ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյան ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում կարևորելով թափանցիկության սկզբունքն, անդրադարձել է նախօրեին կայացված որոշումներին:

Պետական նախարարի գրառման մեջ ասված է.
 
«Արցախի քաղաքական համակարգի մասին
 
Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:
 
Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ  կարող է լինել ավելի պարզ համակարգը,  ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
 
Շատ կարևոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը:  Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաև պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:
 
Թափանցիկ աշխատանքը,  որոշումների կայացման հիմնավորվածությունը,  առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:
 
Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:
 
Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել,  չխուսափել պարզ խոսելուց և մինչև դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:
 
Նախարարների հրաժարականի մասին
 
Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն։
 
Երբ աղետի հետևանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու և մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք:
 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել գործի իրենց մասը։ Հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու և նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու»  հարցը:
 
Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն և խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։  Այս ճակատը ենթադրում է  բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։
 
Ճիշտ ձևավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարևոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության և զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։
 
Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն և հարատև զարգացումը»։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: