ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր․ԵԱՀԿ- ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին աշխատել հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 6-ին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։

Իր ելույթում նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և  Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 4-ին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ժամանակ խրախուսել էր վստահության մթնոլորտի ձևավորումն ու բանակցություններում հետագա առաջընթացը՝ ողջունելով նաև հայկական ու ադրբեջանական կողմի դրական քայլերը, այդ թվում և 17 հայ ռազմագերիներին Հայաստանին վերադարձնելու փաստը։

«Մենք շարունակում ենք քաջալերել Հայաստանին և Ադրբեջանին՝ կարևոր հարցերը լուծելու բանակցային սեղանի շուրջ։ Տևական խաղաղություն չի կարող լինել առանց հաշտեցման, և դիվանագիտությունն է միակ ճանապարհը՝ հասնելու այդ կետին։ Նախորդ շաբաթ սոցիալական մեդիայի ալիքներում տարածված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը սպանում անզեն հայ գերիներին, պետք է լիարժեք ու անաչառ հետաքննության առարկա դառնա։ Գերիների խոշտանգումների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում հետաքննությունը, որը սկսել է Ադրբեջանի գլխավոր դատախազը և հիշեցնում ենք կողմերին հետևել իրենց իսկ հանձնառություններին՝ հրատապ կերպով վերադարձնել ռազմագերիներին ու նրանց վերաբերվել՝ համաձայն միջազգային պարտավորությունների»,- նշել է Քարփենթերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգիչ է համարում սեպտեմբերին գրանցված հրադադարի խախտումները։ «ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խստորեն հետևել կայուն հրադադարին, հետ քաշել ու հեռացնել իրենց զինված ուժերին, ինչպես նաև շարունակել բանակցությունները սահմանների դելիմիտացիայի թեմայով՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք Ադրբեջանին ուղղված մեր կոչը՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը՝ նախքան ռազմական գործողությունների բռնկումը եղած նախնական դիրքեր հետ քաշել իր զինված ուժերին։ Սահմանային վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների, այլ ոչ թե բռնության միջոցով։ Հայ զինվորների և ականների վրա պայթած ադրբեջանցի քաղաքացիների մահերը, որոնք գրանցվեցին նախորդ շաբաթ, հստակորեն և ողբերգական կերպով ի ցույց են դնում այս հակամարտության շարունակվող հումանիտար հետևանքները»,- ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ դերի մեծացմանը՝ վստահության մթնոլորտի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի  հարցում, այդ թվում և Փաստերի որոնման առաքելության հիմնումը, որի հարցով դիմել է Հայաստանը։  

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության մթնոլորտ ձևավորելու և միջազգային պարտավորվածություններն ու հանձնառությունները կատարելու հարցում պատասխանատու մոտեցում ցուցաբերելու  նպատակով։ Հորդորում ենք հետագա առաջընթաց գրանցել՝ անհետ կորած անձանց հարցի լուծման և մնացած ռազմագերիների վերադարձի հարցում։ ԱՄՆ-ն աջակցում է համապարփակ խաղաղության գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմ՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես Եվրամիության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- ասել է Քարփենթերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: