ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակահայկական միտումներ վրացական մամուլում

Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներն, ինչպես նաև հասարակական շրջանակներն առավելապես կենտրոնացել են Ադրբեջանում ընթացող զարգացումների, մամուլում շրջանառվող տարբեր թեզերի, ինչպես նաև դաշտում հայտնվող ապատեղեկատվության բացահայտման վրա՝ միևնույն ժամանակ ոչ բավարար ուշադրություն դարձնելով մեր հյուսիսային հարևան Վրաստանին: Մինչդեռ վրացական մամուլում պարբերաբար հայտնվում են ինչպես հակահայկական բովանդակությամբ տարբեր նյութեր, այնպես էլ տարաբնույթ ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է շահագրգռված նման նախաձեռնություններով, ապա միանշանակ կարող ենք նշել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ վրացական քաղաքական որոշ շրջանակներ անվազն շահագրգռված չեն հայ-վրացական հարաբերությունների կայունությամբ և ամրապնդմամբ:

Ասվածի վերջին վառ օրինակը տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, երբ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկություն տարածեց, թե իբր «հայ սահմանապահները խորացել են Վրաստանի տարածքում և զավթել են շուրջ 10-15 հեկտար տարածք»: Հեռուստաալիքն անգամ գտել էր Վրաստանի ադրբեջանական Թազաքենդ գյուղի բնակիչների, ովքեր իրենց բողոքն էին հայտնել «հայկական կողմի զավթողական» գործողություններից: Հատկանշական է, որ այս տեղեկատվությունը տարածվեց ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիայի և Վրաստանի միջև սահմանին ցուցանակների տեղափոխման շուրջ բարձրացած մեծ աղմուկի ֆոնին: Անշուշտ, նման իրավիճակում, երբ բավական մեծ էր վրացական հասարակության մեջ առկա լարվածությունը, հայ-վրացական սահմանի տեղաշարժի մասին ապատեղեկատվությունը հանրային տրամադրություններում կարող էր առաջացնել միայն բացասական տրամադրվածություն հայկական կողմի նկատմամբ, ինչին գումարվում է նաև վրացական որոշ շրջանակների կողմից Հայաստանը՝ որպես թշնակամական Ռուսաստանի փոքր եղբայր դիտարկելու միտումը:

Հատկանշական է, որ վրացական ԶԼՄ-ներն այս իրավիճակում ևս չփայլեցին իրենց  պրոֆեսիոնալիզմով և, առանց հայ-վրացական հարաբերություններին վնաս հասցնելու մտավախության, սկսեցին պարզապես հղվել սկզբնաղբյուրի վրա ու տարածել ապատեղեկատվությունը՝ չփորձելով անգամ ճշտել դրա հավաստիությունը:

Իրավիճակը փորձեց շտկել Վրաստանի ԱԳՆ-ն, որի խոսնակը հերքեց սահմանի տեղաշարժի մասին կեղծ լուրերն, ընդհակառակը՝ ընդգծելով դրա անհնարինությունը՝ հայ-վրացական սահմանի դեմարկացիայի առկայության պայմաններում: Մամուլն, իհարկե, տարածեց ԱԳՆ հայտարարությունը, սակայն, ինչպես միշտ, տարածված ապատեղեկատվությունը թեկուզ հոգեբանական առումով ենթագիտակցական մակարդակում թողեց իր հետքը:

Սա հայ-վրացական հարաբերություններում լարվածություն մտցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման առաջին դեպքը չէ: Հատկանշական է, որ վրացական մամուլում հստակ նկատվում է նաև մեկ այլ, կրկին ոչ դրական միտում: Հայ-վրացական հարաբերություններում արձանագրվող դրական քայլերը, դրանց ամրապնդմանը նպաստող տարրերը ոչ բավարար չափով են լուսաբանվում վրացական հասարակության շրջանում: Այս տենդենցը ևս մտածելու տեղիք է տալիս: Օրինակ՝ մի քանի օր առաջ տեղի ունեցավ բավական հետաքրքիր, սակայն հանրության ուշադրությունից դուրս մնացած մի միջադեպ: Հայ սահմանապահներն ազատ արձակեցին և վրացական կողմին հանձնեցին Վրաստանի քաղաքացի հանդիսացող երկու ադրբեջանցիների, ովքեր որոշել էին լողալ գետում և իրենց կամքից անկախ հայտնվել էին Հայաստանի տարածքում: Ըստ էության, տեղի ունեցածը սահմանի խախտում էր և սահմանախախտները կարող էին դատապարտվել ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ (ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ վրացական կողմը հենց այդպես է վարվել սահմանն առանց դիտավորության հատած ՀՀ քաղաքացիների հետ)։ Սակայն հայկական կողմը, բարի կամք դրսևորելով, հարևան երկրի քաղաքացիներին վերադարձրել է հայրենիք: Ցավալի է, սակայն այս դրական քայլն անգամ պատշաճ կերպով չգնահատվեց և չլուսաբանվեց վրացական մամուլի կողմից, ավելին, որոշ վրացական ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություն տարածել, թե հայկական կողմը սահմանախախտներին ազատել է վրացական կողմից ստացված զանգի պատճառով:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններն այսօր ավելի քան կարիք ունեն դրական ազդակների, սակայն, ցավոք, մամուլը, որը կոչված է լինել երկու հանրույթներին նման ազդակների հիմնական հաղորդողը, բավարար կամ բարեխիղճ ձևով չի կատարում այդ գործառույթը՝ դառնալով տարբեր շահեր սպասարկողների զոհ: Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է առավել հետևողական լինել վրացական մամուլում Հայաստանին և հայերին առնչվող նյութերի հետ կապված, անհրաժեշտության դեպքում տալ համապատասխան արձագանք, և այդ ամենին զուգահեռ զարգացնել Հայաստանի և Վրաստանի մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: