ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարող է իրական նախաձեռնություններ ցուցաբերել եվրաինտեգրման առումով. Արմեն Զաքարյան

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք  Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի հետ:

 

 


-  Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան գործընկերության քաղաքականության որակն այսօր: Ի՞նչ հիմնական ուղղություններով, ըստ Ձեզ, պետք է բարեփոխվի այդ քաղաքականությունը: 

- Ռիգայի գագաթաժողովը ցույց տվեց առնվազն երկու հանգամանք: Մեկ, որ Արևելյան գործընկերությունը վերջնականապես դադարել է Լեհաստանի ու Շվեդիայի համատեղ նախաձեռնություն ընկալվելուց և այլևս ձևակերպված է իբրև Եվրամիության քաղաքականություն: Այնպես չէր, որ այն ԵՄ-ի քաղաքականության բաղադրիչը չէր Վիլնյուսից հետո, և նաև դրանից առաջ, սակայն այդ  ընթացքում շատ ջրեր հոսեցին, ուկրաինական դիմակայությունն ուժային և քաղաքական կոշտ զարգացումներ ստացավ, Ռուսատանի նկատմամբ  մի ողջ համալիր  պատժամիջոցներ կյանքի կոչվեցին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դարձավ ԵՄ նախագահ ու հնարավորություն ստացավ առարկայորեն ազդել ստրատեգիական որոշումների բովանդակության վրա: Այսինքն, մտահաղացման հեղինակներն այլևս տիրապետում են լծակների, որոնց գործադրման արդյունավետությունը կարող է ավելի մեծ լինել:
Ու եթե ի սկզբանե ԵՄ-ի առաջատար երկրները՝ Գերմանիան ու Ֆրանսիան առանձնապես ոգևորություն չէին  ցուցաբերում ԱլԳ-ի նկատմամբ, այլևս, կարծես, առավել ներգրավվածության նշաններ են  ցույց տալիս:  Բրյուսելի համար Արևելյան գործընկերությունը եթե ոչ  երկարաժամկետ, ապա գոնե միջնաժամկետ քաղաքականության բովանդակություն է ձեռք բերում, պայմանավորված հենց թեկուզ նրանում Ուկրաինայի մասնակցության հանգամանքով  և Ռուսաստանին հետ նաև «կողմնակի» խնդիրներով բանակցելու հնարավորություններով:
Երկրորդ հանգամանքն ըստ էության այս տրամաբանության շարունակությունն է՝ Ռիգայի  գագաթաժողովն ընդունելով և արձանագրելով հանդերձ, որ ԱլԳ-ին մաս կազմող երկրները ոչ միայն եվրաինտեգրման դինամիկայի, այլև աշխարհաքաղաքական ու ներքին զարգացումների առումով  տարբեր իրականություններում են, պահպանեց ԱլԳ-ն իբրև միասնական ֆորմատ և ընդհանուր շրջանակ նրանում ընդգրկված պետությունների հետ իրականացվելիք գործունեության համար՝ միաժամանակ իրեն տարբերակված մոտեցումներով գործելու մանդատ վերապահելով: Այս վերջին հանգամանքը կարևոր է՝ որդեգրել անհատական մոտեցում և ունենալով յուրաքանչյուր երկրի կարիքների պատկերը, շարժվել ըստ այդմ մշակված գործողությունների ծրագրի: Դա իսկապես կարող է բերել որակական առաջընթացի: 

-  Որքանո՞վ արդարացան Ձեր ակնկալիքները Ռիգայում կայացած ԱլԳ գագաթաժողովից: Ո՞րն էր գագաթաժողովի հիմնական ձեռքբերումը և/կամ թերացումը: 

- Ի տարբերություն վիլնյուսյան գագաթաժողովին նախորդած ժամանակահատվածի, Ռիգայից առաջ  չկային չհիմնավորված էյֆորիկ սպասումներ, ինչը հետևանք է վերջին երկու տարում  նախկին ԽՍՀՄ տարածքի եվրոպական մասում տեղի ունեցած զարգացումների: Նույնիսկ ԱլԳ առաջատարներ համարվող Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի  համար Ռիգան  չդարձավ եթե չասենք ամեն ինչ, ապա նույնիսկ իրենց նախնական սպասումների առավելագույնը ստանալու ժամադրավայր: Ըստ էության, Ռիգայում արձանագրվեց այն, ինչը հնարավոր էր այդ պահին՝ հետագա սրացումների հեռանկարը բացառելու նպատակադրմամբ: Ռիգայից առաջ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունները և որոշակի հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունները արձանագրեցին  այն կոսենսուսը, որն այդ պահին հնարավոր էր:

 Ուստի, չնայած ամփոփիչ փաստաթղթում տեղ գտած Կրեմլի քաղաքականությունը քննադատող ձևակերպումներին, նույնիսկ Անգելա Մերկելը հարկ համարեց ընդգծել, որ ԱլԳ-ն Ռուսաստանի դեմ ձեռնարկված քայլ չէ:  Մյուս կողմից, սակայն, հարկավոր է մշտապես հիշել, որ արագ փոփոխվող  այսօրվա աշխարհում կարծրացած իրավիճակներ չկան ու  թեպետ դիրքորոշումների մեջ որոշակի ընդհանրություն արձանագրվել է այս փուլում, սակայն այնպես չէ, որ առաջիկա  զարգացումները դրանցում նորանոր շտկումներ չեն  առաջացնի ու նոր վիճակներ չեն առաջանա  երկու տարուց նախատեսված գագաթաժողովից առաջ:   

Իհարկե ցանկալի կլիներ, որ Ռիգայի գագաթաժողովում  ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների  համար ձեռքբերումներով առարկայացած նոր ուղենիշներ մատնանշվեին, սակայն եթե չափազանցությունների գիրկը չընկնենք, ապա ընթացիկ գլոբալ  զարգացումների խորապատկերին  Հայաստանը կստանա այն, ինչը նախանշվում էր՝ շուտով նոր մանդատ կսահմանվի Երևանի հետ բանակցություններն ու աշխատանքը շարունակելու համար: 

 - Ի՞նչ ուղղությամբ, ըստ Ձեզ, գագաթաժողովից հետո կշարունակեն զարգանալ Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱլԳ մյուս երկրների հետ:

 Հայաստանի դեպքում ԱլԳ ֆորմատն ինքնին հնարավորությունների հեռանկար է: Էական է, որ կարևորվեց անհատական մոտեցման սկզբունքը և այս առումով կարևոր է Անգելի Մերկելի հայտարարությունը, որ Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին խոչընդոտ չէ  ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Եթե հիշենք, որ ընդամենը երկու տարի առաջ Երևանում Գերմանիայի դեսպանը հանդես էր գալիս որպես բացառապես «կամ-կամ»-ի ջատագով և գրեթե նույնական մոտեցում բարձրաձայնեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Մարիա Կոմարովսկին, ապա պետք է նկատենք, որ եվրոպական մայրաքաղաքներում ևս իրողություններն այս կամ այն չափով  ծանրութեթև են արվել  անցյալում անտեսված իրողություների հաշվառմամբ:

 Հիմա Հայաստանն անկեղծ ցանկության դեպքում կարող է իրական նախաձեռնություններ  ցուցաբերել խորքային եվրաինտեգրման առումով, չնայած իր անդամակցությանը ԵԱՏՄ-ին:  Ոչիմիտացոն գործընթաց սկսելու պարագայում կարելի է հստակորեն բյուրեղացնել ու ձևակերպել Հայաստանի իրական, ամենաիրական կարիքները և տեմպ հաղորդել «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին:

Եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություն է, իսկ ԱլԳ-ն առայժմ այն գործիքը, որով  ընթանալու է գործընթացը: Այսինքն՝ ԱլԳ-ն  նպատակ չէ, այլ միջոց:  

 Չպետք է անտեսենք հանգամանքը, որ ԱլԳ անդամությունը նաև աննպաստ զարգացումներ առաջացրեց Հայաստանի համար, այն , որ Ուկրաինային սաստելու նպատակով տնտեսապես ու անվտանգության առումով ԱլԳ ամենախոցելի անդամ Հայաստանին հայտնի զարգացումները պարտադրվեցին: Այս խորապատկերին ավելի կենսական իմաստ է ձեռք բերում երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Ընդամենը մեկ ամիս առաջ, հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին, հայ ժողովրդի նկատմամբ իրենց համակրությունը բարձրաձայնելու և նրան օժանդակելու պատրաստակամությունը փաստեցին ԵՄ առաջատարները՝ Գերմանիան ու Ֆրանսիան՝ երկուսն էլ նախագահների մակարդակով: Սա լուրջ կապիտալ է եվրաիտեգրման ճանապարհին երկկող հարաբերություների ֆորմատով ռեալ առաջընթաց արձանագրելու համար՝ ներառյալ  քաղաքական,  տնտեսական. մշակութային  և նաև անվտանգության բաղադրիչները:

 Վերստին աննպաստ իրողություների հետ չբախվելու համար Երևանն իր քաղաքակրթական հարազատությունը Եվրոպային հստակորեն ու աներկբայորեն ընդգծելով հանդերձ, պետք է բացառի, գոնե առայժմ, իր մասնակցությունը որևէ ուղղությամբ հակադրման բաղադրիչ ունեցող որևէ գեոպոլիտիկ զարգացման, անհրաժեշտ միջավայրերում փաստելով ու փաստարկելով առավելապես իր տնտեսական, անվտանգային հետաքրքրությունները: Թեկուզև առժամյա հետընթացը, Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունեցող հարցերի պատճառով,  անիմաստ շռայլություն է:  Իմաստ չունի Հայաստանի եվրաինտեգրումը ծանրաբեռնել  ալիևյան Ադրբեջանի ու լուկաշենկոյական Բելառուսի հետ անհասկանալի ընկերակցությամբ կամ դեռևս կենսունակ ուկրաինական թնջուկով, իսկ եթե այդ ճանապարհն անցնում է ԱլԳ-ով, ապա Հայաստանը պիտի կարողանա իր իրական կարիքների գնահատմամբ խնդիրների լուծման ճանապարհ դուրս գալ: 

Իրական եվրաինտեգրման ցանկության  պարագայում Երևանն ունի հստակ անելիք, ԱլԳ ֆորմատում ինտենսիվ աշխատանքներ Բրյուսելի հետ, երկկողմ հարաբերություններում նոր որակի առաջացում Փարիզի ու Բեռլինի,  ինչպես նաև եվրոպական այն  մայրաքաղաքների  հետ, որոնք  քաղաքական այսօրվա իրականության մեջ նպատակահարմար համարեցին բարձրաձայնել իրենց համակրությունները  Հայաստանի նկատմամբ, նախորդած փորձի նորովի դրսևորումը բացառելու նպատակադրմամբ պարբերական խորհրդատվություններ Մոսկվայի հետ, իսկ եթե ԱլԳ նախաձեռնողներ Վարշավան ու Ստոկհոլմը, որոնք սպասված մակարդակով  ներկա չէին Ծիծեռնակաբերդում, ցանկանան նաև անհատապես օգտակար լինել, սիրով ընդունել աջակցության առաջարկը որպես բանակցությունների հիմք:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: