ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական և հասարակական գործունեության հատում. եվրոպական փորձ

Ժողովրդավարական զարգացման ուղի բռնած ցանկացած պետության համար կարևորագույնը քաղաքացիական հասարակության դերի ու նշանակության բարձրացումն է, նրանց ակտիվ ներգրավվածությունը պետության կառավարման գործում: Այս առումով աշխարհի զարգացած պետությունները շեշտը դնում են հատկապես օրենսդիր մարմնի վրա`որպես ուղղակի ընտրված ներկայացուցչական մարմնի:

Տարբեր երկրներում հատուկ կարևորության հարցերի քննարկման համար ձևավորվում են հատուկ ձևաչափեր, որտեղ ներգրավվում են ինչպես խորհրդարանի պատգամավորներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Խորհրդարան-քաղաքացիական հասարակություն արդյունավետ և շարունակական երկխոսությունն ապահովելու համար ներդրվում են տարբեր մեխանիզմներ, քննարկվում ու ընդունվում են բազմաթիվ օրենքներ, բանաձևեր ու հռչակագրեր: Տեղական ու պետական մակարդակով որոշումների ընդունման գործընթացում քաղաքացու, հասարակության մասնակցության ընդլայնմանն ուղղված մի շարք բանաձևեր են ընդունվել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Օրինակ` Եվրոպայի Խորհրդի շրջանակներում ընդունված բանաձևերի թվին են դասվում` Տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիան, Տեղական մակարդակով հանրային կյանքում արտասահմանցիների մասնակցության վերաբերյալ կոնվենցիան, Նախարարների կոմիտեի 2001թ դեկտեմբերի 6-ի հանձնարարականը քաղաքական և հանրային որոշումների ընդունման գործընթացում կանանց և տղամարդկանց համահավասար մասնակցությունը երաշխավորելու վերաբերյալ և այլն: Բոլոր այս և նմանօրինակ մյուս փաստաթղթերը կոչված են ապահովելու քաղաքացիական հասարակության առողջ զարգացումը և վերջինիս դերի բարձրացումը պետական կառավարման գործում:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պետության բարձրագույն օրենսդիր մարմնի և քաղաքացիական հասարակության կապն ու համագործակցությունը չի կարող և չպետք է սահմանափակվի միայն առանձին հարցերի շուրջ ընդհանուր քննարկումներ անցկացնելով: Շատ հաճախ իրական անհրաժեշտություն է զգացվում խորհրդարանում տարբեր հասարակական կազմակերպությունների անմիջական ներկայացվածության ապահովման, ինչը հնարավոր է միայն վերջիններիս անդամների ընտրություններում առաջադրվելու և պատգամավորական տեղեր զբաղեցնելու միջոցով:

Եվրոպական երկրների քաղաքական մշակույթում նման մեխանիզմն արդեն վաղուց է տեղ գտել:  Շատ եվրոպական երկրներում պատգամավորական մանդատ են ստանում հենց քաղաքացիական հասարակության ակտիվ գործիչներ և, առհասարակ, հասարակական ակտիվություն դրսևորած թեկնածուները:

Գերմանական Բունդեսթագի մի շարք անդամներ վերն ասվածի կենդանի օրինակներն են: Այսպես, Կանաչների կուսակցության անդամ, գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կորդուլա Շուլց-Աշեն պատգամավորական գործունեությանը զուգահեռ 2008 թվականից նախագահում է նաև Ֆրանկֆուրտում գործող «BASIS» ասոցիացիան, հանդիսանում է «Աֆրիկայի բազմակողմ ուսումնասիրության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, «Կանայք կանանց համար» գերմանական ասոցիացիայի անդամ:

Ակտիվ հասարակական գործունեությամբ է հայտնի նաև Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Յուրգեն Կլիմկեն, ով հանդիսանում է «ՄԱԿ-ի գերմանական ընկերակցության» փոխնախագահ (կազմակերպության կարգավիճակը` ՀԿ), ինչպես նաև կրկին հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող «Մարդու իրավունքների գերմանակ ինստիտուտի» կուրատորիումի անդամ, Էսսենի «Ուսանողների և աշակերտների աջակցության կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ: Նույն ՀԿ-ի խորհրդի անդամ է հանդիսանում նաև գերմանացի մեկ այլ օրենսդիր Մաթիաս Հաուերը` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից:

Հասարակական ակտիվությամբ աչքի են ընկնում նաև Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորները: Մասնագիտությամբ մանկավարժ, պատգամավոր Հարմ Բեերտեման, օրենսդիր գործունեությանը զուգահեռ, միևնույն ժամանակ հանդիսանում է նաև «Beter Onderwijs Nederland»  կրթության ոլորտում գործունեություն ծավալող նիդեռլանդական ասոցիացիայի նախագահության անդամ: Իսկ պատգամավոր Ջես Կլավերը 2009 թվականից հանդիսանում է Նիդեռլանդական «CNV Youth» կազմակերպության նախագահ:

Տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավար կամ անդամ է նաև Էստոնիայի խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը: Բոլոր 101 անդամներին անդրադառնալ, բնականաբար, չենք կարող, բայց բերենք մի քանի օրինակներ: Մասնավորապես Էստոնիայի ռեֆորմիստական կուսակցության պատգամավոր Ջուրի Ջոնսոնը միաժամանակ նաև «Pürnu Two Bridges Club» հասարակական կազմակերպության նախագահն է, մի շարք ասոցիացիաների և ակումբների անդամ:  2011 թվականից ՀԿ նախագահ է նաև Հելիր Վալդոր-Սիդերը: Վերջինս ղեկավարում է «Jõud» էստոնական սպորտային ասոցիացիան, 2012 թվականից գործադիր խորհրդի անդամ է Էստոնիայի Օլիմպիական կոմիտեում, անդամակցում է մի շարք ասոցիացիաներ: Մեկ այլ պատգամավոր՝ Ջաաք Ավիկսուն, հանդիսանում է նաև «Estonian Physical Society», «Rotary», «Academia Europea», «Estonian Defence League» կազմակերպությունների անդամ, իսկ Ջակ Ալլիքը՝ Էստոնիայի թատերագործների միության խորհրդի անդամ:

Հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված պատգամավորների թիվն աշխարհում փոքր չէ. Եվրոպական գրեթե բոլոր երկրների օրենսդիր մարմիններում ներկայացված են նաև հասարակական ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները նախընտրում են իրենց ձայնը տալ այնպիսի մարդկանց, ովքեր մինչև պետական աշխատանքի անցնելն արդեն ապացուցել են իրենց պատրաստակամությունը տարբեր խնդիրներ լուծելու հարցում: Բացի այդ, նման դեպքերում ավելի է հեշտանում խորհրդարան-քաղաքացիական հասարակություն կապի ամրապնդումը, ինչն էլ, վստահաբար, ուղղված է երկրի շատ ու շատ խնդիրների լուծմանը:

Ինչպես տեսնում ենք եվրոպական երկրներում քաղաքացիական հասարակության և քաղաքական համակարգի միջև փոխգործակցության խողովակաները բավական զարգացած են և ակտիվորեն գործում են, իսկ եվրոպական քաղաքական մշակույթի տեսանկյունից հասարակական գործչի մուտքը խորհրդարան բնավ չի դիտարկվում հակասության մեջ նրա հասարակական գործունեության հետ, այլ հակառակը՝ համարվում է սոցիալական տարբեր խմբերի շահերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմ:

Հայաստանում, սակայն տվյալ մշակույթը դեռևս նոր է ձևավորվում, ինչն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Հատկանշական է, որ տարբեր ժամանակահատվածներում պատգամավորական մանդատ ունեցել են նաև քաղհասարակության ոլորտում որոշակի փորձ ունեցած անձիք, սակայն նրանց թիվն այդքան էլ մեծ չէ: Նշենք նաև այն հանգամանքը, որ վերջիններիս մի մասն, անցնելով խորհրդարան, գոնե ֆորմալ առումով դադարեցրել է իր ներգրավվածությունը քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներում: Հաշվի առնելով, որ իրավական նման որևէ սահմանափակում չկա (չհաշված որոշ բացառությունների)՝ կարող ենք ենթադրել, որ նման քայլի պատճառ է հանդիսացել հանրային այն կարծրատիպային մտածելակերպը, ըստ որի՝ քաղաքական և հասարակական գործունեությունն անհամատեղելի են:

Օբյեկտիվության համար նշենք նաև, որ այս հարցում կարծես նկատվում են որոշակի դրական միտումներ ինչպես վերոնշյալ կարծրատիպերի հաղթահարման, այնպես էլ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացով պայմանավորված: Նման պայմաններում մնում է հուսալ, որ ՀՀ ամեն հաջորդ գումարման խորհրդարան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընգրկման քանակով կգերազանցի իր նախորդներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: