ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշումները պետք է կայացվեն թափանցիկ և լինեն հիմնավորված. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է 44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:
Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:
Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը, բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է,- նշել է պետնախարար:- Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե ինչպես եք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»:
Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները, որոնք վերաբերել են, մասնավորապես, ճանապարհաշինությանը, գյուղտեխնիկայով ապահովվածությանը, բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները: «Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ բարձրացված հարցերն ուսումնասիրվելու են, քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:
Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին, տնօրեն Արտակ Սարգսյանի հետ քննարկել զարգացման հեռանկարները:
Պետնախարարը ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:
Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: