ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր շեշտադրումներ հայ-վրացական օրակարգում

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Հատկանշական է, որ մարտի 24-ին Զվարթնոց օդանավակայանում ահաբեկչության մասին ահազանգը չի դարձել Վրաստանի արտգործնախարարի այցի հետաձգման պատճառ, և նա Հայաստան է ժամանել ավտոմեքենայով:

Ջանելիձեի այցն իր բնույթով ճանաչողական էր: Նա իր պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո նախարարների կաբինետում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում: Նշենք, որ Վրացական երազանքի իշխանության գալուց ի վեր (2012թ) Վրաստանում արդեն փոփոխվել է 4 արտագործնախարար: Հետաքրքրական է նաև այն, որ երևանյան այցին նախորդել էր Ջանելիձեի այցը Բաքու, ինչը, կարծես, խոսում է Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմքում դրված հարաբերությունների համաչափ զարգացման սկզբունքի մասին:

Միխեիլ Ջանելիձեն այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Չնայած սա Ջանելիձեի առաջին այցն էր Հայաստան՝ արտագործնախարարի պաշտոնում, սակայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նա արդեն հասցրել էր հանդիպել դեռ փետրվարին՝ Մյունխենում կայացած Անվտանգության համաժողովին:

Վրաստանի արտգործնախարարի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների հիմնական թեմաները եղել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը և համագործակցության այնպիսի ոլորտային ուղղություններ, ինչպիսիք են՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկան, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական փոխգործակցությունը և զբոսաշրջությունը:

Քննարկումների ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել հարավկովկասյան հակամարտություններին: Վերջին շրջանում այս խնդրի հետ կապված վրացական իշխանությունների ադրբեջանամետ դիրքորոշումը, բնականաբար, չէր կարող դուրս մնալ Երևանի ուշադրությունից: Դրա ամենաթարմ դրսևորումներից էր ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերի նախագծերին վրաց խորհրդարանականների «կողմ» քվեարկությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, բարձրացրել են Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Թբիլիսիի հարաբերական հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտությունը: Թերևս այս մասին է վկայում նաև արտգործնախարարների հանդիպումից հետո Նալբանդյանի այն հայտարարությունն, ըստ որի՝ «կարևոր է, Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»: Նույն խնդիրը բարձրաձայնվել է նաև Սերժ Սարգսյան-Միխեիլ Ջանելիձե հանդիպման ժամանակ:  Կողմերը, մասնավորապես, կարևորել են նաև երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:

Երկկողմ հարաբերություններին առնչվող մյուս կարևոր թեման եղել է տնտեսական փոխգործակցության խորացման խնդիրները: Այս առումով կարելի է նշել, որ ՀՀ նախագահի կողմից դեռ երկու տարի առաջ շրջանառության մեջ դրված այն բանաձևը,  թե «տարբեր ինտեգրացիոն վեկտորները ոչ միայն չեն խոչընդոտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այլ ընդհակառակը՝ լրացուցիչ հնարավորություն են ստեղծում միմյանց համար» դեռևս լիարժեք կյանքի չի կոչվել: Եթե բանաձևի առաջին մասը հստակ արմատավորվել է կողմերի ընկալումներում (այդ մասին են վկայում բարձր մակարդակով արվող հայտարարությունները), ապա երկրորդ մասի՝ «նոր հնարավորությունների իրացման» հետ կապված, կարծես թե կողմերը դեռևս չեն կարողացել ձևավորել փոխգործակցության հստակ մեխանիզմներ: Տվյալ խնդիրն այս անգամ ևս բարձրաձայնվել է հայ-վրացական հանդիպումների ընթացքում:  Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Միմյանց համար ստեղծված նոր հնարավորություններից օգտվելու և ընդհանուր տնտեսական փոխգործակցության խթանման համար բարձրաձայնվել է նաև անհրաժեշտ մեխանիզմի՝  տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվության անհրաժեշտությունը:

Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացան խնդրի բարձրաձայնումը Երևանի կողմից միանշանակ արդարացի պահանջ է: Դեռ 1997թ-ին ձևավորված Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 9-րդ նիստը տեղի է ունեցել 2011թ-ին, իսկ 10-րդ նիստի գումարումն անհասկանալի պատճառներով ձգձգվում է: Սակայն այս ընթացքում Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, անդամակցությունը ԵՄ ազատ առևտրի գոտուն, ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մի շարք այլ գործընթացներ ստեղծել են տարածաշրջանային նոր իրողություններ, և երկու հարևան և տնտեսական սերտ կապեր ունեցող երկրների կողմից շուրջ 5 տարի տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստ չգումարելն առնվազն կարելի է որակել որպես կողմերի մեծ թերացում: Հայ-վրացական հարաբերությունները, կարծես թե, հետ են մնացել տարածաշրջանային զարգացումներից և օր առաջ անհրաժեշտ է լրացնել բացթողումը՝ կազմակերպելով Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի  «ուշացած» 10-րդ նիստը՝ սահմանելով բավական հագեցած օրակարգ:

Ջանելիձեի՝ հայաստանյան այցի ընթացքում իրականացված քննարկումների թեմատիկ երրորդ բլոկը կարելի է բնորոշել որպես հումանիտար-մշակութային: Այս համատեքստում կողմերն ուշադրություն են դարձրել զբոսաշրջային հոսքերի, Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման և այլ խնդիրներին: Հարկ է նշել, որ վերջին շրջանում այս ոլորտում նկատվում է հայկական և վրացական կողմերի փոխըմբռնման մակարդակի և փոխգործակցության արդյունավետության աճ, ինչի օրինակ է Թբիլիսիի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման ծրագիրը:

Եթե փորձենք ամփոփել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հայաստանյան այցի ընթացքում կայացած հանդիպումները, կարող ենք նշել, որ դրանց ընթացքում հայկական կողմը փորձում է առնվազն նոր շեշտադրում ներմուծել երկկողմ հարաբերություններ. 1.Վրաստանի դիրքորոշման բալանսավորումը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, 2.երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներից միմյանց համար առաջացող հնարավորությունների պրակտիկ իրացման անհրաժեշտությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: