ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոնակատարություններ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետև դիտել է տոնական մշակութային ծրագիրը: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից։ 

Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ: Արժանավորներին գտնելու, գնահատելու և խրախուսելու գործն անչափ կարևոր է յուրաքանչյուր հասարակության համար:

Կարևոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը և ջանքն աննկատ և անարդյունք չեն անցնում: Կարևոր է, քանի որ այն, վերջիվերջո, նաև խրախուսում է ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք և կանգ չառնենք: Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգևներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ և ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։

Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսուհետ ավելի մեծ նվիրումով և ավյունով է լծվելու մեր օջախը շենացնելու, մեր թերությունները շտկելու և ավելի լավ Հայաստան կառուցելու՝ բոլորիս ընդհանուր գործին: Նաև խորապես համոզված եմ, որ մեծ և փոքր գործեր չեն լինում. սիրով կատարված աշխատանքն իսկական երջանկություն է: Դուք արդեն շատ լուրջ ճանապարհ եք անցել այսօր Սարդարապատ հասնելու համար: Հուսով եմ, որ ոչ միայն կանգ չեք առնելու, այլև ճանապարհ եք հարթելու ուրիշների համար, նեցուկ եք կանգնելու այլ մարդկանց նախաձեռնություններին և գաղափարներին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և մաղթում հաջողություններ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: