ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

3 միֆ Իրանի միջուկային համաձայնագրի հետ կապված

Լսելով որոշ համաշխարհային քաղաքական առաջնորդների և վերլուծաբանների մեկնաբանություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի վերաբերյալ՝ տպավորություն է ստեղծվում, որ աշխարհն այդ համաձայնագրի կնքմամբ կանգնել է մի նոր դարաշրջանի առաջ, երբ Իրանի և նրա ազդեցիկ դաշնակիցների պատճառով Մերձավոր Արևելքին լիակատար աղետ է սպառնում:

Սակայն նման տեսակետերը հիմնավորված չեն այս տարածաշրջանի ո՛չ պատմական, ո՛չ էլ քաղաքական զարգացման դինամիկայով և ավելի շատ նախատեսված են ներքին օգտագործման համար:

Al Jazeera-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ առանձնացնում է երեք հիմնական միֆեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես, առաջին միֆն այն է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է իր տարածաշրջանային դաշնակիցներից` հանուն Իրանի: Գործնականում դժվար է համարել ԱՄՆ-ին և Իրանին դաշնակիցներ: Նրանց միջև տարաձայնությունները պահպանվում են սիրիական հակամարտության շուրջ, միևնույն ժամանակ ԱՄՆ-ը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային Եմենում շիա ապստամբների դեմ վերջինիս պայքարում: Այս համաձայնագրով Իրանը և ԱՄՆ-ն ընդամենը ցույց տվեցին, որ, չնայած տասնամյակներ շարունակվող լարված հարաբերություններին, կառուցողական երկխոսությունը հնարավոր է:

Իրանի հետ համաձայնագրի շուրջ ձևավորված երկրորդ միֆն այն է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը սպառնում է Իսրայելին:  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման արդյունքում միլիարդավոր դոլարներ ստանալով՝ Իրանը հնարավորություն կունենա զարգացնել իր «ահաբեկչական մեքենան»՝ Հզբոլլահին և ՀԱՄԱՍ-ին:

Սակայն հարկ է նշել, որ այժմ Հզբոլլահի ռազմական ներուժն ուղղված է Իրաքում և Սիրիայում պատերազմում կառավարական ուժերին օժանդակելուն, և նման պայմաններում վերջինս հազիվ թե պատերազմ սկսի Իսրայելի դեմ: Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ին, ապա Իրանի հետ վերջինիս հարաբերությունները սիրիական ճգնաժամի արդյունքում բավականին տուժել են Դամասկոսին չաջակցելու պատճառով:

Հարկ է նշել, որ 2008 թվականին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի ժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցները գործում էին, սակայն դա նրան չխանգարեց ՀԱՄԱՍ-ին օգնություն տրամադրելու համար:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Նեթանյահուի «վախերն» Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կապակցությամբ ուղղված են ներքին լսարանին:

Միֆային է նաև այն տեսակետը, որ Իրանի միջուկային ծրագիրը կվերաճի միջուկային զենքի մրցավազքի և ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: 

Սիրիայում և Եմենում իրավիճակի ապակայունացումը վերջիններիս իշխանությունների ընտրության, այլ ոչ թե Իրանի ռազմական միջամտության արդյունք է: Իրանի կողմից Դամասկոսին կամ հութիներին ֆինանսական աջակցության մեծացումը հազիվ թե փոխի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Անկախ Իրանի աջակցությունից Մերձավոր Արևելքում անկայունությունը դեռ երկար ժամանակ կպահպանվի:

Ինչ վերաբերում է նրան, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը տարածաշրջանում կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, ապա պետք է նշել, որ միջուկային մրցավազքն այստեղ սկսվել է դեռևս 1970-ականներին, երբ Սիրիան և Իրաքը, որպես Իսրայելի միջուկային ներուժի մեծացման ուղղակի ռեակցիա, փորձում էին զարգացնել սեփական միջուկային ծրագրերը: Սակայն միջուկային ծրագիր զարգացնելու համար մերձավորարևելյան երկրները համապատասխան մարդկային ներուժ և գիտական ենթակառուցվածք չունեն, և դա առանց օտարերկրյա աջակցության իրականացնել հնարվոր չէ:

Այսպիսով, ակհնայտ է դառնում, որ գործարքով, թե առանց դրա, տարածաշրջանային որոշ ուժեր շարունակելու էին Իրանի նկատմամբ զգոն և զգուշավոր լինել:

Միջուկային համաձայնագրի ստորագրման ձախողման դեպքում շարունակվելու էր Իրանի հետ առճակատման և վերջինիս մեկուսացման քաղաքականությունը, որը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, լի է ծայրահեղականության տարածման սպառնալիքներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: