ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն քաղաքական դինամիկան, որը գործնականում մեր երկրի անկախության ողջ շրջանում անընդհատ արտահայտվել է նորանոր դրսևորումներով: Շատ ուրախ եմ արձանագրել, որ նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մենք անվանում ենք առանձնաշնորհյալ, իրենց հենց այդ վերնագրին համարժեք արտահայտությունն են գտնում պետական կառավարաման և տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակներում:

Շատ կարևոր է ընդգծել՝ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող և գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում, և դա շատ կարևոր է մեզ համար: Մենք անընդհատ առիթներ ենք ունենում ծափահարելու Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին և, եթե ես հիմա այդ առիթները թվարկեմ, նույնիսկ բավական երկար կտևի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և մեր խորհրդարանական գործընկերներին այդպիսի քաղաքական կամքի համար: Համոզված եմ, որ այս քաղաքական և մարդկային ջերմությունը, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունի երկար տարիներ, նորանոր առարկայական դրսևորումներ կունենա»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում: Յաել Բրաուն-Պիվեն հիշատակել է Ազգային ժողովի և Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձևերի փաստը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և կարևորվել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը և Յաել Բրաուն-Պիվեն շեշտել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, կարևորվել է տնտեսության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում կապերի էլ ավելի խորացումը: Տեղեկացվել է, որ առաջիկայում սկսելու է գործել Մարսել-Երևան ավիաչվերթը, ինչը կնպաստի տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացմանը: Քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և ընդգծել, որ ռեֆորմների հարուստ օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է: «Որևէ իրադարձություն կամ խնդիր չպետք է մեզ շեղի բարեփոխումների ուղուց, մեր արձագանքը մարտահրավերներին պետք է լինի ասիմետրիկ»,- նշել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: