ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական շանտաժն ու Ռուսաստանի զիջումները

© Sasha Mordovets

Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չպլանավորված այցով մեկնեց Ադրբեջան՝ քննարկելու ռազմական տեխնիկայի վաճառքի շուրջ ծագած խնդիրները։ Ըստ արված հայտարարության, կողմերը կարողացան համաձայնության գալ: Ի՞նչ գնով:

Ըստ մամուլում հրապարակված սակավ տեղեկատվության՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այցի վերջում ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «պատասխանատու և վստահելի գործընկերներ են»: Իսկ այցի նախօրեին «Կոմերսանտ»-ում տպագրված հոդվածում ասվում էր, որ այցը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը տնտեսական ծանր վիճակի պատճառով չի կարողանում վճարել Ռուսաստանին նախապես պատվիրած ռազմական տեխնիկայի համար:

Իսկ ի՞նչ են պայմանավորվել կողմերը: Ամենայն հավանականությամբ կա՛մ Ադրբեջանը համաձայնել է վճարել սահմանված գումարը որոշակի հետաձգումներով, կա՛մ Ռուսաստանը համաձայնել է զիջումների գնալ և զեղչեր ապահովել Ադրբեջանին: Երկրորդ տարբերակի դեպքում առավել հավանական է, որ ադրբեջանական պրոպագանդիստական ԶԼՄ-ներն արդեն իսկ հայտարարած լինեին իրենց «դիվանագիտական հաղթանակի» մասին:

Փորձենք հասկանալ կողմերի դրդապատճառները։

Ռուսաստանն այսօր զենքի կարևոր մատակարար է իր ռազմական բյուջեն անվերջ մեծացնող Ադրբեջանի համար: Բացի այդ` ռուս-թուրքական լարված հարաբերությունների պարագայում, երբ շատ զսպիչ մեխանիզմներ դադարել են գործել, Ադրբեջանի համար բավական վտանգավոր է ուղիղ հակազդեցության գնալ Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանում վերջինիս կշիռն ու Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մեծ ազդեցությունը: Լրացուցիչ ճնշումը բանակցային գործընթացում կամ Ադրբեջանի սադրած հրադադարի խախտումների նկատմամբ առավել ուղղորդված ու կոշտ արձագանքները բոլորովին ցանկալի չեն Բաքվի համար:

Զուգահեռաբար Ադրբեջանը ևս փոքր նշանակություն չունի Ռուսաստանի համար: Սիրիական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանը գնաց բազմաթիվ քայլերի՝ կանխելու Ադրբեջանի միացումը թուրք-սաուդական կոալիցիային: Բացի այդ, Ադրբեջանը զենքի խոշոր գնորդ է, և ռազմատեխնիկական այդ համագործակցությունը մեծ եկամուտներ է ապահովում առանց այդ էլ տնտեսական բարդություններ ունեցող Ռուսաստանին:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանը փորձեց օգտվել իրավիճակից և զիջումներ ստանալ Ռուսաստանից: Այստեղ որպես խաղաքարտ շահարկվեց նաև Հայաստանին բավական էժան գնով զենքի մատակարարման և վերջերս հրապարակված զինատեսակների ցանկի հանգամանքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նույնիսկ բողոքի նոտա հղեց Ռուսաստանին, ինչին ի պատասխան՝ Ալիևը զանգ ստացավ Պուտինից, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապեց հայտարարել, որ Ռուսաստանը չի գնա քայլերի, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին:

Ուստի տրամաբանական է, որ չնայած Ադրբեջանի բոլոր հոխորտանքներին ու դժգոհություններին՝ կողմերը հակված էին համաձայնության գալու: Առավել ևս, որ Ադրբեջանի հայտարարությունների զգալի մասը ռևերանս են Թուրքիայի ուղղությամբ՝ որպես փոխհատուցում, որ Բաքուն լիովին չի աջակցում վերջինիս հակառուսական քաղաքականությանը: 

Սակայն մետաղադրամն ունի նաև հակառակ կողմ: Ադրբեջանն արդեն իսկ հարուցել է Թուրքիայի դժգոհությունը և առավել խոցելի է: Տրամաբանական կլիներ, որ այս իրավիճակում Ռուսաստանը տուրք տար ոչ միայն իր տնտեսական շահերին, այլև հիշեր Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ ստանձնած պարտավորությունները: Խոսքը, անշուշտ, այն մասին չէ, որ պետք է պահանջել Մոսկվայից զենք չվաճառել Ադրբեջանին, որն այդ զենքը կիրառում է Հայաստանի՝ իր ռազմավարական դաշնակցի դեմ: Դա որքան էլ բարոյական և ճիշտ կլիներ, այս իրավիճակում անիրատեսական է: Սակայն կարելի է ակնկալել, որ Ռուսաստանն այժմ փորձի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունությունը պահպանելու և սահմանային միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ: Անկայունությունը Հարավային Կովկասում այսօր առավել քան անցանկալի է Մոսկվայի համար: Շատ տեղին կլիներ, որ Ռուսաստանն Ադրբեջանին զիջումների նախապայմանների թվում պահանջեր դադարեցնել արկածախնդրությունը, հրադադարի ռեժիմի խախտումներն ու դիվերսիաները հայկական երկու կողմերի նկատմամբ Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ամերիկյան և եվրոպական կողմերը բավական մեծ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա՝ դրդելով նրան համաձայնություն տալ սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրմանը: Եվ լավ կլիներ, որ Ռուսաստանն էլ միանար այդ ճնշումներին: Դա կարող էր թե՛ զգալի առաջընթաց ապահովել բանակցային գործընթացներում, թե՛ քայլ առաջ կլիներ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների կարգավորման համատեքստում, թե՛ կկանխեր Ադրբեջանի հետագա շանտաժային քաղաքականությունը: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: