ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք Կոսովոյի և Սերբիայի միջև կնքված համաձայնագրերը օրինակ կծառայեն Ադրբեջանին

Ինչպես Կոսովոյի՝ Սերբիայից անկախացումն էր իր բնույթով բավականին հետաքրքիր և նախադեպային ողջ աշխարհի համար, նույնպիսին էին  նաև այս երկու երկրների միջև օրերս կնքված համաձայնագրերը: Եթե մի քանի տարի առաջ Սերբիան անգամ հրաժարվում էր ուղիղ բանակցությունների մեջ մտնել Կոսովոյի հետ և միայն միջազգային միջնորդների շնորհիվ էր, որ բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր արձանագրվեցին, ապա այսօր մենք գործ ունենք նոր իրողությունների հետ: Ինչպես հենց կողմերն են նշում, կնքված համաձայնագրերը բխում են երկու կողմերի շահերից էլ և նոր հարթություն են տեղափոխում սերբ-կոսովական հարաբերությունները:

Իհարկե, միայն այն, որ Սերբիայի և Կոսովոյի միջև կնքվել են համաձայնագրեր արդեն իսկ բավականին մեծ առաջընթաց է Կոսովոյի հակամարտության համատեքստում, սակայն դրանց էությունն էլ ավելի արժեքավոր է: Ըստ համաձայնագրերից մեկի՝ սերբական ազգային փոքրամասնության դերի ամրապնդման և շահերի պաշտպանության համար ստեղծվելու է սերբական համայնքների ասոցացիա: Համաձայնագրերից մեկով էլ Կոսովոյին տրամադրվելու է միջազգային եռանիշ կոդ Կոսովոյում բջջային և ֆիքսված կապի ծառայություններ մատուցելու համար,  իսկ Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքներին սերբական ընկերությունների կողմից մատակարարվելու է էլեկտրաէներգիա: Կողմերը համաձայնության են եկել նաև վերականգնել Կոսովսկա­-Միտրովիցա քաղաքում Իբար գետի կամուրջով ազատ երթևեկությունը, որտեղ նախկինում բարիկադներ էին:

Հումանիտար նշանակություն ունեցող այս համաձայնագրերն առաջին հերթին օրինակ են հակամարտության մեջ գտնվող բոլոր երկրների համար, որոնք ցույց են տալիս, որ անկախ հակամարտության բարդությունից, բնույթից ու պատճառներից՝ կան հարցեր, որոնք վեր են այս կամ այն շահերից կամ հավակնություններից: Իսկ հումանիտար հարցերի շուրջ ցանկացած համաձայնություն և դրա պահպանում հանդիսանում է հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորման և դրա խորացման հիմք: Այս համատեքստում Ղարաբաղյան հակամարտությունն էլ բացառություն չէ: Հայկական կողմերի բոլոր ջանքերը՝ հասարակությունների միջև հասնելու փոխվստահության, Ադրբեջանի «թեթև ձեռքով» պարզապես ձախողվում են: Սրա վառ վկայությունն ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունն է, որն արդեն տևական ժամանակ է, ինչ անխախտ շարունակվում է. քաղբանտարկյալներ, որոնց մեծ մասը բանտում է հայտնվել հայերի հետ շփումներ ունենալու պատճառով, հայատյացության քարոզներ ադրբեջանական լրատվադաշտում, որոնք շատ հաճախ հնչում են անգամ երկրի նախագահի մակարդակով, հայկական կողմերից ցանկացած հումանիտար խնդրի լուծման նախաձեռնության Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը (սրա օրինակն է ԼՂՀ-ում հումանիտար կարիքներից ելնելով օդանավակայանի գործարկման շուրջ Ադրբեջանի՝ ընդհուպ մինչև ինքնաթիռ ռմբակոծելու սպառնալիքները):

Ադրբեջանի նման պահվածքը և դրա հետևանքով Ղարաբաղյան հակամարտությունում որևէ դրական տեղաշարժ չունենալն, իհարկե, միջազգային հանրության, այդ թվում՝ հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին «երես տալու» արդյունք է, ինչը, սակայն, չի կարող և չպետք է երկար շարունակվի:

 Հաշվի առնելով Կոսովո-Սերբիա այս դրական փորձը գուցե արդեն ժամանակն է, որ համանախագահները սկսեն առավել մեծ ուշադրություն դարձնել հումանիտար խնդիրների լուծմանը, քանզի առանց կողմերի միջև փոխվստահության հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք դատապարտված է տապալման:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: