ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի՝ ռուբլով աշխատելու առաջարկում գերակշռում է դրամի շահը

Օրերս բելառուսական Գրոդնո քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ԵԱՏՄ անդամ երկրների միջև «ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլու հիմքի վրա՝ առանց այն դոլարի հետ կապելու»:

Բնականաբար արձագանքները մեծ էին:

Անմասն չմնալով այդ արձագանքներից՝ միանգամից մի քանի հստակեցումներ մտցնենք, որոնց սխալ մեկնաբանությունները ստեղծում են իրականությունից հեռու մի իրավիճակ:

Նախ՝ պետք է նշել, որ վարչապետի խոսքը վերաբերում է միմիայն ԵԱՏՄ անդամ երկրների միջև ռազմավարական նշանակության ապրանքների առևտրին, որոնք բնականաբար սահմանփակ են՝ նավթ, գազ, հացահատիկ:

Վարչապետի հայտարարության քննարկումների ընթացքում հաճախ էր նկատվում շփոթմունք այս հայտարարությունը վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պետդումա իջեցրած օրինագծի հետ, որով ԱՊՀ անդամ երկրներին առաջարկվում էր հրաժարվել դոլարից ու եվրոյից: Սրանք միմյանցից տարբերվում են նախ՝ աշխարհագրությամբ, քանի որ վարչապետի առաջարկի դեպքում խոսքը վերաբերում է միայն ԵԱՏՄ-ին, և այս դեպքում միայն ռազմավարական նշանակության ապրանքներին:

Հայկական փարձագիտական շրջանակներում վարչապետի հայտարարության նկատմամբ արձագանքները միանգամից խիստ տարբեր էին: Եղան մասնագետներ, ովքեր շատ դրական գնահատեցին նման առաջարկը, ոմանք խստորեն քննադատեցին այն, իսկ որոշներն էլ փորձում էին տալ իրավիճակի օբյեկտիվ գնահատական: Կային նաև այնպիսի դիրքորոշումներ, թե վարչապետի հայտարարությունը ժամանակավրեպ, անիրատեսական է և արվել է միայն ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանին բարոյական օժանդակություն ցուցաբերելու համար: Կարո՞ղ է նման մոտեցումը ճիշտ լինել, և արդյո՞ք սա պետք է դիտարկել որպես ՌԴ նախագահի և դրանից առաջ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից միասնական արժույթին անցման կոչերի տրամաբանական շարունակություն: Անշուշտ այս ամենը չենք կարող բացառել: Բայց փորձենք տալ ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գնահատական և դրանից նոր եզրակացնել՝ նմանատիպ որոշումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ:

Քանի որ առաջարկը բխել է հայկական կողմից, սահմանափակվենք դրա՝ հայկական տնտեսության համար արդյունավետության հաշվարկներով: Այսպես, Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Ռուսաստանն է: Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման մասով ՌԴ-ն համարվում է առաջատար գործընկերը (ՀՀ-ից ԱՊՀ արտահանման ծավալները կազմում է 13 %, որից միայն 10.2%-ը՝ ՌԴ-ինն է): Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով է, որ ՌԴ կորցրել է ՀՀ-ից արտահանման առաջատար երկրի տիտղոսն՝ այն զիջելով Չինաստանին, մինչդեռ փոխարենը չորս տոկոսով ավելացել է ՌԴ-ից ՀՀ ներմուծման ծավալները (28.2%): Սա նշանակում է, որ գոնե այս մասով երկու երկրների միջև առևտրաշրջանառության իրականացման մեջ երրորդ արժույթի կիրառումն արդյունավետ միջոց չէ՝ հատկապես հաշվի առնելով այդ արժույթի (այն է՝ դոլարի) ներկայիս փոխարժեքի անընդհատ աճը:

Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային արժույթներից յուրաքանչյուրն էլ ներկայումս գտնվում է արժեզրկման փուլում: Սա պայմանավորված է միաժամանակ նավթի համաշխարհային գների անկման ու կրկին՝ դոլարի արժևորման հետ:  Եթե միմյանց միջև ԵԱՏՄ անդամ-երկրներն առևտրային գործարքներն իրականացնեն ռուբլու միջոցով, կստացվի, որ ազգային արժույթի փոխարժեքի՝ կայուն մակարդակում պահելու խնդիրը կսահմանափակվի միայն ռուբլով, մինչդեռ, կոնկրետ մեր տնտեսության համար դա կլինի ավելի նպաստավոր, քանի որ, այսպես թե այնպես, ռուբլու տեսակարար կշիռը մեզ մոտ ավելի շատ է, քանի դոլարինն ու եվրոյինը: Այսինքն՝ վճարային պարտավորությունների համար ռուբլու ձեռքբերումը կլինի ավելի մատչելի, քան դոլարի դեպքում է: Մյուս կողմից, սա ՌԴ համար ևս ռուբլու փրկության հնարավոր ուղիներից է, քանի որ ԵԱՏՄ երկրներում ռուբլու պահանջարկի մեծացմամբ, գոնե մասամբ կհաջողվի ռուբլու փոխարժեքը որոշակի մակարդակում պահել:

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ռուբլու փոխարժեքը կայուն պահել ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային արժույթների՞ հաշվին: Պատասխանն այս հարցի երկակի է. և՛ այո, և՛ ոչ: Այո, որովհետև փաստացի այդպես է ստացվում, և ոչ, որովհետև դա բխում է սեփական արժույթի կայունության անհրաժեշտությունից, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, դրամի արժույթն ավելի հեշտ է ռուբլու նկատմամբ կայուն պահելը, քան՝ դոլարի:

Ճիշտ է, որոշման իրագործման դեպքում, մեծապես կդժվարանա այն արտահանողների գործը, որոնք աշխատում են Եվրոպայի հետ և կազմում են համախառն արտահանման ծավալի 32.3%-ը, սակայն իրավիճակը, հնարավոր է բալանսավորի քանակի գործոնով, այսինքն՝ դոլարի պահանջարկի նվազումը կհանգեցնի դոլարի փոխարժեքի անկման:

Օբյեկտիվության համար նշենք, որ միաժամանակ չի կարելի բացառել նաև այն հնարավորությունը, որ վարչապետի հայտարարությունն իսկապես ժամանակավրեպ է, և պաշտոնական Մոսկվային բարոյական աջակցության դրսևորման ժեստ է: Հատկանշական է, որ այս մոտեցման կողմնակիցները դա հիմնավորում են միասնական արժույթի անցման դասական մոտեցումներով, որի համաձայն միասնական արժույթի անցումը տնտեսական ինտեգրացիայի ամենախոր փուլի գործընթաց է: Սակայն, ԵԱՏՄ-ն համեմատել ԵՄ և մասնավորապես եվրագոտու հետ կլինի սխալ, քանի որ ԵԱՏՄ ստեղծման ու միությանն անդամակցության ամբողջ գործընթացն ընթանում է բավական անկանոն, ինչը տեսականորեն չի տեղավորվում որևէ տիպի ինտեգրացիոն միության ձևավորման փուլերի տեսական տրամաբանությանը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: