախարարը, ապա ավելացրել՝ դրանով արդարադատության համակարգն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ տուժելու:

Կարեն Անդրեասյանն անկեղծացել է, որ ԲԴԽ անդամի թեկնածու դառնալու առաջարկը ստանալուց հետո ինքը ևս ունեցել է այդ ներքին պայքարը: Նա ընգդծել է, որ մեծ է եղել գայթակղությունն ընտրել շարունակել այն բազմաթիվ ծրագրերը, որոնք մեկը մյուսից կարևոր են լինելու ամբողջ արդարադատության համակարգի համար, թե՞ գնալ ԲԴԽ ու կենտրոնանալ հատկապես դատարանների վրա: Թեկնածուն կրկնել է, որ երբեմն մեկ արդար քվեով կարող է ավելի շատ բան փոխվել ամբողջ արդարադատական համակարգում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: