ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Ռուսաստանին կայունություն է հարկավոր Հարավային Կովկասում

Ռուսաստանին այժմ առավել քան երբևէ կայունություն է հարկավոր Հարավային Կովկասում: Ռուս-թուրքական լարվածությունն ու Թուրքիայի փորձերը՝ ներքաշել Ադրբեջանին «իր խաղի» մեջ, մեծացնում են Հարավային Կովկասի նշանակությունը Մոսկվայի համար:

 Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից և «ավագ եղբայր», արտաքին քաղաքական բոլոր հարցերում, այդ թվում սիրիական հակամարտությունում և Ռուսաստանի հետ հակասություններում հավակնում է ստանալ Ադրբեջանի միանշանակ և լիակատար աջակցությունը: Դրան էին ուղղված թուրք-սաուդական կոալիցիայի մեջ Ադրբեջանին ներգրավելու փորձերը, ինչպես նաև Դավութօղլուի խոստումները՝ «գործադրել բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»: Սակայն, ինչպես ցույց տվեց քաղաքական գործընթացը, Ադրբեջանին դեռևս հաջողվում է մանևրելով խուսափել հստակ դիրքորոշում որդեգրելուց:

 Ռուսաստանն իր հերթին շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանն առավելապես պասիվ լինի իր քաղաքականության մեջ և չհրահրի անկայունություն տարածաշրջանում՝ Մոսկվայի ուշադրությունը սիրիական զարգացումներից չշեղելու համար: Բացի այդ՝ Թուրքիայի ռազմավարական դաշնակցի «չեզոք» դիրքորոշման շնորհիվ Մոսկվան լուծում է նաև իմիջային խնդիր:

 Այդ նպատակով պաշտոնական Մոսկվան ակտիվ երկխոսություն է վարում թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ: Ադրբեջանի հանդեպ առավելապես օգտագործվում է «բլիթի և մտրակի» ռազմավարությունը: Այսպես, Մոսկվան մի կողմից հրապարակեց Հայաստանին մատակարարվող զինատեսակների ցանկը, մյուս կողմից շտապեց ԱԳՆ մակարդակով հավաստիացնել, որ որևէ քայլ չի անի՝ հակասող Ադրբեջանի շահերին: Ադրբեջանի կողմից զինատեսակների գնման հետ խնդիրների առաջանալուն պես Բաքու շտապեց ՌԴ փոխվարչապետը, ով ամենայն հավանականությամբ, զիջումների գնալով, հարթեց խնդիրը: Զուգահեռ՝ Վլադիմիր Պուտինը համաձայնություն տվեց հակաօդային Պաշտպանական համակարգի խմբին՝ Հայաստանի միանալուն:

 Այլ կերպ ասած՝ Մոսկվան բալանսավորված խաղ է տանում Երևանի և Բաքվի հետ՝ փորձելով ապահովել մի կողմից Ադրբեջանի «չեզոքությունը», մյուս կողմից Հայաստանի հնարավորինս զուսպ արձագանքը:

 Այս համատեքստում բարդ չէ պատկերացնել, թե ինչ հարցեր են քննարկվելու մարտի 10-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ: Հայաստանն իր դժգոհությունը պետք է հայտնի Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի, ինչպես նաև սահմանային շարունակվող միջադեպերի ու ադրբեջանական սադրանքների կապակցությամբ: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Իրանի հետ համագործակցության ընդհանուր ծրագրերն ու երկկողմ օրակարգի այլ հարցեր:

 Ռուսաստանը, օգտվելով ստեղծված իրավիճակից և Ադրբեջանի ու Հայաստանի հետ տարվող ակտիվ քաղաքականությունից, կարող է իր համար շատ շահեկան իրավիճակ ստեղծել: Դրա բանալին կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության հրադադարի վերահսկողության մեխանիզմի համաձայնեցման հարցում հնարավոր ներդրումը: Այս հարցն այսօր օրակարգային է ԵԱՀԿ ՄԽ թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպացի համանախագահների համար, և Ռուսաստանի կողմից որոշակի քայլերը, որոնք կդրդեն Ադրբեջանին տալ իր համաձայնությունը, կարող են միանգամից մի քանի թիրախների հարվածել: Նախ դա զգալիորեն կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչը, ինչպես նշեցինք, այսօր առաջնային է Մոսկվայի համար: Բացի այդ՝ զգալիորեն կմեծացնի Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Դա կարող է թե՛ զսպիչ գործոն դառնալ Թուրքիայի համար, թե՛ նպաստել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում բալանսների փոփոխությանն ու Մոսկվայի դիրքերի ամրապնդմանը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
04.12.2020
   
05.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: