ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կրճատել է ակտիվները

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրապարակել է ցուցանիշների փոփոխությունների հերթական հաղորդագրությունը՝ այս անգամ բացասական տեղաշարժերով:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերության ակտիվները կրճատվել են 35 մլրդ 783,3 մլն ԱՄՆ դոլարով: Interfax.az-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասար են եղել, համապատասխանաբար՝ 4 մլրդ 54 մլն և 4 մլրդ 42,1 մլն մանաթ:

Ադրբեջանական նավթային ընկերության նման ցուցանիշները սպասված են նավթային համաշխարհային շուկայում վերջին ժամանակաշրջանում գրանցված նավթի գների կայուն անկման պարագայում: Չտրվելով, այնուամենայնիվ, «տրամաբանականի համախտանիշին», փորձենք վերլուծել վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության ունեցած ծախսերի և եկամուտների կառուցվածքը:

Interfax.az-ի փոխանցմամբ, ընկերության եկամուտների կառուցվածքում առյուծի բաժինն ընկել է Ադրբեջանի կողմից գազի և նավթի վաճառքից ստացված եկամուտներին (3 մլրդ 802,1 մլն մանաթ): Տարանցիկ եկամուտները կազմել են 5,7 մլն մանաթ, բոնուսային վճարները՝ 2,1 մլն:

Հետաքրքիր պատկեր է առաջարկում ծախսերի կառուցվածքը: Մասնավորապես, 4 մլրդ 42,1 մլն մանաթից միայն 3 մլրդ 561,6 մլն-ը կազմել են ադրբեջանական պետբյուջե արվող փոխանցումները: Չնայած ծախսերի մնացած մասն ուղղվել է տնտեսական և սոցիալական նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, «Հարավային գազային միջանցքի» կառուցման, ինչպես նաև փախստականների բնակարանային հարցերի ու ադրբեջանցի երիտասարդների՝ արտերկրում սովորելու հետ կապված ծախսերին, պետբյուջե փոխանցվող գումարի տոկոսային հարաբերակցությունը Ադրբեջանի տնտեսության՝ նավթի շուկայից ուղղակի կախվածության խոսուն ցուցանիշ է:

Իրականում Ադրբեջանի պետական նավթային ընկերության եկամուտների կրճատումը հիշյալ կախվածության բացասական  շղթայի առաջին օղակն է ընդամենը: Մեր կողմից զուր չհիշատակվեց փաստը, որ ծախսերի մեծ մասն ուղղված է ադրբեջանական բյուջե կատարվող տրանսֆերտներին: Այլ խոսքերով, նավթային ընկերությունը սպասարկում է ադրբեջանական պետբյուջեն: Պետբյուջեի կազմավորման մեջ Ադրբեջանական պետական նավթային ընկերության նշանակությունը բավական մեծ է. ընկերությունը համարվում է ադրբեջանական բյուջեն «լցնող» երրորդ խոշոր գործիքը հարկերից ու մաքսավճարներից հետո:

Սա է պատճառը, որ նավթի համաշխարհային գների տևական անկումը, ինչը հանգեցնում էր նավթային ընկերության ակտիվների կրճատմանը, ստիպեց ադրբեջանական իշխանություններին մանաթի արժեզրկման կարճաժամկետ ծրագրով կանխել ակտիվների կրճատման շարունակականությունը: Ինչո՞ւ կարճաժամկետ, որովհետև սեփական արժույթի արժեզրկումը ևս չի կարող տևական գործընթաց լինել, քանի որ այդ դեպքում միանգամից վնասվում են ադրբեջանական տնտեսության «արյունատար անոթները»՝ ֆինանսական շուկան:

Ստացվում է, որ եթե նավթի համաշխարհային գները շարունակեն նվազել, և Ադրբեջանը, չունենալով այլ մեխանիզմ, ստիպված լինի բյուջեի՝ նավթային ընկերության կողմից կատավող մուտքերի պակասուրդը լրացնել նախորդ երկու խոշոր գործիքների միջոցով՝ հարկային և մաքսային բեռի ավելացմամբ, Ադրբեջանի տնտեսությունն էապես կթուլանա: Բոլորովին բացառված չէ, որ ադրբեջանական իշխանությունները, խուսափելով գործընկեր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները փչացնելուց, բյուջեի բացը լրացնեն միմիայն սեփական քաղաքացիների նկատմամբ հարկային բեռի ավելացմամբ, սակայն դա մեր հարևան երկրի համար կլինի հերթական ոչ ձեռնտու որոշումը:

Եթե նույնիսկ պատկերացնենք մի սցենար, որով նավթի գների անկումը դադարի, Ադրբեջանը տարածաշրջանում արդեն ունի Արևմուտքին գազ ու նավթի մատակարար մրցակից-խաղացող ի դեմս Իրանի:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: