ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգ. եվրոպական փորձ

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն,«Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, սկսում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:


ՀՀ-ում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների գործընթացում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում այն հանգամանքին, որ նոր նախագծի համաձայն՝ վերացվում է մեծամասնական ընտրակարգը, իսկ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով (նախագծի 89-րդ հոդված. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով): Նշենք, որ այսօր ՀՀ ընտրական համակարգը հիմնված է այսպես կոչված խառը ընտրակարգի վրա, երբ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են համամասնական և մեծամասական կարգով: 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, յուրաքանչյուր ընտրատարածքից՝ մեկ պատգամավոր:

Հատկանշական է, որ չնայած որոշ ընդդիմադիր ուժեր աջակցում էին մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին (դա վերջին տարիներին իշխանություններին ներկայացվող պահանջների փաթեթի հիմնական կետերից մեկն է), այնուամենայնիվ տվյալ ընտրակարգի վերացման դեմ հանդես եկողներ ևս եղան: Կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր փաստարկները մեծամասնական ընտրակարգի պահպանման կամ չեղարկման նպատակահարմարության վերաբերյալ: Եթե փորձենք խնդիրը դիտարկել քաղաքագիտական տեսանկյունից, ապա կարող ենք նշել, որ քաղաքական տեսաբաններն առանձնացնում են մեծամասնական ընտրակարգի հետևյալ առավելությունները և թերությունները.

Մեծամասնական ընտրակարգի դրական կողմերը հետևյալն են:

  • Այն հնարավորություն է տալիս քվեարկելու առնաձին թեկնածուի օգտին՝ հաշվի առնելով անհատական որակները:
  • Ապահովում է ընտրողների և պատգամավորների անմիջական կապը, պաշտպանում է ոչ միայն կուսակցական, այլ նաև որոշ սոցիալական խմբի շահերը:
  • Ապահովում է տարածքային տարբեր միավորների ներկայացվածությունը:
  • Հնարավորություն է տալիս քաղաքացիներին ընտրել կամ չընտրել գործիչներին` ըստ նրանց գործի ու հատկանիշների:
  • Կայացած կուսակցական համակարգով երկրներում անկախ թեկնածուներ ընտրելու հնարավարություն է տալիս:
  • Այն բավական հասկանալի ընտրողի համար, իսկ ձայների հաշվարկի մեխանիզմը՝ հստակ:
  • Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով և կարող է ավելի քիչ կախում ունենալ որևէ կուսակցությունից:

Բացասական բնութագրիչների շարքում նշվում են հետևյալները:

  • Վիճակագրական փաստերը ցույց են տալիս, որ էթնիկական և ռասայական փոքրամասնությունները թերի են ներկայացված մեծամասնական համակարգ ունեցող երկրներում:
  • Տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների՝ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է կոմպակտ բնակություն:
  • Այն զգայուն է ընտրական տեղամասերի սահմանների փոփոխման առումով:
  • Առկա են թեկնածուների կողմից ընտրողներին կաշառելու ռիսկեր:
  • Ընտրական պայքարին մասնակցության համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական միջոցներ, ինչը որոշ դեպքերում թեկնածուին կախման մեջ է գցում տարբեր դոնորներից,
  • Պարտվող թեկնածուի օգտին քվեարկած քաղաքացիները ներկայացված չեն լինում խորհրդարանում:

Ինչ վերաբերում է համամասնականին, ապա որպես տվյալ ընտրակարգի առավելություններ՝ առանձնացվում են հետևյալները:

  • Այն ապահովում է հասարակության հիմնական խմբերի ներկայացվածություն:
  • Տեղերի համամասնական բաշխումը ստացած ձայների համամասնությամբ:
  • Բոլոր տրված ձայներն ունեն իրենց կշիռը, և ընտրողների մոտ չի առաջանում ընտրություններին չմասնակցելու զգացողություն:
  • Այն նպաստավոր պայմաններ է ստեղծում փոքր կուսակցությունների և այլ փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության համար (ոչ բարձր ընտրական բարիերի դեպքում), որոնց ներգրավվածությունը քաղաքական ինստիտւտներում նպաստում է քաղաքական կայունության աճին:
  • Համակարգն ապահովում է կանանց առավել մեծաթիվ քաղաքական ներկայացվածություն:

Որպես համակարգի թերություններ՝ բերվում են հետևյալ փաստարկները:

  • Կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտությունը կարող է հանգեցնել փակուղային իրավիճակի և արդյունավետ քաղաքականություն իրականացնելու անհնարինության:
  • Այն նպաստում է մասնատված կուսակցական համակարգի ձևավորման, որտեղ փոքր կուսակցություններից կախված կլինի կառավարության ձևավորումը և կայունությունը:
  • Ընտրված ներկայացուցիչ-ընտրող թույլ կապ:
  • Թեկնածուն բավական մեծ կախվածություն ունի այն կուսակցությունից, որը ներկայացնում է:

Անշուշտ, մեծամասնական և համամասնական ընտրակարգերի բնութագրիչները տարբեր պետություններում, պայմանավորված ազգային մտածողության և քաղաքական մշակույթի առանձնահատկություններով, ստանում են տարբեր դրսևորումներ, բացառություն չի կազմում նաև Հայաստանը:

Այնուամենայնիվ, սահմանադարական բարեփոխումների նախապատրաստման գործընթացում որոշում է կայացվել հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի։ Որպես նման որոշման հիմնական փաստարկ` նշվում է այն հանգամանքը, որ միայն համամասնական ընտրակարգի շնորհիվ խորհրդարանը կդառնա առավել ներկայացուցչական, իսկ ընդդիմությունը կստանա առավել մեծ ներկայացվածության հնարավորություն: Ավելին` տարբեր փորձագետներ էլ ընդգծում են, որ ընտրական օրենսգրքի խախտման դեպքերի մեծ մասն արձանագրվում էր հենց մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքներում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության գլխավոր փաստարկներից է Սահմանադրության՝ եվրոպական չափանիշների համապատասխանեցումն ու ժողովրդավարացումը, այս տեսանկյունից հետաքրքիր է հենց խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող եվրոպական երկրների փորձը: Նախ նշենք, որ ԵՄ անդամ 28 երկրից միայն 17-ն է խորհրդարանական հանրապետություն (Ավստրիա, Բուլղարիա, Գերմանիա, Խորվաթիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա): Նշենք նաև, որ չենք առանձնացրել ԵՄ անդամ այն սահմանադրական միապետությունները, որտեղ կառավարման համակարգի լիազորությունների մեծ մասը պատկանում են խորհրդարանին:

Հատկանշական է, որ ԵՄ անդամ խորհրդարանական հանրապետությունների ճնշող մեծամասնությունը՝ 17-ից 14-ի ընտրական օրենսգրքով ամրագրված է միայն համամասնական ընտրակարգն՝ իր տարբեր տեսակներով (կուսակցական ցուցակով, խառը համամասնական, փոխանցելի քվեով և այլ համամասնական ընտրակարգեր): Հատկանշական է, որ ԵՄ անդամ խորհրդարանական հանրապետություններից միայն 3-ում (Գերմանիա, Հունգարիա, Լիտվա) է պահպանված մեծամասնական ընտրակարգը, սակայն այն հանդես է գալիս համամասնականին զուգահեռ, իսկ տվյալ երկրների ընտրական օրենսգիրքում ամրագրված է ընտրությունների անցկացման խառը ընտրակարգը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ցանկացած երկրի ընտրակարգ պետք է հաշվի առնի տվյալ երկրի քաղաքական մշակույթը, աշխարհագրական առանձնահատկությունները և հնարավոր ռիսկերը, որոնք, անշուշտ, ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխության, հատկապես երիտասարդ ժողովրդավարություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: