ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդները քննարկել են հարավկովկասյան հակամարտությունները և ԻՊ-ի դեմ պայքարը

Հարավային Կովկասի հակամարտությունների նմանություններն ու տարբերությունները, Իսլամական պետության գործունեությունն ու դրա դեմ պայքարը քննարկվել են նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած թրեյնինգի ժամանակ:

Թրեյնինգն անցկացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Երիտասարդ քաղաքագետների, տնտեսագետների, պատմաբանների, լրագրողների և տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ զեկույցներով հանդես են եկել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Աննա Կարապետյանը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա հակամարտություններին, դրանց ընդհանուր և տարբերվող բաղադիչներին՝ փորձագետ Աննա Կարապետյանն առանձնացրել է Ղարաբաղյան, Աբխազական և Հարավօսական հակամարտությունները: Անդրադարձ է կատարվել ինչպես դրանց զարգացմանն ու տրանսֆորմացիաներին, այնպես էլ բանակցային գործընթացի զարգացումներին և յուրահատկություններին:

Հակամարտությունների նմանությունների թվում քննարկվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դրանց հիմքում դրված ազգերի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացմանն ուղղված քայլերը, հակամարտությունների կարգավորման որոշ բաղադրիչներ՝ փախստականների վերադարձ, զորքերի դուրսբերման պահանջ, միջազգային խաղաղապահների տեղակայում և այլն: Տարբերությունների թվում առանձնացվել է բանակցային ձևաչափերի յուրահատկությունը՝ մասնավորապես ԼՂՀ բանակցություններում ուղղակիորեն ներգրավված չլինելը, քննարկվել են ձևաչափերից յուրաքանչյուրի արդյունավետությունն ու դրանց հիմքում դրված տրամաբանությունը, անդրադարձ է կատարվել նաև միջնորդների ընտրությանը, դրանց աշխատանքի արդյունավետությանը: Թրեյնինգի մասնակիցները բարձրացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության արդյունավետության հարցն ու քննարկել, թե որքանով է ռիսկային այլ հարթակներում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրների քննարկումը, ինչպես կարելի է կանխել դրանց բացասական ազդեցությունը:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև այն դրույթին, որ ի տարբերություն Ղարաբաղյան հակամարտության՝ Հարավային Օսիան և Աբխազիան, օգտվելով Ռուսաստանի կողմից ճանաչված լինելու հանգամանքից, պաշտոնական համաձայնագիր են կնքել ՌԴ-ի հետ՝ իրենց անվտանգության ապահովման խնդրանքով՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ռուսական զորքերի և զինտեխնիկայի առկայությունն իրենց սահմաններին:

Հակամարտությունների յուրահատկության տեսանկյունից առանձին քննարկվել է նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի հանդեպ Վրաստանի որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորապես դրանց մշակութային, տնտեսական ինտեգրմանն ուղղված ռազմավարությունը: 2012թ.-ից սկսած՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսությունը (փոխարտգործնախարարի և վարչապետի հատուկ բանագնացի մակարդակով) ևս քննարկվել է որպես հակամարտության կարգավորման, կողմերի միջև վստահության կառուցման, տնտեսական հարաբերությունների վերականգնմանն ուղղված կարևոր քայլ:

Մասնակիցներին առաջարկվել է մշակել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության կառուցման միջոցառումներ, որոնք կարող են իրենց նպաստը բերել կողմերի միջև առողջ երկխոսությանն ու առաջ մղել բանակցային գործընթացը: Մասնակիցներն առաջարկել են հակամարտության երեք կողմերի միջև երկխոսության տարբեր հարթակներ՝ ԶՈՒ հրամանատարների, սփյուռքերի ներկայացուցիչների մակարդակով, առաջարկվել է որպես վստահության միջոց վերացնել Ադրբեջանի «սև ցուցակի» քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել տնտեսական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև դիտորդներ ուղարկել միմյանց ընտրություններին, անցկացնել դասագրքերի մոնիթորինգ, կնքել ուժի չկիրառման մասին նոր համաձայնագիր և այլն:

 

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ  պայքարի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, մասնակիցներին ներկայացվել է այսօր տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալող Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ստեղծման նախապատմությունը:  Զեկույցի շրջանակներում փորձագետ Լիանա Հովհաննիսյանը անդրադարձել է նաև պատմական առանցքային այն իրադարձություններին (պատերազմ Աֆղանստանում, Ամերիկյան զորքերի ներխուժում Իրաք, Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալում և այլն), որոնք պարարտ հող նախապատրաստեցին տարածաշրջանում ծայրահեղական ուժերի ձևավորման համար:

Թրեյնինգի ընթացքում հանգամանորեն քննարկվել են նաև տարբեր ահաբեկչական կազմակերպություններին միացող մարդկանց դրդապատճառները: Դրանց շարքում առանձնացվել է վարչակարգի փոփոխության, տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով երկրներում ստեղծված բարդ  տնտեսական իրավիճակը, նախկին վարչակարգի անդամների մարգինալ կարգավիճակը (նախկին պաշտոնյաներ, ովքեր ստեղծված նոր վարչակարգերում այլևս չունեն ինքնադրսևորման հարթակ, այն հաճախ գտնում են տարբեր ահաբեկչական խմբերի կազմում) և այլն:

Թեմայի շուրջ մասնակիցների շրջանակում ակտիվ քննարկվում է ծավալվել այն հարցի վերաբերյալ, թե իրականում արտաքին քաղաքական խաղացողներից (ԱՄՆ, ՌԴ, տարածաշրջանում սուննիական և շիական առանցքի երկրներ) ում շահերից էր ի սկզբանե   բխում «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության հայտնվելը տարածաշրջանում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև այն հնարավոր աղբյուրներին (պետություններ, դոնորներ Ծոցի երկրներից, Արևմուտքից, նավթի եկամուտներ և այլն),  որոնց կողմից ԻՊ-ն ստանում է իր հիմնական ֆինանսական ռեսուրսները:

 Քննարկվել են նաև Իսլամական պետության գործունեությունից Հարավային Կովկասի համար բխող հնարավոր մարտահրավերները: Մարտահրավերների թվում առանձնացվել է ՀՀ հարևան երկրներից (Վրաստան, Ադրբեջան) ԻՊ-ին միացող զինյալների թիվը, տարածաշրջանի հակամարտությունների համատեքստում ծայրահեղական տրամադրություններից աճող մարտահրավերները և այլն:

 Զեկույցին հաջորդող քննարկման կիզակետում տարածաշրջանում վերջին զարգացումներն էին՝ մասնավորապես տարածաշրջանում ռուս-թուրքական շահերի բախումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի  խոցումը: Մասնակիցները անդրադարձել են Թուրքիայի այս քայլի հնարավոր իրական դրդապատճառներին, իրադարձություների զարգացման հնարավոր սցենարներին և ՀՀ-ի՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկերոջ մարտահրավերին՝ բխող այդ սցենարներից:

 Քննարկման վերջում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու սեփական մոտեցումներն ահաբեկչության դեմ միջազգային  պայքարի արդյունավետության շուրջ և հանդես գալու խնդրի լուծման իրենց պատկերացրած առաջարկներով: Մասնակիցները ներկայացրել են նաև իրենց տեսակետը ահաբեկչության դեմ պայքարում ՀՀ որդեգրած ռազմավարության շուրջ: Բարձրացված հարցադրումների շարքում էր՝ արդյո՞ք ՀՀ-ն չպետք է այս հարցում հանդես գա սեփական նախաձեռնությամբ, որի նպատակը կլինի աջակցել պայքարում ընդգրկված իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, բարեկամ Իրանին և ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայում ընդգրկված իր Արևմտյան գործընկերներին:

Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությանը և այս հարցում հնարավոր գործողություներին, ապա մասնակիցների մեծ մասի կարծիքով ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, եթե ահաբեկչության դեմ պայքարող ուժերը՝ մասնավորապես Արևմուտքը և ՌԴ-ն, չմիավորեն իրենց ուժերը՝ ահաբեկչության դեմ պայքարում ստեղծելով միասնական կոալիցիա: Այս հարցում Հայաստանի Հանրապետության հնարավոր դերակատարման վերաբերյալ մասնակիցների առաջարկները տարբեր էին, ինչպես, օրինակ, ՀՀ խորհրդարանի կողմից ԻՊ-ին՝ որպես ահաբեկչական կազմակերպության ճանաչում, ԵԽԽՎ նստաշրջանում ՀՀ պատվիրակության կողմից ահաբեկչությունը դատապարտող բանաձևի նախաձեռնում, ՀՀ-ի՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում տարբեր հումանիտար առաքելություններում ընդգրկում, ինչպես նաև ահաբեկչությունից տուժած երկրներին հումանիտար օգնության տրամադրում և այլն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: