ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի արձագանքն ադրբեջանական «բլիցկրիգին»

Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարվող ռազմական գործողությունները հրավիրել էին ողջ համաշխարհային մամուլի և տարբեր երկրների առաջնորդների ուշադրությունը: Մասնավորապես՝ եվրոպական երկրներն անմիջապես արձագանքել էին տեղի ունեցածին՝ դատապարտելով զինված հակամարտությունն ու հնչեցնելով հիմնականում ընդհանրական կոչեր երկու մարտնչող կողմերի հասցեին էլ:

Եվրոպայի խորհուրդը կոչ էր արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կորուստների:

«Սարսափած եմ և խորապես մտահոգված Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում թշնամական գործողությունների աճով: Կոչ եմ անում կողմերին պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում երաշխավորված կյանքի իրավունքը և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին: Սա մարդասիրական հրամայական է»,- մասնավորապես նշել էր ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Իսկ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին ողջ ԵՄ անունից կոչ էր արել դադարեցնել բռնությունները հակամարտության գոտում:

ԵԽԽՎ  ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը, ով հայտնի է իր խիստ ադրբեջանամետ հայացքներով, ասել էր, թե իբր «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, հայկական զորքերը պետք է անհապաղ հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ արտակարգ բանաձև է ընդունել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձիք են, ներառյալ` երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,- ասված է արտակարգ բանաձևում:

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը ևս հորդորել է կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Ղարաբաղյան հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով` Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- հայտնել է Լիդինգտոնը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել  նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Ես խորապես մտահոգված եմ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների էսկալացիայի և քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու համար: Համանախագահներն այս հարցում ունեն իմ լիակատար աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետության»,- հաղորդել է Շտայնմայերը:

Ինչ վերաբերում է եվրոպական լրատվամիջոցներին, ապա ամենաառաջինը Euronews-ն է կադրեր հրապարել մարտական գործողությունների վայրից` հայտնելով ադրբեջանական ոչ միայն ուղղաթիռի, այլ նաև տանկերի խոցման մասին: Իսկ հեղինակավոր բրիտանական BBC-ն, օրինակ, նաև անդրադարձ է կատարել հակամարտության պատմությանը և 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմին:

Ամեն դեպքում, ցավալի է, որ ԶԼՄ-ների գրեթե մեծամասնությունն տվել է շատ մակերեսային և ընդհանրական լրատվություն՝ առանձնապես խորամուխ չլինելով պատերազմի պատճառների, ընթացքի, կամ առավել ևս հրադադարի խախտումների և պատերազմը հրահրողների շարժառիթների ու դրդապատճառների մեջ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: