ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի ամբողջական տեքստը

Եվրախորհրդարանը ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին բանաձև է ընդունել:

Ներկայացնում ենք բանաձևի ամբողջական տեքստը.

Եվրոպական խորհրդարանը,

-Հաշվի առնելով 1948թ. ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի  մասին ՄԱԿ Կոնվենցիան

-հաշվի առնելով 1987թ. հունիսի 18-ին Հայկական հարցի քաղաքական լուծման մասին իր ընդունած բանաձևը

– հաշվի առնելով 2015թ. մարտի 12-ին ընդունած մարդու իրավունքների և ժողովրդավարության 2013թ. ամենամյա զեկույցի մասին բանաձևը և այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականությունը

-հաշվի առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը

-Հաշվի առնելով 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հայտարարությունը

-հաշվի առնելով իր Կանոնադրության 123(2) և (4) կետերը

Ա. Ելնելով այն հանգամանքից, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Բ. Նկատի ունենալով, որ գնալով աճում է այն անդամ-երկրների և ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը

Գ. Նկատի ունենալով, որ Եվրոպական միավորման շարժման գլխավոր խթաններից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է

Դ.Նկատի ունենալով, որ Թուրքիան և Հայաստանը, 2009-ին Ցյուրիխում ստորագրելով հարաբերությունների հաստատման և զարգացման արձանագրությունը, ձեռնարկել են  դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ե. Ելնելով նրանից, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության

1.Հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական համերշխության  և արդարության ոգուն համահունչ՝ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակի արարողություններին

2. Վկայակոչում է 1987թ. հունիսի 18-ի բանաձևը, որով Եվրախորհրդարանը մասնավորապես ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու  կոնվեկցիայում,  դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու ցանկացած փորձ,

3.Հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ ևս մեկ անգամ աշխարհի հիշեցնելու բոլոր մարդկանց և ազգությունների՝ խաղաղության և արժանապատվության իրավունքը,

4. Ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին արդյունավետ կանխումը և պատժումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում;

5. Ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունները, որտեղ նրանք ցավակցություն էին հայտնում և ճանաչում Օսմանյան Կայսրության հայերի դեմ իրականացված վայրագությունները; կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես հնարավորություն՝ շարունակելու իր ջանքերը արխիվները բացելու, իր անցյալին առերեսվելու: Կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթել: Ողջունում է Հռոմի Պապի ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ խաղաղության ու հաշտության ոգով:

6. Կոչ է անում Թուրքիային հարգել և գիտակցել մշակութային ժառանգության պաշտպանության հարցում իր վերցրած պարտավորությունները, մասնավորապես բարի կամք դրսևորելով իր իրավասության շրջանակներում գտնվող հայկական մշակութային ժառանգության համալիր գույքագրում իրականացնել, այդ թվում անցյալ դարում իր իրավասության շրջանակներում ոչնչացված կամ վնասված այլ մշակութային ժառանգությունների նկատմամբ;

7. Առաջարկում է Հայաստանին և Թուրքիային օգտագործել եվրոպական ազգերի հաջող համագործակցության օրինակները և կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որտեղ առաջնահերթ է համարվում ժողովուրդների միջև համագործակցությունը; հավատում է, որ դա իր ներդրումը կունենա հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական հաշտեցման՝ ճշմարտության և հավատի ոգով; աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին, որոնք ուղղված են հարաբերությունների նորմալացմանը; կոչ է անում Թուրքիային և Հայաստանին ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների վավերացման և առանց նախապայմանների դրանց կատարման ճանապարհով՝ բացելով սահմանը և ակտիվորեն աշխատելով հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հատուկ շեշտադրելով սահմանային համագործակցությունը և տնտեսական ինտեգրումը;

8. Հանձնարարում է իր նախագահին այս բանաձն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, անդամ երկրների կառավարություններին և խորհրդարաններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և խորհրդարանին և Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և խորհրդարանին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: