ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տուրիզմը Հայաստանում և Ղազախստանում․ երկու երկրների յուրահատկությունները

Ինչպես Ղազախստանը, այնպես էլ Հայաստանը տուրիստական մեծ պոտենցիալ ունեն և կարող են սերտ համագործակցել այդ ոլորտում։ Այդ մասին երեկ ասվել է «Ղազախստանի և Հայաստանի տուրիստական պոտենցիալը. փորձ, հեռանկարներ, համագործակցություն» թեմայով համաժողովի շրջանակներում։

Կոնֆերանսն անցկացվել է ք․ Ծաղկաձորում «Հայաստան-Ղազախստան՝ համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տուրօպերատորների և հյուրանոցային համալիրների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Ղազախստանից։ Զեկույցներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տնտեսական ինտեգրացիայի հարցերով փորձագետ, Հայաստանի Զարգացման Գործակալության նախկին տնօրեն Լուսինե Թումյանը, Ղազախստանի Հանրապետության Էկոտուրիզմի տեղեկատվական ռեսուրսային կենտրոնի համակարգող Այգուլ Իսագուլովան, Ղազախական տուրիստական ասոցիացիայի ներքին և ներգնա տուրիզմի ղեկավար Ռաուշան Սարտաևան։

Զեկուցողները նշել են, որ տուրիզմն արտահանման կատեգորիների թվում զբաղեցնում է չորրորդ տեղը և մեծ ազդեցություն ունի երկրի տնտեսության կայուն զարգացման վրա։

«Հայաստանում՝ սկսած նորանկախ շրջանի առաջին տարիներից, գրանցվում է տուրիզմի ամենամյա աճ։ 2014թ․-ին այն հասել է 1 մլն 203 հազարի»,- ասել է Մեխակ Ապրեսյանը։ Նա ընդգծել է, որ պետության նպատակն է զբոսաշրջության միջոցով նպաստել տնտեսության հավասարաչափ, կայուն զարգացմանը, բազմաթիվ աշխատատեղերի ապահովմանը։ «Կարևոր է հասանելի լինել միջազգային շուկայի համար, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունը և դյուրացնել անցագրային ռեժիմները, ինչն էլ մենք անում ենք»,- ասել է զեկուցողը։

Ապրեսյանն ափսոսանքով նշել է, որ զբոսաշրջիկների հոսքը Ղազախստանից Հայաստան բավական փոքր է, 2014թ.-ին այն կազմել է 5 հազար մարդ։ «Սակայն ուրախացնում է այն, որ 2013թ․ համեմատ արձանագրվել է 20%  աճ»,- ասել է նա։

Նաև ընդգծվել է տուրիզմի տարբեր ոլորտների զարգացման Հայաստանի պոտենցիալը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճը։

Ղազախստանի ներկայացուցիչներն, իրենց հերթին, նշել են Ղազախստանում տուրիզմի զարգացման մի քանի յուրահատկություններ։ Հատկապես ընդգծվել է Ղազախստանի ռեսուրսային հսկայական պոտենցիալն ու տարբեր շրջաններում տուրիզմի տարբեր տեսակների զարգացման հնարավորությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ 2020թ․-ի համար նպատակ է սահմանվել զբոսաշրջիկների թիվը հասցնել 8 մլն-ի։

«Ղազախական տուրիստական ծառայությունների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, Չինաստանը, Հնդկաստանը և Եվրոպան»,- ասել է Այգուլ Իսագուլովան։ Նա ընդգծել է, որ այժմ պետության առաջ խնդիր է դրվում զարգացնել էկոտուրզմը, հատկապես գյուղական համայնքներում՝ միաժամանակ ապահովելով բնակիչների զբաղվածությունը։

Ինչպես զեկուցողները, այնպես էլ կոնֆերանսի մասնակիցները հանդես են եկել տուրիզմի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության զարգացման առաջարկներով։ Քննարկվել են նաև հիմնական խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: