ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհը գործ է ունենալու նոր Իրանի հետ

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև ավելի քան 10 տարի տևած դժվարին բանակցություններն, ի վերջո, հաջողությամբ պսակվեցին: Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանությունը ստանալուց 90 օր անց համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

Թվում է, թե բոլոր կողմերը գոհ են համաձայնագրի պայմաններից: Իրանը հայտարարում է̦ որ համաձայնագրով Արևմուտքը ճանաչում է միջուկային գործունեություն ծավալելու Իրանի իրավունքը: Իրանական միջուկային օբյեկտներում վերահսկողություն իրականացնելու իրավունք են ստանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միայն այն երկրների մասնագետները, որոնց հետ Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի: Իրանը ստանալու է արևմտյան բանկերում սառեցված ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլարի իր ակտիվները: Եվրամիությունը վարկեր է տրամադրելու իրանական ղեկավարությանը̦ որոնք ներդրվելու են տնտեսության մեջ: Ամբողջությամբ հանվելու են Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: 5 տարի ժամկետով գործելու է միայն Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն, թեև պայմանագրի կետերը թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով կասեցնել նաև սպառազինությունների ոլորտի այս պատժամիջոցները: Այս ամենը նշանակում է, որ մոտ ապագայում 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը վերականգնվելու և գերտերություն դառնալու հնարավորություն է  ստանում:

Իր հերթին Արևմուտքը, մասնավորապես` Միացյալ Նահանգներն, իր գոհունակությունն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Իրանի միջուկային ծրագիրն այսուհետ վերահսկողության տակ է լինելու, նվազեցվելու է ուրանի հարստացման աշխատանքների ծավալը, և, փաստացի, վերանում է Իրանի` միջուկային տերություն դառնալու վտանգը:

Հատկանշական է, որ միջուկային համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է բացում Հայաստան-Իրան համատեղ հեռանկարային ծրագրերի̦ այդ թվում Մեղրու ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան երկաթուղու իրականացման համար: Հայաստանում ակնկալում են, որ Իրանը հավելյալ գումարների շնորհիվ նոր լիցք կհաղորդի այս ծրագրերին: Միաժամանակ ակնհայտ է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ Իրանը կկարգավորի սեփական տնեսության մեջ առկա խնդիրները: Ամեն դեպքում, միջուկային համաձայնագրի կնքման լուրը Հայաստանում ոգևորությամբ ընդունվեց: 

Արդեն այսօր ակնհայտ է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն էականորեն փոխելու է աշխարհաքաղաքական իրադրությունն ինչպես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում: Իրանն ամենևին էլ չի թաքցնում ակտիվ դերակատարում ստանձնելու իր ցանկությունը. «Մեր կոչը Պարսից ծոցի և արաբական աշխարհի մեր գործընկերներին այն է, որ Իրանը պատրաստ է փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և իսլամական եղբայրության վրա հիմնված հարաբերություններ կառուցել նրանց հետ: Մենք բազմաթիվ ընդհանուր խոչընդոտներ ունենք, որոնց դեմ պետք է պայքարենք, և սա մեր կառավարության համար այս պահին առաջնահերթ խնդիր է»̦ - Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի խոսքերը մեջբերում է Al-Monitor-ը: 

Մոտ ապագայում հավանաբար Իրանը կդառնա այն ուժը, որի շուրջ կփորձեն միավորվել «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող ուժերը: Վերլուծաբաններն արդեն խոսում են այն մասին, որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն իր գործընկերներին զինամթերք մատակարարելու ավելի մեծ հնարավորություն կունենա: Սա նշանակում է, որ Իրանի ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններում կարող է զգալիորեն մեծանալ, ինչը կարող է նաև բեկումնային դառնալ այս ճգնաժամերի լուծման ճանապարհին: Ի վերջո, Արևմուտքն արդեն ստիպված է ընդունել, որ տարածաշրջանային երկրներում աննախադեպ թափ հավաքած «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ̦ և առանձին օդային հարվածներով կամ իրենց իսկ բնորոշմամբ «լավ» զինյալներին վերապատրաստելով այլևս անհնար է կանգնեցնել ԻՊ-ի առաջխաղացումը:

Հսկայական էներգետիկ ռեսուրսներ ունեցող Իրանի մեկուսացումն, ինչ խոսք, ձեռնտու էր բազմաթիվ երկրների, որոնց թվում պետք է առանձնացնել հատկապես Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային, որոնցից յուրաքանչյուրը Իրանին թույլ տեսնելու իր պատճառներն ունի: Զգալիորեն կնվազի Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կարևորությունը, քանի որ նրանք բավական երկար ժամանակ համարվում էին տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր դաշնակիցները, իսկ հիմա ստիպված են լինելու այդ դերը կիսել Իրանի հետ: Կարելի է ակնակալել, որ այս երկրների միջև ավելի է սրվելու պայքարը ազդեցության գոտիների համար: Իրանի մեկուսացումից էական շահավետ դիրքում էր հայտնվել նաև Ադրբեջանը, որը եվրոպական երկրների կողմից դիտարկվում էր որպես այլընտրանք: Իրանի հետ մրցող երկրներն այժմ գործ են ունենալու բոլորովին նոր երկրի հետ̦ որը նոր լիցք է հաղորդելու իր տնտեսությանը և էականորեն բարելավելու իր դիրքերը միջազգային հարաբերություններում:

Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ հենց վաղը մենք ականատես ենք լինելու այս բոլոր փոփոխություններին, դրա համար դեռ բավական երկար ժամանակ կպահանջվի, չի բացառվում նաև̦ որ միջուկային համաձայնագրի իրականացման փուլուն ևս բազմաթիվ խնդիրներ ծագեն: Բայց մի բան արդեն իրողություն է. աշխարհը գործ է ունենալու նոր̦ ավելի ինքնավստահ և հզոր Իրանի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: