ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրասիական Միության այն երկրները, որոնք կմիանան «Նոր Մետաքսի ճանապարհին», ավելի շատ կշահեն»

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը ՉԺՀ Նանջինգի համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ  Ճու Զենգճիի հետ:

- Պատմե՛ք, խնդրեմ, Չինաստանի «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնության մասին:

- Ավելի քան 2000 տարի գործել է հայտնի Մետաքսի ճանապարհը, որը սկիզբ է առել Չինաստանից և այն կապել է Արևմուտքի հետ` միացնելով Ասիան Եվրոպայի և Աֆրիկայի հետ: Մետաքսի ճանապարհով տեղափոխվել են արևելյան և արևմտյան ապրանքները, այդ թվում չինական մետաքսը և արևմտյան համեմունքները լեռներով, հարթավայրերով, գետերով, լճերով ու ծովերով` օգուտ բերելով երեք մայրցամաքների ժողովուրդներին:

2013թ. սեպտեմբերի 7-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը առաջարկեց «Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» և «Նոր ծովային Մետաքսի ճանապարհի» հայեցակարգերը Ղազախստանում Նազարբաև համալսարանում իր ելույթի ժամանակ: Այս նոր հայեցակարգի համաձայն՝ ներգրավված երկրների տնտեսական համագործակցությունը պետք է աճի:

- Ի՞նչ օգուտ է ցանկանում քաղել Չինաստանն այս նախագծից:

- Մի ծառն անտառ չի դառնում: Որպես աշխարհի ամենամեծ զարգացող երկիր՝ Չինաստանը հույս ունի ընկերանալ մոլորակի բոլոր երկրների հետ և զարգանալ նրանց հետ միասին: Չինաստանը երբեք չի փորձի դոմինանտ դիրք ստանալ տարածաշրջանային հարցերում և պատրանքներ չի էլ փայփայում գլոբալ ազդեցության վերաբերյալ: Չինաստանը երբեք չի միջամտի այլ երկրների ներքին գործերին, միշտ կհարգի տարբեր երկրների ժողովուրդների կողմից ընտրված քաղաքական ուղին: Չինաստանն իսկական ընկեր է, որին կարելի է վստահել, նա կօգնի և կաջակցի: Մետաքսի ճանապարհի երկրների ջանքերով բոլոր գործընկեր երկրները, ներառյալ նաև Չինաստանը, կշահեն բիզնեսի, գյուղատնտեսության, արդյունաբերության, անվտանգության և այլ ոլորտներում:

- Ո՞ր երկրները կարող են մասնակցել այս նախաձեռնությանը:

Բոլոր այն երկրները, որոնք այդ ճանապարհի վրա են կամ էլ մոտ են գտնվում, կարող են միանալ այս ընդարձակ և ազատ տնտեսական համագործակցությանը.

- Կենտրոնական Ասիայում` Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան,

- Մերձավոր Արևելքում/Արևմտյան Ասիայում` Իրան, Իրաք, Հորդանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Թուրքիա և այլն,

- Կովկասում և Արևելյան Եվրոպայում` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և այլն,

- Ռուսաստան,

- Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան:

- Իսկ ո՞ր երկրների հետ է Չինաստանը արդեն պայմանագրեր ստորագրել այս նախագծի շրջանակներում:

- «Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» և «Նոր ծովային Մետաքսի ճանապարհի» հայեցակարգերը ողջունել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներ, որոնց հետ Չինաստանը համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի: Չինաստանը ցանկանում է ավելի ու ավելի շատ ընկերներ ունենալ, բայց երբեք չի ստորագրի քաղաքական դաշինք կազմելու պայմանագիր:

 - Ինչպե՞ս է անցնելու «Նոր Մետաքսի ճանապարհը» Կովկասով:

- «Նոր Մետաքսի ճանապարհը» հաստատ կանցնի Հարավային Կովկասով, որը Ասիան Եվրոպային կապող ամենակարևոր տրանսպորտային ուղին է: ՆՄՃ-ն կանցնի Կասպից ծովով, Հայկական բարձրավանդակով և Սև ծովով: Հարավային Կովկասի երեք երկրները` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այժմ Չինաստանի շատ լավ ընկերներն են:

- Ո՞րն է Հարավային Կովկասում Չինաստանի քաղաքականությունը:

- Չինաստանը հուսով է, որ այս տարածքը արագ կզարգանա կայունության պայմաններում, աշխարհի հետ համագործակցության միջոցով: Տնտեսության զարգացումը, որի շնորհիվ կբարելավվեն մարդկանց կյանքի պայմանները, կօգնի լուծել քաղաքական խնդիրները: Չինաստանը ցանկանում է Հարավային Կովկասում համագործակցել տնտեսության ամեն ոլորտում: Չինաստանը հնարավորություն ունի նրանց օգնելու գյուղատնտեսության, արդյունաբերության, տրասնպորտային հաղորդակցության և այլ բնագավառներում: Չինաստանը նաև շատ մեծ շուկա է, որից օգուտ կստանա Հարավային Կովկասը:

- Արդյո՞ք «Նոր Մետաքսի ճանապարհը» Պուտինի Եվրասիական միության այլընտրանքն է:

- «Նոր Մետաքսի ճանապարհը» և Եվրասիական միությունը միմյանց չեն հակասում: Հակառակը՝ դրանք կարող են միմյանց փոխլրացնել: ԵԱՏՄ-ն նախաձեռնեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, որոնք անկախացան Խորհրդային Միությունից: «Նոր Մետաքսի ճանապարհը» նախաձեռնեց Չինաստանը` աշխարհի ամենամեծ զարգացող երկիրը: Այս երկու նախագծերն էլ միացնում են Խաղաղօվկիանոսյան տնտեսական գոտին և Եվրոպական միությունը, սակայն արտադրում են տարբեր ապրանքներ: Այս երկուսը կարող են շատ լավ համագործակցել և միմյանցից կախված են փոխշահավետ ապագա ստեղծելու հարցում:

- Այս երկու նախաձեռնությունները հատման ի՞նչ կետեր ունեն:

- Հատման շատ կետեր ունեն: Չինաստանն այնպիսի ապրանքի մեծ շուկա է, ինչպիսին է հանքային վառելիքը, ինչով հարուստ է Եվրասիական միությունը: Եվրասիական միությունը մեծ առավելություններ ունի տարբեր ասպեկտներում, ինչպիսիք են տեղակայությունը, ռեսուրսները, տեխնոլոգիաները և այլն, որտեղ Չինաստանը կարող է ներդրումներ կատարել և համագործակցել:

- Իսկ ինչպե՞ս կարող են Եվրասիական միության երկրները «Նոր Մետաքսի ճանապարհի» մասնակից լինել:

- Այժմ Չինաստանն ու Ռուսաստանը շատ լավ ընկերներ են և միմյանց օգնում են շատ բնագավառներում: Մյուս երկրները կարող են մասնակցել կամ այս ծրագրերից որևէ մեկին, կամ էլ երկուսում միաժամանակ: «Նոր Մետաքսի ճանապարհը» բաց և ազատ ռազմավարություն է, որում, հավանաբար, մեծ թվով երկրներ կմասնակցեն մոտ ապագայում: Եվրասիական միության երկրները, որոնք կմիանան նաև «Նոր Մետաքսի ճանապարհին», կարծում եմ, ավելի շատ կշահեն և ավելի կարևոր դեր կխաղան համաշխարհային տնտեսության մեջ: Չինաստանը միշտ էլ հանդուրժողական է եղել՝ փոխշահավետ գործընկերության հրավիրելով ավելի ու ավելի շատ ընկերների:

 

Հարցազրույցը վարեց Նաիրա Մկրտչյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: