ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդրվի 2023 թվականից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին և դրանց քննարկումը ԱԺ-ում համարել անհետաձգելի: Նախագծերի նպատակը հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է: Օրինագծով առաջարկվում է պահպանել գործող օրենսդրությամբ սահմանված՝ հարկային գործակալների կողմից վճարված եկամուտների մասով վերջիններիս կողմից եկամտային հարկի ամսական հաշվարկներ ներկայացնելու համակարգը, ֆիզիկական անձանց կողմից ոչ հարկային գործակալներից ստացված՝ եկամտային հարկով հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ ներկայացնելու համակարգը: Միաժամանակ, առաջարկվում է ներդնել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝ հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները, հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները: Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը: Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն և արդյունավետությունը բարձրացնելուն: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ, եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ենթակա են տրամադրման հարկային մարմնին՝ հարկային մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: «Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու է լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը: «2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն: 2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել, որ համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները»,-նշել է նախարարը:

Հայտարարագրման համակարգին զուգահեռ նախատեսվում է ներդնել նաև խթանող միջոցառումներ` սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, որի շրջանակում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կատարած ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ: Ֆինանսների նախարարի խոսքով՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը նախնական շրջանում կսահմանվեն կառավարության որոշմամբ, ապա՝ բարեհաջող ընթացքի դեպքում, հետագայում կամրագրվեն օրենքով: Տիգրան Խաչատրյանը հավելել է նաև, որ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսվելու է պատասխանատվություն, որի չափի հարցը կքննարկվի Ազգային ժողովում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը, այն որակել է շատ կարևոր քայլ. «Պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում: Նման քայլերի տրամաբանությունը բխում է թերևս մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա: Այսինքն՝ պետությունը, առավել ևս ժողովրդավարական պետությունը հիմնվում է պետություն ունենալու քաղաքացիական կամքի վրա: Սա մի ինստիտուտ է, որը հենց այս կամքի արձանագրումն է: Քաղաքացին, ըստ էության, այս և մի շարք այլ ինստիտուտներով արձանագրում է պետություն ունենալու իր կամքը, և սա չափազանց կարևոր է:

Այս առումով մի քանի կարևոր որոշումներ ենք կայացրել: Ուզում եմ հիշեցնել նաև անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը: Պարզ է՝ շատ մեծ քննարկում եղավ, բայց ես մի նրբության վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Օրինակ, մինչ նախորդ տարվա բարեփոխումները, անշարժ գույքի հարկի համակարգում կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում: Մենք քաղաքական որոշում կայացրեցինք և ասացինք, որ եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, այդ 100 դրամը քաղաքացին թող վճարի և պետք է վճարի: Այդ 100 դրամն իր կյանքը հաստատ չի վատացնելու և պետական բյուջեն էլ բան չի տալու, բայց դա պետություն ունենալու քաղաքացու կամքի արտահայտություն է լինելու: Ստեղծելու է կապ՝ «ես քաղաքացի եմ, ունեմ պետություն, պետությունն իմ հանդեպ ունի պարտավարություններ և ես պետության հանդեպ ունեմ պարտավորություններ և ունեմ իրավունքներ, որոնք պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»: Սա շատ ավելի խորը և շատ ավելի համապարփակ որոշում է»:

Վարչապետը նշել է, որ համակարգը ներդնելու հարցում քաղաքական կամքի բացակայություն չկա, ակայն այն շատ բարդ է և պետք է լավ նախագծել: «Դեռ հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն: Դրա մեջ ոչ մի խնդիր չկա: Համակարգը փուլային եղանակով է ներդրվում, և մենք պետք է հետևողականորեն այն ներդնենք: Պետք է կոնսոլիդացնենք քաղաքական և քաղաքացիական կամքը, որը պետք է արտահայտվի, այդ թվում՝ պետական բյուջեի եկամուտների աճով, որը պետք է արտահայտվի նաև թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի


Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրն որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Արդյունքում հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը: Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր: Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծմանն ուղղված այս մեխանիզմը բավական երկար ժամանակ է քննարկվում. «Գիտեք, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա: Մենք քննարկում էինք երկար ժամանակ, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը, այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիներն ստանան համարժեք բնակարաններ»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել խնդրի լուծմմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: «Երևան քաղաքում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր: Պարզ մի բանաձև ենք առաջարկում: Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել: Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ», -ասել է Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով ներդրումային երաշխիք է ապահովվում: «Բազմաբնակարան շենք է, ենթադրենք այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով, հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ կառավարությունը դեռևս 2021 թ.-ին հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: «Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին և խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը հնարավորինս կառուցապատման ներդրումային ծրագրերի շրջանակում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման եղանակով»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Այդ համատքեստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական կառավարմանն անցում կատարելը: «Կառավարության նիստում ես նաև հրապարակային հայտարարեցի, որ մենք անցում պիտի կատարենք և անցում ենք կատարում ռազմավարական կառավարման: Սա ի՞նչ է նշանակում:Ես նշեցի, որ դեռևս 2018-2019 թվականներից այս սխեման քննարկվում է, հետո ընդունվել է հայեցակարգ, որտեղ մենք գծագրել ենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է այդ հարցը լուծել, հիմա եկել է այդ հայեցակարգն իրականություն դարձնելու ժամանակը: Այս հետևողական աշխատանքն ավելի հնարավոր է դարձնում նման որոշումների կայացումը: Մեզ այս և մյուս հարցերում մեղադրում են, որ արդեն մի տարի կառավարություն եք, այս կամ այն հարցն ինչու չի լուծվել. շատ պարզ պատճառով՝ մենք պլանավորում ենք, որպեսզի ճիշտ հայեցակարգով և ռազմավարությամբ գնանք առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Ավելի քան 1 միլիարդ դրամ կհատկացվի ճանապարհաշինական 3 ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով: Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի համար կհատկացվի 595 միլիոն դրամ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի համար՝ 460 միլիոն դրամ, իսկ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի համար` 180 միլիոն դրամ: «Բավականին ճանապարհահատվածներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է: Տաթև-Լծեն ճանապարհահատվածի 20 կմ-ից 18.7 կմ-ը ասֆալտապատ է: Եթե կարողանանք Շամբ-Լծեն հատվածն էլ ասֆալտապատել, կստացվի, որ կկարողանանք ձմռանը ճանապարհն օգտագործել»,-ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով:

Կառավարությունը 500 000 դրամ սոցիալական աջակցություն կտրամադրի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Oրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից։

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է համապատասխան փոփոխությունը կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ներկայացված օրենսդրական փոփոխությունների կիրառման դեպքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտայի մասի պլանավորման և կատարման մակարդակը, ինչպես նաև կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Եվրոպլաստ 999», «Յունիվերսալ Քլոզրս», «Պարկ Գրուպ», «Հրաշք Գրուպ» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կախովի առաստաղների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 189 մլն դրամ:

«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ալյումինե կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 282 մլն դրամ:

«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ։ 2017 թ. ստեղծված ընկերությունը ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։

«Հրաշք Գրուպ» ՍՊԸ-ը ներդրումային ծրագիր է իրականացնելու տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար՝ Արարատի մարզում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։ Արդյուքնում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 790.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54.6 մլն դրամ։

Քանաքեռ-Զեյթունում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 600 000 000 դրամ: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

Երևանի քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար կառավարության որոշմամբ Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Հիմնավորման համաձայն՝ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Կառավարությունն ընդունել է «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ «Հայաստան» համահայկական և «Ջոն և Հասմիկ Մկրտիչյան» հիմնադրամների միջև 2022թ. ապրիլի 20-ին կնքած «Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ներքին Խնձորեսկ համայնքում բնակելի տների կառուցման ծրագիր համատեղ իրականացնելու մասին» համաձայնագրով Գորիս համայքի Ներքին Խնձորեսկ գյուղում նախատեսվում է կառուցել 6 բնակելի տուն՝ 4 տուն Արցախից տեղահանված և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար: Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են 6 բնակելի տների կառուցման և դրանց սպասարկման նպատակով առանձնացված ընդհանուր 0.7233 հեկտար մակերեսով 6 միավոր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 2,06 կմ/ժ
-0 C°
 
  -3° 
09.02.2023
  -5° 
10.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։